Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավին մնացել է ընդամենը մեկ շաբաթ, եւ արդեն կարող ենք արձանագրել, որ այն կանխատեսումները, ըստ որոնց, Հայաստանի հանրության, ասել է թե՝ ընտրողների մեծամասնությունն այս գործընթացի նկատմամբ անտարբեր է, իրականանում են: Բավական է՝ զրուցեք մարդկանց հետ, կտեսնեք, որ մեծամասնությանը ոչ էլ հետաքրքրում է հանրաքվեն: Այդ մասին են վկայում նաեւ ոչ-ի քարոզարշավների սակավամարդությունը:
Փաստացի, սահմանադրական փոփոխություններով հետաքրքրված է հանրության` քաղաքականությամբ մշտապես ակտիվ հետաքրքրվող մասը: Իշխանությունների տեսանկյունից նման իրավիճակն իդեալական է՝ քվեարկության արդյունքները կեղծելու համար: Այսինքն՝ մարդիկ չեն գնա տեղամաս եւ չեն քվեարկի, նրանց փոխարեն կքվեարկեն իշխանությունների կեղծարար խմբերը: Մյուս կողմից իշխանական ռեսուրսով բոլոր պետական աշխատողներին եւ նրանց ընտանիքի անդամներին եւս կքշեն տեղամասեր: Միամտություն կլինի կարծել, որ նման` համընդհանուր անտարբեության պայմաններում պետական ձեռնարկությունների աշխատողների մեծամասնությունը ռիսկի կգնա եւ ոչ կքվեարկի:
Ակնհայտ է նաեւ, որ հանրությանը ակտիվացնելուն ուղղված ոչ-ի քարոզիչների բոլոր փորձերը նշանակալի արդյունք չեն տալիս` մարդիկ իշխանություններից զզված են, նրանց ատում են, բայց միեւնույն է՝ իրենց համար մեկ է, թե Սահմանադրության մեջ ինչ գրված կլինի, քանի որ կարծում են, որ երկրի մայր փաստաթուղթը, միեւնույն է, չի գործում: Մյուս կողմից էլ ոչ-ի կողմնակից քաղաքական ուժերը եւս իրենց գործողություններով առանձնապես չեն նպաստում հանրության ակտիվացմանը: Բավանական է նշել այն փաստը, որ ոչ-ին միացած քաղաքական ուժերի առաջին դեմքերն այդպես էլ չներգրավվեցին քարոզչության մեջ: Ոչ-ի ճակատներից «Չեք անցկացնի»-ի հանրահավաքները մինչ օրս անցել են առանց Լեւոն Տեր-Պետրոսյանի, իսկ «Նոր Հայաստանն» էլ իր քարոզչությունն իրականացնում է առանց Րաֆֆի Հովհաննիսյանի: Եթե սահմանադրական փոփոխություններն այդքան կարեւոր չեն, որպեսզի նշված քաղաքական գործիչներն անձամբ դրանց հակաքարոզչությանը մասնակցեն, ապա ինչու պետք է շարքային քաղաքացիներն այդ գործընթացը կարեւորեն:
Ուստի ամենեւին էլ պատահական չէ, որ օրեր առաջ ՀԱԿ կուսակցության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրապարակեց իր հերթական «նամակ-խնդրագիրն»՝ ուղղված Սերժ Սարգսյանին: Հոդվածում, որը վերնագրված է «Սահմանադրական հանրաքվեն՝ անկանխատեսելի հետեւանքներով հղի արկածախնդրություն», Լեւոն Տեր-Պետրոսյանը ներկայացրել է այն վտանգները, որոնք պարունակում է ՀՀ իշխանությունների` Սահմանադրությունը փոխելու մտադրությունն` առկա բարդ եւ պայթյունավտանգ աշխարհաքաղաքական վիճակը հաշվի առնելով:
Սակայն առավել ուշագրավ է հոդվածի հետեւյալ պարբերությունը, որը գործնականում իր մեջ ամփոփում է ողջ հոդվածի միտքը. «Վստահ եմ, որ Հայաստանի իշխանական համակարգում Սերժ Սարգսյանը թերեւս միակ անձն է, ով հստակ գիտակցում է մեր երկրի շուրջ ստեղծված ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակի պարունակած վտանգները: Այդ պատճառով դեռեւս հույս եմ փայփայում, որ նա, պետական մտածողություն դրսեւորելով, ի զորու է թեկուզ ժամանակավորապես կասեցնել նոր Սահմանադրության ընդունման գործընթացը, իսկ եթե դա այլեւս անհնար է, գոնե հրաժարվել ամեն գնով հանրաքվեի արդյունքները կեղծելու եւ դրանով ռեժիմի եւ հասարակության միջեւ գոյություն ունեցող անջրպետն ավելի եւս խորացնելու մտքից»:
Այսինքն՝ կարող ենք արձանագրել, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի չանցնելու գործում Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին հույսը Սերժ Սարգսյանի «խոհեմությունն» է: Իսկ արդյոք այս անգամ Սերժ Սարգսյանը կպատասխանի ՀԱԿ կուսակցության «խնդրագրին», ցույց կտա ժամանակը:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ