Երեւանի ավագանու ընտրություններում Հայ ազգային կոնգրեսի ցուցակը գլխավորող Վահագն Խաչատրյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ հավասար մրցակցային պայմանների դեպքում իշխանությունը հաղթելու շանս չի ունենա. «Ժողովուրդը իշխանությունից հոգնել է, ուրիշ կոպիտ բառեր չեմ ցանկանում ասել»:
-Պարո՛ն Խաչատրյան, փաստորեն ՀԱԿ-ը ՀՀ նախագահի ընտրություններից ավելի է կարեւորում Երեւանի ավագանու ընտրությունները: Առաջինին դուք չմասնակցեցիք, իսկ ահա ավագանու ընտրություններին ոչ միայն մասնակցում եք, այլեւ հայտարարում, թե գնում եք հաղթելու: Քաղաքապետի պաշտոնն ավելի՞ կարեւոր է, քան երկրի նախագահինը:
-Ամենեւին էլ ո՛չ: Սա ավելի շատ զուտ քաղաքական նպատակահարմարության հարց է: Իսկ թե ինչու չմասնակցեցինք նախագահական ընտրություններին, մեր բացատրությունն արդեն տվել ենք` ելնելով այն ժամանակվա քաղաքական իրավիճակից: Փաստորեն, բացի Րաֆֆի Հովհաննիսյանից, նախագահական ընտրություններին մասնակցելուց հրաժարվեցին ԱԺ-ում ներկայացված հիմնական քաղաքական ուժերը: Մի ուրիշ հանգամանք կար, որը, ի դեպ, հիմա էլ չի փոխվել. Ընտրական օրենսգրքի փոփոխություններ էինք նախաձեռնել, որն ամբողջ ընտրական գործընթացը կդարձներ թափանցիկ: Իսկ հիմա իրավիճակ է փոխվել, բոլոր կուսակցությունները որոշել են մասնակցել, եւ հնարավորություն կա միասնական ուժերով Երեւան քաղաքում իշխանությունը փոխել:
-Դուք արդեն զբաղեցրել եք Երեւանի քաղաքապետի պաշտոնը եւ ավելի լավ եք տիրապետում իրավիճակին, Ձեր կարծիքով՝ ընտրվելու դեպքում ի՞նչը կկարողանաք փոխել քաղաքում եւ ի՞նչ ռեսուրսներով:
-Այն ժամանակ, երբ ես էի քաղաքապետը, հանրապետությունում ուրիշ սոցիալ-տնտեսական վիճակ էր, որին գումարվել էր ղարաբաղյան պատերազմը: Հիմա հակառակն է` ամեն ինչ կա, բայց չկա ժողովրդի հավատն ու ձգտումը: Ես կարող եմ ասել, որ 20 տարիների ընթացքում որեւէ լուրջ աշխատանք՝ շենքերի, վերելակների նորացման, թարմացման ու նման հարցերի հետ կապված, չի կատարվել: Երեւանի շենքերի 80 տոկոսը վթարային է: Ճիշտ է, մեր ժամանակ կանաչ տարածքների հետ կապված խնդիրներ կային՝ ցուրտ էր, մարդիկ ծառերը հատում էին, բայց որ այսօր է կանաչը վերանում, ինձ համար արդեն անհասկանալի է:
-Ձեր ընդդիմախոսները պնդում են, որ Դուք ժամանակին այնքան էլ լավ չեք կառավարել քաղաքը, Ձեզ «թույլ» քաղաքապետ են համարում: Ինչպե՞ս կհակադարձեք:
-Ես չգիտեմ, թե դա որ ընդդիմախոսն է եւ ինչ չափանիշներից ելնելով է այդպես համարում: Բայց ես քաղաքը ղեկավարել եմ այնքան, որքան իմ լիազորություններն են թույլ տվել: Ես ընտրվել եմ խորհրդի կողմից, չեմ նշանակվել:
-Կարծես թե այս անգամ բոլոր թեկնածուների հնարավորությունները հավասարաչափ են բաշխված՝ գոնե արտաքուստ: Ձեր հաղթանակի շանսերը ինչպե՞ս եք գնահատում:
-Հիմա այդ ամենն «օրինական» ձեւով է արվում: Թեկուզ պաստառների հետ կապված` էլի հավասար պայմաններ չեն: Մենք մասնակցել ենք մրցույթի ու վահանակների բավական տեղեր ենք շահել, ունենք թվով ամենաշատը` 59 տեղ: Սակայն եթե հիմա Երեւանում շրջեք, կտեսնեք, որ իրենց տեղերն ավելի շատ են: Շենքերի վրա փակցված են (պաստառներ-Ս.Գ.), որի իրավունքը մենք չունենք: Երբ որ դիմում ենք, ասում ենք` այդ ինչպես է եղել, որ շենքերի վրա այդ ամեն ինչը կա, պարզվում է՝ հատուկ կարգ կա, եթե համատիրության, բնակչության համաձայնությունը կա, կարելի է: Հիմա ես սա չեմ ասում իբրեւ բողոք: Ուղղակի օրենքի պահանջների խստությունը մեզ վրա ազդում է, մենք ենթարկվում ենք, իրենք` ոչ: Այս դեպքում մեր շանսը ժողովուրդն է. թե ինչքանով ժողովուրդը մեզ կլսի, կընկալի, մենք ուրիշ ակնկալիք չունենք:
-Այս անգամ ընդդիմադիր թեկնածուներն ավելի շատ են…
-Դա օգտակար է այն առումով, որ հիմա քաղաքական ոչ իշխանական ուժերը հնարավորություն ունեն իրենց համակիրներին ուղղակի կոչով դիմել՝ ասելով, որ ունեք հնարավորություն` ՀՅԴ-ին ընտրեք, «Ժառանգությանը», Կոնգրեսին եւ այլն: Հետո մենք կգնանք այնտեղ, կմիանանք ու կորոշենք` ով է քաղաքապետը:
-Երեւանի ավագանու նախորդ ընտրությունների ժամանակ ՀԱԿ առաջնորդը եւս իր թեկնածությունն առաջադրեց, սակայն հաղթեց Գագիկ Բեգլարյանը: Եվ դա այն դեպքում, երբ այն ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանի հաղթանակի շանսերն անհամեմատ մեծ էին: Այս անգամ ինչի՞ վրա է հիմնված Ձեր լավատեսությունը:
-Այն ժամանակ` 2008թ.-ից հետո… քաղբանտարկյալներ… Հիմա իրավիճակ է փոխվել, անցել է 4 տարի, մենք ունենք պառլամենտական ֆրակցիա եւ որոշեցինք այս կազմով մասնակցել: Ամենայն հավանականությամբ, իմ ընկերներն իմ ընտրության վրա կանգ են առել` հաշվի առնելով իմ փորձն ու Երեւանում ճանաչվածությունը: Ես էլի եմ ասում, եթե հավասար մրցակցային պայմաններ՝ նախընտրական եւ ընտրական պրոցեսի հավասարություն լինի, իշխանությունը ոչ մի տեղ հաղթելու շանս չունի: Ժողովուրդն իշխանությունից հոգնել է: Ուրիշ կոպիտ բառեր չեմ ցանկանում ասել:
«ՄԵՐ ՇԱՆՍԸ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ