Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրելու համար ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ՀԱԿ նախաձեռնությունը լուրջ աժիոտաժ է առաջացրել իշխանական կուլիսներում: Ու չնայած իշխող մեծամասնությունն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ խոստացել էր կողմ քվեարկել ՀԱԿ նախագծին՝ մեկ պայմանով, որ հարցը քննարկվի ու հանձնաժողովը ստեղծվի նախագահական ընտրություններից հետո, սակայն հիմա ՀՀԿ-ականները փորձում են նոր նախապայմաններ առաջ քաշել հարցը տապալելու համար:
2008թ. մարտի 1-ի դեպքերի օրը իրավապահ մարմինները` ոստիկանությունը, ԱԱԾ-ն, ՀՔԾ-ն, ԶՈՒ-ն եւ գլխավոր դատախազությունը ղեկավարած անձինք ընդդիմության նախագծի վերաբերյալ իշխանական կուլիսներում աղմուկ են բարձրացրել: Ընդ որում, գործը հասել է ընդհուպ մինչեւ Սերժ Սարգսյանին. «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն անձամբ է այս թեմայի մասին նրա հետ խոսել: Նույն աղբյուրների պնդմամբ՝ Ս. Սարգսյանի հետ այդ թեմայով զրուցել է նաեւ պաշտպանության նախկին նախարար, այժմ Սարգսյանի խորհրդական Միքայել Հարությունյանը: Ու այս ամենից հետո ՀՀԿ-ականները մտածել են հնարավորինս լավ պատրվակ՝ ընդդիմության առաջարկը մերժելու համար:
Ճիշտ է, գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանն այս լուրը հերքեց` ասելով, որ ասեկոսեներն ու բամբասանքները չի մեկնաբանում: Սակայն խոստովանենք` զարմանալի կհնչեր, եթե իշխանական կառույցները պաշտոնապես հաստատեին նման տեղեկատվությունը:
Պատահական չէ, թե ՀՀԿ-ականներից կոնկրետ ովքեր էին ԱԺ-ում դեմ արտահայտվում այս նախագծին. կոնկրետ իրավաբանական ձեւակերպումներով նախագիծը քննադատեցին ոչ իրավաբան պատգամավորներն ու գլխավոր դատախազի նախկին օգնական, այժմ ԱԺ պատգամավոր Կորյուն Նահապետյանը: Ճիշտ է, Նահապետյանը չի համարվում գլխավոր դատախազի անմիջական կադրը, բայց իր նախկին ղեկավարի հետ պահպանում է ջերմ հարաբերություններ: Ու տեսակետ կա, որ ՀԱԿ նախագծի դեմ այս արշավը հենց Նահապետյանն է կոորդինացրել` որպես մասնագետ օգնելով իր գործընկերներին ելույթները գրելիս: Իսկ 2008թ. մարտի 1-ին ՀՀ ոստիկանապետի պաշտոնը զբաղեցրած եւ այդ իրադարձությունների ժամանակ ոստիկանների գործողությունները համակարգած Հայկ Հարությունյանն էլ իր հերթին է հայտարարել, թե ոչ մի նոր հանգամանք չկա՝ մարտի 1-ի հետ կապված. «Դե երեւի բանուգործ չունեն»: Մյուս կողմից, պատահական չէ, որ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը, որը տարիներ շարունակ, մեղմ ասած, լարված հարաբերություններ է ունեցել գլխավոր դատախազի հետ, ընդհակառակը, կողմ էր այս նախագծի ընդունմանը:
Հարկ է նկատել, որ իրավապահներն անհանգստանալու լուրջ առիթ ունեն. ընդդիմության առաջարկած հանձնաժողովը պետք է նաեւ ուսումնասիրի «ՀՀ ոստիկանության, ՀՀ հատուկ քննչական ծառայության եւ ՀՀ գլխավոր դատախազության ձեռնարկած գործողությունների օրինականությունն ու հիմնավորվածությունը»: Իսկ որ այս առումով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը կարող է լրջագույն փաստեր բացահայտել, որեւէ մեկը չի կասկածում. մարտի 1-ի քրեական գործերն այնքան փնթիությամբ են կազմվել, որ իրավաբան պետք չէ լինել` տեսնելու համար, որ այդ ամենի նպատակը մարտի 1-ն ընդդիմության վրա բարդելու անհաջող փորձ էր: Պատահական չէ, որ հիմա ՀՀԿ-ականները ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագծի մասին խոսելիս դեմ են արտահայտվում հանձնաժողովին վերապահվելիք ֆունկցիաներին, մասնավորապես երկու ձեւակերպման. «Հանձնաժողովը ծանոթանում է քրեական գործերի նյութերին՝ պահպանելով նախաքննության տվյալների գաղտնիությունը» եւ «Հանձնաժողովի որոշմամբ հրավիրում են պաշտոնատար անձանց, հանրային ծառայողների, իսկ քաղաքացիների համաձայնությամբ նաեւ քաղաքացիների՝ հանձնաժողովում քննարկվող հարցերի վերաբերյալ նրանցից պարզաբանումներ ստանալու նպատակով»:
Երեկ այս առնչությամբ զրուցեցինք նաեւ Կորյուն Նահապետյանի հետ: Սական նա հերքեց այս տեսակետները, նաեւ հավելեց, որ ԱԺ-ում իր ելույթի սկզբում է հայտարարել, որ արտահայտած դիրքորոշումը որեւէ կապ չունի դատախազությունում նախկինում աշխատելու հետ: «Եթե պատգամավորը որոշակի դիրքորոշում է արտահայտում, ապա իր դիրքորոշման ձեւավորման հարցում որոշակի բաղադրիչներ կան: Ես ձեւակերպել եւ արտահայտել եմ իմ դիրքորոշումը, որը որեւէ առնչություն չունի դատախազությունում նախկինում աշխատած լինելու հետ»,-ասաց նա` հավելելով, որ ինքը կաշկանդված չէ իր նախկին պաշտոններով: Իսկ Դավիթ Հարությունյանն էլ այս կապակցությամբ ասաց, թե ինքը չէր ուզենա մեկնաբանել նման տեսակետները: «Իսկ մենք հանձնաժողովի ստեղծմանը տվեցինք դրական եզրակացություն, որովհետեւ համարում ենք սա եւս մի շանս, որը բաց թողնել չի կարելի»,-նկատեց նա` նշելով, որ եթե ոչ հիմա, ապա մի օր նման հանձնաժողով պիտի ստեղծվի:
Հավելենք, որ իշխանության ներկայացուցիչները չեն ցանկանում հատկապես Գագիկ Ջհանգիրյանին օժտել «դատախազի» իրավունքներով, որպեսզի չկարողանա քրգործերը «փորփրել»:
ՈՒԺԱՅԻՆՆԵՐԸ ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆ ՄԱՐՏԻ 1-ԻՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ