ԼՂՀ-ում քննարկել են ամառային զորակոչի խնդիրները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 28-ին ԼՂՀ մշակույթի և երիտասարդության պալատում տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն՝ նվիրված 2015թ. ամառային զորակոչի արդյունքների ամփոփմանը և 2015թ. ձմեռային զորակոչի խնդիրների քննարկմանը: Խորհրդակցությանը ներկա էին ՊԲ բարձրաստիճան սպայակազմը, ԼՂՀ կառավարության անդամներ, ուժային կառույցների և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ:

Խորհրդակցությունը բացել և ներածական խոսքով հանդես է եկել ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը: Նախարարի ներածական խոսքին հաջորդել է հանրապետության գլխավոր զինկոմի զեկույցը, որում մանրակրկիտ վերլուծության են ենթարկվել ընթացիկ տարվա ամառային զորակոչի արդյունքները, շեշտվել արձանագրված ձեռքբերումներն ու թերացումները, իսկ այնուհետև ներկայացվել է ձմեռային զորակոչի նախապատրաստման ուղղությամբ իրականացված աշխատանքների համալիրը: Հանրապետության զինկոմը ներկաներին նաև հավաստիացրել է, որ ձմեռային զորակոչի նախապատրաստական գործընթացների լիարժեք կատարման արդյունքում՝ այսօր առկա են բոլոր նախապայմանները զինված ուժերի հերթական համալրումը հաջողությամբ իրականացնելու համար:

Նախորդ և սպասվող զորակոչին վերաբերող հարցերի շրջանակն էր ընդգրկում նաև ՊԲ կազմզորահավաքային բաժնի պետի զեկույցը: Բավարար գնահատելով ամառային զորակոչի ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները՝ ելույթ ունեցողը խորհրդակցության մասնակիցների ուշադրությանը ներկայացրեց նաև զորամասերում և ստորաբաժանումներում՝ նոր համալրման ընդունման ուղղությամբ իրականացված ու իրականացվող գործընթացների ընդհանուր վիճակը:
Օրակարգային հարցերի շուրջ հանդես եկան նաև հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարը, առողջապահության նախարարի տեղակալն ու Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավարը:

Զեկույցներից ու ելույթներից հետո ներկայացվել է ԼՂՀ պաշտպանության նախարարի “2015թ. ամառային զորակոչի արդյունքների մասին” հրամանը, համաձայն որի նախորդ զորակոչի նախապատրաստման և կազմակերպման ընթացքում աչքի ընկած մի շարք զինծառայողներ ու քաղաքացիական գերատեսչությունների աշխատակիցներ արժանացել են շնորհակալության, պարգևատրվել պատվոգրերով և հուշանվերներով:
Խորհրդակցությունն ավարտվել է ԼՂՀ պաշտպանության նախարարի ամփոփիչ խոսքով: Օրակարգային հարցերի շուրջ իր նկատառումները ներկայացնելով խորհրդակցության մասնակիցներին՝ հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավարը մեկ անգամ ևս ներկաների ուշադրությունն է հրավիրել նախատեսվող գործընթացների ճիշտ և անթերի կազմակերպման վրա և դրանց կատարման ուղղությամբ տվել համապատասխան հանձնարարականներ:




Լրահոս