«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Վարդենիսի Ակունք գյուղում մի երիտասարդ կին՝ Քրիստինե Ավագյանը, տանից վերցնելով ոսկեղենն ու մեծ գումար, անհետացել է: Գյուղում շրջանառվող տեղեկությունների համաձայն` կինը խնդիրներ է ունեցել ամուսնու եւ սկեսուրի հետ, ինչի պատճառով էլ նման քայլի է դիմել: Վարդենիսի բնակիչներից ոմանք, սակայն, պնդում են, որ Քրիստինեն տան գումարը պարտքով տվել է հարեւանուհուն, սակայն այդ մասին տեղեկացել է նրա սկեսուրը, եւ հարսը վերջինիս ահից է տնից հեռացել:
Արդեն քանի օր է՝ Ակունքում բոլորին հետաքրքրում է, թե իրենց համագյուղացի Քրիստինե Ավագյանն ինչու է տնից փախել: Գյուղացիները մեզ հետ զրույցում մի քանի վարկած ներկայացրին. «Ինչքան գիտենք, Քրիստինեն, որը հարս ա էկել Վարդենիսից, իր հարեւանուհուն՝ համագյուղացուն, փող է տվել: Համագյուղացին Քրիստինեին ասել է, որ իրեն փող ա անհրաժեշտ ինչ-որ գործի համար, Քրիստինեն էլ ասել ա, որ ինքը կարա տանից փող վերցնի ու պարտքով տա: Էս աղջիկը մոտավորապես 300 հազար դրամ փող ա վերցրել ու տվել իր հարեւանուհուն: Հետո որոշ ժամանակ անց էդ աղջկա սկեսուրն էդ փողն ուզել ա հարսից: Քրիստինեն էլ հասկացել ա, որ սկեսուրը կարող ա տեղեկանա, որ ինքը գումարը վերցրել տվել ա հարեւանուհուն, որոշել ա տան ոսկեղենը տանի, դնի գրավ, էդ փողը տա սկեսուրին, մինչեւ համագյուղացին կբերի, փողը կտա»: Ըստ գյուղացիների՝ այդ խոսակցություններից որոշ ժամանակ հետո Քրիստինեի սկեսուրը տեղեկացել է, որ հարսը նման արարք է թույլ տվել, ինչի պատճառով էլ հարսը հուսահատված վերցրել է ոսկեղենը, համագյուղացուն պարտքով տված գումարը եւ հեռացել գյուղից:
Գյուղացիների մի մասի տեղեկություններով էլ` Քրիստինեն տանը խնդիրներ է ունեցել. «Ինչքանով որ մենք ենք տեղյակ, հարսին տանն իր ամուսինն ու սկեսուրը նեղացրել են, ինչի պատճառով էլ հարսը որոշել ա վերցնի տան ոսկեղենն ու փողերը եւ տանից գնա, բայց թե ինչքանով ա դա ճիշտ, չգիտենք: Ասում են՝ շատ վատ են վերաբերվել հարսին, միշտ նեղել են»: Տեղեկացանք նաեւ, որ Քրիստինե Ավագյանի նկատմամբ ոստիկանությունը հետախուզում է հայտարարել:
«Ժողովուրդ»-ը փորձեց եղելությունը պարզել իր աղբյուրներից եւս: Մեր տեղեկություններով՝ Քրիստինե Ավագյանն իսկապես տանը խնդիրներ է ունեցել, ինչի պատճառով էլ վերցրել է գումարն ու ոսկեղենը, նստել տաքսի ու ապրիլի 3-ին հասել Երեւան: Նա նույնիսկ Սարի թաղում բնակարան է վարձել եւ ապրում է:
Փորձեցինք այս տեղեկությունները ճշտել ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, որտեղից միայն հայտնեցին, որ ապրիլի 11-ին ոստիկանությունը Երեւանում հայտնաբերել է Ք. Ավագյանին: Թե ինչ է սպասվում նրան, առայժմ հայտնի չէ:
ԿՈՐԱԾ ՀԱՐՍԸ ԳՏՆՎԵԼ Է, ՄՆԱՑ ՈՍԿԵՂԵՆԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ