Ըստ Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարարության պաշտոնական կայքէջի՝ ՌԴ կառավարությունը անասնաբուժական եւ ֆիտոսանիտարական վերահսկողության դաշնային ծառայությանը (Ռոսսելխոզնադզոր) հրահանգել է ուժեղացնել Թուրքիայից գյուղատնտեսական արտադրանքի ներմուծման վերահսկողությունը: Բացի այս՝ կարգադրվել է նաեւ կազմակերպել լրացուցիչ ստուգումներ սահմանին եւ բուն Թուրքիայում՝ արտադրության վայրերում: Արդյունքում, նոյեմբերի 25-ին թուրքական թռչնամսի մուտքի վրա ՌԴ-ն արգելք դրեց:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին Սիրիայում՝ Թուրքիայի հետ սահմանին, թուրքական ռազմաօդային ուժերը խոցել էին Սիրիայում ՌԴ ավիախմբի կազմի մեջ մտնող Սու-24 ռմբարկու:
Թուրքական կողմը պնդում էր, որ օդանավը խախտել է իր օդային տարածքը, մինչդեռ ՌԴ-ն հայտարարում էր, որ ինքնաթիռը եղել է բացառապես Սիրիայի տարածքում: Այս միջադեպի արդյունքում սրվել են Թուրքիայի եւ Ռուսաստանի հարաբերությունները: Ռուսական ինքնաթիռի խոցումից անմիջապես հետո ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը չեղյալ հայտարարեց իր այցը Թուրքիա:
Կատարվածից հետո Մոսկվան դիմել է հակաքայլերի՝ դադարեցվել են Թուրքիայի հետ շփումները ռազմական ոլորտում, ռուսաստանյան տուրօպերատորները դադարեցրել են թռիչքները դեպի Թուրքիա, բացի այդ` արգելք է դրվել Թուրքիայից մի շարք ապրանքների ներկրման վրա: Չեղյալ է հայտարարվել նաեւ դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ռուս-թուրքական հասարակական ֆորումը:
Իսկ նոյեմբերի 25-ին «Ռոսսելխոզնադզորը» ժամանակավորապես արգելել է թուրքական մի ձեռնարկությունից թռչնամիս ներկրել Ռուսաստան:
Սահմանափակումները դրվել են «CP Standart Gida Sanayi ve Ticaret Anonim Sirkorti»-ի արտադրանքի վրա: Պատճառը ընկերության արտադրանքում հայտնաբերված լիստերիայի մանրէներն են: Իսկ սահմանափակումները կսկսեն գործել դեկտեմբերի 1-ից: Նշենք, որ լիստերիան ախտածին մանրէ է, որի տեսակները մարդկանց եւ կենդանիների մոտ հիվանդությունների հարուցիչներ են պարունակում:
ՌԴ գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչովը հայտարարել է, որ վերջերս նախարարությունը բազմաթիվ դիմումներ է ստանում Թուրքիայից Ռուսաստան ներկրվող արտադրանքի անվտանգության վերաբերյալ:
Նրա խոսքերով՝ ՌԴ գյուղնախարարությունը պարզել է, որ թուրքական գյուղարտադրանքի 15 տոկոսը չի համապատասխանում ռուսաստանյան նորմերին: «Ստիպված եմ արձանագրել, որ 2015-ի տարեսկզբից գրանցվել է կենդանական ծագման թուրքական արտադրանքում վնասակար եւ արգելված նյութերի մնացորդների բացահայտման մոտ 40 դեպք: Ներկայումս ուժեղացված լաբորատոր վերահսկողության ռեժիմ է գործում թուրքական երկու ձեռնարկությունների հանդեպ, իսկ 6-ում սահմանվել է ժամանակավոր սահմանափակումների ռեժիմ»,- հայտարարել է ՌԴ գյուղնախարարը:
Ստեղծված իրավիճակում ՀՀ քաղաքացիներին հետաքրքրում է հետեւյալ հարցը՝ ռուս-թուրքական լարված հարաբերությունների արդյունքում Հայաստանը կշահի՞, թե՞ ոչ: Հնարավորություն ունի՞ Հայաստանը թռչնամիս արտահանել դեպի ՌԴ: Այս հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց գյուղատնտեսության փոխնախարար Գրիշա Բաղիյանի հետ, ով ասաց. «Այո, բոլոր դեպքերում Ռուսաստանը մեզ համար մեծ շուկա է: Հետեւաբար մենք ամեն մի առիթ պետք է օգտագործենք: Ճիշտ է, մեր արտադրանքը այդքան մեծ քանակություն չի կազմում, որով կարողանանք ՌԴ-ին բավարարել, բայց տեղական արտադրողների համար ամենափոքր շուկան էլ, ամենափոքր իրացումն էլ մեծ հնարավորություն է: Հիմա սա եւս մեկ հնարավորություն եղավ մեր արտադրողների համար»:
«Ժողովուրդ»-ի հարցին` միթե մինչ այս ՀՀ-ից դեպի ՌԴ հայկական արտադրության թռչնամիս չի արտահանվել, գյուղփոխնախարարը տվեց կարճ պատասխան. «Մեր արտադրանքը մրցունակ չէ»:
Իսկ, ահա, ՀՀ թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը, անդրադառնալով այս թեմային, հայտարարեց, որ Հայաստանի` դեպի ՌԴ թռչնամիս արտահանելու հնարավորություները զրոյական են: «Գրիշա Բաղիյանը ցանկությունը շփոթում է հնարավորության հետ: Ոչ, մենք ռեալ հնարավորություններ չունենք՝ թռչնամիս արտահանելու դեպի ՌԴ: Մի 2-3 տարի հետո հնարավոր է: Երբ սեփական կերի արտադրական բազա կունենանք կամ թռչնակերի, էներգոռեսուրսների գինը կլինի այնքան, որքան ՌԴ-ում է, այդ ժամանակ հնարավոր է»,- պարզաբանեց Ստեփանյանը:
Նա նույնպես ընդգծեց, որ տեղական արտադրանքը ՌԴ-ում մրցունակ չէ: «Ձեզ թվում է, թե ՌԴ-ում հավ չկա, Թուրքիայի՞ց էին ներմուծում: Սա լրիվ քաղաքականություն է: ՌԴ-ն բազմաթիվ երկրներից թռչնամիս է ներմուծում: ՌԴ-ն իր ունեցած թռչնամսով 80 տոկոսով ինքնաբավ է: Եթե ոչ, ապա Բելառուսից կներմուծի: Հիմա Ղազախստանում թռչնամիսն ավելանում է, այնտեղից կներմուծեն: Թե չէ մենք պարզապես չենք կարող թռչնամիս արտահանել»,- նկատեց մասնագետը:
Հավելենք, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 7 մլն 287 հազար տոննա թռչնամիս, մինչդեռ ներմուծվել է 23 մլն 502 հազար տոննա, իսկ արտահանվել՝ 55 հազար 800 տոննա հավի միս: Եթե պաշտոնական այս թվերին հավատանք, ապա իսկապես Հայաստանը չի կարող թռչնամիս արտահանել, քանի որ թռչնամիս ներմուծող է, այլ ոչ թե արտադրող:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ