Նոյեմբերի 28-ին աշխատանքները շարունակեց ՀՀ սփյուռքի նախարարության, Ռուսաստանի հայերի միության, «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության և Նիժնի Նովգորոդի «Իմաստ» երիտասարդական ընկերակցության հետ համատեղ անցկացվող Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայկական երիտասարդական կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների երկրորդ համաժողովը:
Համաժողովի մասնակիցներն այցելեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ծաղկեպսակ և ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ:
Այնուհետև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում շարունակվեցին համաժողովի աշխատանքները:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց համաժողովի մասնակիցներին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու համար, կարևորեց երիտասարդների մասնակցությունը Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: Նա մասնավորապես նշեց. «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում իրականացվող աշխատանքները տարվում են 7 ուղղությամբ.
Առաջինը՝ քաղաքական պայքարն է, որը հաջողությամբ իրականացվում է տարբեր ատյաններում:
Երկրորդ կարևոր ուղղությունը քարոզչական գործունեությունն է, որը նույնպես աննախադեպ ակտիվացավ հատկապես վերջին տարիներին:
Երրորդը՝ գիտական, գիտա-հետազոտական աշխատանքն է, և չմնաց որևէ հեղինակավոր գիտական հաստատություն ամբողջ աշխարհում, որ չանդրադարձավ այդ թեմաների ուսումնասիրությանը:
Չորրորդ կարևոր ուղղությունը տպագրությունները, հրատարակությունները, գրքերն են, այդ թվում նաև օտար գրողների գործերը, որոնց միջոցով աշխարհին ճանաչելի ենք դարձնում մեր պատմությանը:
Հինգերորդ ուղղությունը կրթա-մշակութային միջոցառումներն են՝ ցուցահանդեսները, համերգները, հանդիպումները:
Կարևոր է համայնքային ակտիվ գործունեությունը, որի շնորհիվ այսօր աշխարհում Ցեղասպանության հիշատակը հավերժացնող 400-ից ավելի հուշարձան է կառուցվել:
Յոթերորդը՝ բոլոր երկրներում, համայնքներում եկեղեցական ձեռնարկների, պատարագների կազմակերպումն է: Ահա այս յոթ հարցերի շուրջ համախմբվեց մեր ազգը:
Այս տարի պետք է շարունակենք 100+1, ապա 100+2 նշանաբանով և նաև ձեր մասնակցությամբ Հայ Դատը պետք է հասցենք հաղթական հանգրվանի»:
Համաժողովի մասնակիցներին ներկայացվեց բանաստեղծուհի Սոնա Վանի պոեզիան ներկայացնող Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված՝ «Լիբրետո անապատի համար» ֆիլմը:
«Հայաստանի շահերի լոբբինգի իրականացում» թեմատիկ քննարկման շրջանակում զեկույցով հանդես եկավ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը: Ողջունելով աշխարհի տարբեր երկրների երիտասարդներին Հայրենիքում մեկտեղելու նախաձեռնությունը՝ նա կարևորեց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին երիտասարդների մասնակցությունը: Նա մասնավորապես նշեց. «Հատկապես կարևոր է ձեր համակարգված, հետևողական աշխատանքը՝ Հայաստանի և հայ ժողովրդի մասին ճշմարտությունը աշխարհին ներկայացնելու գործում: Հակառակորդի դավերն ամենուր են: Թուրքիայի հսկայական ֆինանսական հոսքերն ուղղված են մեր պատմության նենգափոխմանը: Սակայն տարեցտարի ավելանում է Ցեղասպանությունը ճանաչած երկրների թիվը: Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ կատարված նպատակասլաց աշխատանքի արդյունքը ցույց է տալիս, որ հայությունը կարող է հասնել լուրջ արդյունքների:
Մեր հայրենիքի և հայ ժողովրդի իղձերի իրականացման համար հետևողական, լուրջ աշխատանքը միջազգային ասպարեզում մեծապես կախված է հայ երիտասարդներից, առանց որոնց ոչ մի աշխատանք լիարժեք չի լինի»:
«Բարեգործություն. սոցիալական ուղղվածության բիզնեսը՝ որպես բարեգործական գործունեության ձև, աջակցություն Հայրենիքին, բիզնեսի տեղափոխություն Հայրենիք» թեմայով զեկուցումով հանդես եկավ Համաշխարհային հայկական Ոստայնի վարչության անդամ Իոնա Հոբոսյանը:
Ծավալվեց աշխույժ քննարկում: Ժամանակակից աշխարհում մեր ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների վերաբերյալ հարցերին պատասխանեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը: