Ապրիլի 12-ին Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի 17 տան բակում հայտնի գործարար Ալբերտ Ղարիբյանի (Չինացի Աբո) որդին կախվելու միջոցով ինքնասպանություն էր գործել: Հաջորդ օրը նույն թաղամասի բնակիչ 37-ամյա Ռուբեն Ներսիսյանի դին գտել էին Հրազդան գետում՝ Սուրբ Սարգիս եկեղեցու մոտ:
Տեղի ունեցածի մանրամասները պարզելու նպատակով «Ժողովուրդ»-ն այցելեց Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի 17 տուն, որը բազմաբնակարան շենքերի դիմաց էր գտնվում: Տանտիրոջը թաղամասում ճանաչում են որպես գործարար՝ Չինացի Աբո մականվամբ: Սակայն Ալբերտ Ղարիբյանի հարեւանները մեզ պատմեցին, որ ընտանիքի անդամները ոչ ոքի հետ շփում չունեն: Նրանց միայն հայտնի էր, որ ինքնասպան եղած 33-ամյա Գագիկ Ղարիբյանն ամուսնացած էր, ուներ երկու անչափահաս երեխա՝ մեկ տղա, մեկ աղջիկ: Նաեւ ուներ երկու եղբայր:
«Մենք առավոտյան լսեցինք, որ այդ հարուստի տղան կախվել է իրենց տան կաթսայատանը` կաբելի (մալուխի-Ք.Մ.) միջոցով, իսկ թե ինչն է եղել պատճառը, մենք էլ ենք զարմացած»,-պատմեցին հարեւան շենքի բնակիչները: Հաշվի առնելով այն փաստը, որ ինքնասպանություն գործած քաղաքացիների մեծ մասը հոգեկան խնդիրներ է ունենում կամ սոցիալական պայմաններից ելնելով գնում այդ քայլին, փորձեցինք պարզել, թե ինչն էր գործարարի տղայի՝ նման քայլի գնալու պատճառը: «Լավ մեքենաներ, լավ ապրելակերպ ուներ, նա էլ հաստատ շատ նորմալ տղա էր, մեր աչքի առաջ էր մեծացել, ոչ մի տարօրինակ բան չենք նկատել: Էս ամենից հետո ի՞նչ իմանաս՝ ինչն է եղել պատճառը: Նա ոչ մի հիվանդություն չուներ հաստատ»,-ասացին հարեւանները:
Փորձեցինք նույն հարցի պատասխանը ստանալ ինքնասպանություն գործած երիտասարդի հարազատներից: Առանձնատան մուտքը բավական մարդաշատ էր, ու հարազատներից տեղեկացանք, որ Գագիկի ինքնահողն է: Մոտեցանք Գագիկի աներոջը, սակայն նա ասաց, որ կատարվածը դժբախտ դեպք է, իսկ թե ինչն է եղել պատճառը, ինքը չի ցանկանում այդ մասին խոսել:
Հարցուփորձի ժամանակ «Հայփոստ»-ի աշխատակիցներից մեկը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ սա Ավանում տեղի ունեցած միակ տարօրինակ դեպքը չէ: Նրա խոսքով` բիզնեսմենի տանից մի փոքր վերեւ՝ Նարեկացու 31 շենքում, եւս մի տղայի դի են գտել՝ էլի ինքնասպան եղած. «Ասում են՝ այս երկու դեպքերը կապված են իրար հետ, բայց չեմ կարող պնդել»:
Քաղաքացու ասածը պարզելու համար այցելեցինք նաեւ Նարեկացու 31 շենք, որտեղ վայրկյաններ առաջ ավարտվել էր Ռուբեն Ներսիսյանի հուղարկավորությունը:
37-ամյա Ռուբենի դին ապրիլի 13-ին հայտնաբերվել էր Սուրբ Սարգիս եկեղեցու դիմացի ձորում՝ Հրազդանի կիրճում՝ գետի միջից: Դիակից քիչ հեռու հայտնաբերվել էին բջջային հեռախոս՝ երկու SIM քարտով, Ջրվեժում գործող «Ֆլամինգո» անունով խաղատան քարտ, ինչպես նաեւ՝ անձնագիր: Դատելով քարտի առկայությունից՝ չի բացառվում, որ խաղատանը տանուլ տված գումարը կարող է ինքնասպանության պատճառ լինել:
Հարեւաններից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Ռուբենը ամուսնացած էր, ուներ երկու երեխա: «Իրենք երեք եղբայր էին: Աշխատող տղա էր: Սարսափելի բան եղավ, չգիտենք՝ դա ինքնասպանություն է, թե ինչ»,-ասացին Ռուբենի տան բակում հավաքված հարեւանները, որոնք տեղյակ չէին՝ արդյոք ծանոթ են եղել Ռուբեն Ներսիսյանը եւ Գագիկ Ղարիբյանը:
Զրուցեցինք նաեւ «Ֆլամինգո» խաղատան աշխատակցի հետ, ով ասաց, որ բոլոր հաճախորդներին դեմքով չեն ճանաչում, սակայն մի բան ակնհայտ է, որ իրենց մոտ որեւէ մեկը չի կարող պարտք մնալ ու դուրս գալ. «Նման բան չկա, մեզ մոտ չեն կարող պարտք մնալ, ամեն ինչ վճարվում է նույն պահին»:
Մնում է՝ ոստիկանները պարզեն, թե ինչն է եղել այս ողբերգությունների դրդապատճառը:
ՆՈՒՅՆ ԹԱՂԱՄԱՍՈՒՄ 2 ԵՐԻՏԱՍԱՐԴ ԻՆՔՆԱՍՊԱՆ ԵՆ ԵՂԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ