ՄԱՐԶՊԵՏԻ «ՏԵՂԱՊԱՀԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանին 2012-ին փոխարինած ՀՀԿ-ական Էդգար Ղազարյանին ի սկզբանե բոլորը ընկալեցին եւ շարունակում են ընկալել ոչ թե որպես մարզպետ, այլ մարզպետի տեղապահ, որը մարզում որեւէ հարց չէր լուծելու, ինքնուրույն որոշումներ չէր կայացնելու եւ ամբողջապես կատարելու էր «Ջերմուկ»-ի սեփականատեր Աշոտ Արսենյանի հրահանգները: Այսինքն՝ Արսենյանին կից մարզպետ:
Նշենք, որ Վայոց Ձորը երկար սահման ունի Ադրբեջանի հետ, իսկ սա նշանակում է, որ մարզպետը ցանկացած պահի պիտի կարողանա հանդես գալ որպես զինվորական, հրամանատար: Բայց ինչպե՞ս կարող է 37-ամյա Է. Ղազարյանը նման գործառույթ իրականացնել, երբ բանակում չի ծառայել, տարրական պատկերացումներ չունի բանակի մասին: Նա ոչ միայն բանակի, այլեւ մարզում տիրող իրավիճակի մասին պատկերացում չունի: Շատերն են մարզում բողոքում, որ Ա. Արսենյանի գործարանում մարդիկ աշխատում են ճորտերի պես, որ ոտնահարվում են նրանց իրավունքները: Բողոքները հասնում են նաեւ մարզպետին: Սակայն նա ձկան նման լուռ է:
Հետաքրքիր կենսագրություն ունի 1975-ին ծնված այս երիտասարդը, որը 1998թ. ավարտել է Երեւանի պետական տնտեսագիտական ինստիտուտի կառավարման ֆակուլտետը: Հայրենի մարզ վերադառնալու փոխարեն 3 տարի էլ սովորել է նույն ինստիտուտի ասպիրանտուրայում: Ասպիրանտական 1-ին տարում նաեւ աշխատել է որպես ՀՀ ՏԿ նախարարի աշխատակազմի առաջատար մասնագետ: Եթե մարդն արտադրությունից չկտրված ուսուցում է անցնում ասպիրանտուրայում, ապա պիտի բանակ մեկներ, սակայն, հավանաբար, ազդեցիկ մարդիկ է ունեցել իր թիկունքին, որոնք էլ լուծել են բանակից տարկետման հարցը: 1 տարի անց դարձել է ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի վարչության գլխավոր մասնագետ: Մինչ կավարտեր ասպիրանտուրան, 2000-2001թթ. աշխատել է որպես Եվրամիության Tacis կազմակերպության «Աջակցություն Հայաստանում քաղաքացիական ծառայության բարեփոխումներին» ծրագրի կառուցվածքային բարեփոխումների փորձագետ: Հետաքրքիր օրինաչափությամբ գրեթե ոչ մի տեղ 1 տարուց ավելի չի աշխատել, երեւի փորձել է «հետազոտել» աշխատանքային դաշտը, ճշտել, թե որտեղ է իր համար ավելի լավ: Այսպես, 2001-2002թթ.՝ ՀՀ կառավարության աշխատակազմ, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետի տեղակալ, 2002-2003թթ.՝ «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ մարքեթինգի գծով տնօրեն: Այս պաշտոնում երեւի չէր կարողացել իրեն դրսեւորել, ուստի նրան տեղափոխել են ՓԲԸ նախագահի խորհրդականի պաշտոնին, ուր աշխատել է մինչեւ 2007թ.: 2008-2011թթ. դարձել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղի տնօրեն, 2011-ին հեռացել է տնօրենի պաշտոնից եւ դարձել կառավարման ֆակուլտետի դեկան: Վայոց Ձորում ասում են, թե տնօրենի պաշտոնում իրեն չէր արդարացնում: Չենք ուզում ասեկոսեների մակարդակով մեկնաբանություններ անել, սակայն ԵՏՀ-ում էլ որեւէ կերպ չկամեցան մեկնաբանել այն փաստը, որ տնօրենը դարձել է դեկան…
Երբեւէ որեւէ նախաձեռնությամբ հանդես չգալով, գրեթե միշտ հեռու մնալով առաջին շարքերից՝ Ղազարյանը դարձել է մի շարք ՀԿ-ների «գործուն» անդամ:
Մեզ, իհարկե, զարմացրեց ՀՀ նախագահի շնորհակալագիրը, քանի որ Ղազարյանի ներդրումների մասին որեւէ մեկը չկարողացավ ինչ-որ բան հիշել: Միայն ասացին, որ ՀՀԿ շտաբի պետն է եղել եւ մշտապես հանդես եկել ԲՀԿ-ի քննադատությամբ:
ՀՀ նախագահի ընտրությունների նախօրյակին Է. Ղազարյանն ասում էր, որ ձայներ հավաքելու կապակցությամբ մարզպետերին որեւէ հանձնարարություն չի տրվել՝ միեւնույն ժամանակ հավաստիացնելով, որ մարզում հաղթելու է Սերժ Սարգսյանը: Նրան այդպես էր սովորեցրել Ա. Արսենյանը եւ պարտադրել կրկնել այդ «թեզը», որպեսզի մարդիկ սրբորեն ենթարկվեն հրահանգին: Հրահանգվել էր նաեւ ամեն կերպ «քողարկել» Ջերմուկին սպասվող էկոլոգիական աղետի խնդիրը, քանի որ այստեղ դեռ օրակարգային է Ամուլսարի հարցը: Մարզպետն այս առթիվ լրատվամիջոցներին ասել է. «Հիմա ուշադրությամբ հետեւում ենք բնապահպանական փորձագիտական եզրակացություններին: Առայժմ ընկերության (հանքավայրի բաց եղանակով շահագործման արտոնագիրը «Lydian International» ընկերությանն է, որի ներկայացուցիչը Հայաստանում «Գեոթիմ» ընկերությունն է-հեղ.), ինչպես նաեւ անկախ հետազոտական կազմակերպությունների կողմից կան եզրակացություններ, որոնք վկայում են, որ հանքի շահագործումը բացասաբար չի ազդի Ջերմուկի ընդհանուր միջավայրի վրա, սակայն ես դեռեւս ունեմ որոշակի անհանգստություն: Համենայնդեպս, մենք շատ մեծ ուշադրությամբ ենք հետեւելու հանքի շահագործման ողջ գործընթացին եւ որ պահին նկատենք, որ հանքի շահագործումը կարող է վնասել Ջերմուկի զարգացմանը, ապա դրա մասին կբարձրաձայնենք, քանի որ դրա զարգացումը մեր մարզի համար ունի ռազմավարական նշանակություն»:
Արտաքուստ ամեն ինչ ճիշտ է, մարզպետը մտահոգված է, իսկ իրականում նա ոչինչ չի կարող անել, որովհետեւ իրավիճակին ուրիշներն են տիրապետում: Նախագահի ընտրություններից հետո շատերն էին խոսում այն մասին, որ Է. Ղազարյանը հրաժեշտ է տալու իր պաշտոնին, քանի որ չի կարողացել 100%-ով ապահովել Ս. Սարգսյանի հաղթանակը, ու Վայոց Ձորի մի շարք բնակավայրերում հաղթել էր Րաֆֆի Հովհաննիսյանը, սակայն, ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների, «Ջերմուկ գրուպ»-ի սեփականատերը նախագահի երդմնակալության արարողությունից առաջ խնդրել է նրան ձեռնպահ մնալ մարզպետի պաշտոնանկության հարցում:

ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս