ՀԱԿ-Ը ՀՀԿ-ԻՆ ՉԶԻՋԵՑ ԻՐ ՃՈԽՈՒԹՅԱՄԲ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ընտրվել է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության նախագահ, իսկ նրա տեղակալներն են լինելու Լեւոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը. այս որոշումները կայացվել են շաբաթ օրը Մարզահամերգային համալիրում տեղի ունեցած ՀԱԿ համագումարում: Բացի այդ, ՀԱԿ-ն ընտրել է 45-հոգանոց վարչություն, որի 22 անդամին առաջադրել էր ՀՀՇ-ն, 22-ին` ՀԱԿ կուսակցության նախաձեռնող խումբը, իսկ կուսակցության նախագահն էլ ի պաշտոնե է մտել վարչության կազմ:
Նկատենք, որ ՀԱԿ-ը ջանացել էր համագումարը հնարավորինս ճոխ անցկացնելու հարցում, եւ դա ստացվել էր. նախ՝ դահլիճն էր ներկայանալի, բացի այդ, ե՛ւ նախասրահում, ե՛ւ դահլիճում հսկայական պաստառներ էին փակցված՝ «Հայ ազգային կոնգրես կուսակցություն», «Պայքար, պայքար մինչեւ վերջ» գրառումներով:
Համագումարին ներկա էին ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն ու ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը, նաեւ ՀԱԿ դաշինքի մաս կազմող ՀԺԿ եւ ՍԴՀԿ ներկայացուցիչները: Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը չկային:
Արամ Մանուկյանն իր ելույթում ասաց, թե ՀԱԿ կուսակցությունն ավելին է, քան օրենսդրության մեջ կուսակցության բնորոշումը կամ սահմանումը: «Այն ավելի ընդարձակ միություն է, ավելի շատ իրավունքներով եւ ազատ կապով քաղաքացիների, շարժման ակտիվիստների եւ համակիրների հետ»,-նշեց նա` հավելելով, որ ՀԱԿ հնարավորությունները բավարար են Երեւանի ավագանու ընտրություններում մայրաքաղաքը «ռեժիմի ճիրաններից ազատագրելու համար»:
Լեւոն Զուրաբյանը կարեւորեց այն հանգամանքը, որ ՀԱԿ-ի անդամ են 1988թ. ստեղծված «Ղարաբաղ» կոմիտեի անդամները, շարժման ակտիվ մասնակիցները, մյուս կողմից` 2007թ. սկիզբ առած շարժմանն անդամակցած երիտասարդները: «Այսպիսի ուժով արդյո՞ք մենք դատապարտված չենք հաղթելու»,-նշեց նա` հավելելով, որ Հայաստանում ստեղծվել է հեղափոխական իրավիճակ:
ՀԱԿ-ի հետ համագործակցության պատրաստակամության մասին հայտարարեցին հրավիրված կուսակցությունների ներկայացուցիչները: Արմեն Ռուստամյանը նշեց, թե կարեւոր է հետընտրական դաշինք կազմելը: «Եթե հնարավոր չլինի մեկ անգամից անմիջապես ընտրել ընդդիմադիր քաղաքապետ, դա հնարավոր է կատարել ավագանու ներսում, այդ հետընտրական դաշինքը ունենալով՝ ունենալ ընդդիմադիր քաղաքապետ»,-ասաց նա: Իսկ Ստեփան Մարգարյանը հավելեց, թե «քաղաքական ուժերի միջեւ անկեղծ համագործակցությունը խնդիրների լուծման եւ մարտահրավերների դիմակայման առումով  այլընտրանք չունի»: ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանն էլ, թվարկելով երկրի առաջ ծառացած մարտահրավերները, իր կուսակցության անունից հավաստիացրեց, որ իրենք պատրաստ են համագործակցել թե՛ նորաստեղծ կուսակցության, թե՛ ՀԱԿ դաշինքի մեջ մտնող կուսակցությունների հետ` երկրում սահմանադրական կարգի, օրինականության հաստատման համար:

ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ




Լրահոս