Այս տարվա հունվարի 26-ին՝ Իջեւանում նախընտրական այցի ժամանակ, Սերժ Սարգսյանն ասաց, որ Տավուշի մարզը հարուստ է էներգետիկ ռեսուրսներով, որոնք պետք է արդյունավետ օգտագործել: Երկրի ղեկավարին ուշադիր լսողները հասկացան, որ Իջեւանին հարակից Գետահովիտ համայնքում կիսատ մնացած «Խաչաղբյուր-2» փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցումը, չնայած բնապահպանների եւ Գետահովտի բնակիչների բողոքներին, շարունակվելու է: Իջեւանում խոսակցություններ էին տարածված, որ «Մեգաէներջի» ընկերությունը հէկ-ի կառուցման իրավունքը 800 հազար դոլարով գնել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանից, պարզապես շինարարությունը սկսելու համար սպասում էին նախագահական ընտրությունների ավարտին: Թե այդ խոսակցությունները որքանով են հավաստի, դժվար է ասել:
Անցած կիրակի՝ ապրիլի 14-ին, Գետահովիտ համայնքում «Խաչաղբյուր-2» փոքր հէկ-ը կառուցող «Մեգաէներջի» ՍՊԸ-ն տնկել է 550 ծառ: Գետահովտի գյուղապետ Արթուր Ղազարյանն ասաց, որ այդ ծառերը տնկվել են գյուղից վերեւ՝ հէկ-ի շինարարության գոտում: Նրա խոսքով՝ այդ ընկերությունը նախկինում Գետահովտում տնկել էր 400 ծառ: Տնկվել են հացենի, ընկուզենի, լորենի եւ այլ ծառատեսակներ: «Մեգաէներջի»-ն Գետահովտին նվիրել է «ԴՏ-75» մակնիշի նոր տրակտոր, առաջիկայում կառուցելու է նաեւ գյուղի լուսավորության ցանց: Գյուղապետի վկայությամբ՝ մարտի 26-ին ստացվել է «Խաչաղբյուր-2» փոքր հէկ-ի բնագիտական փորձաքննության վերջնական եզրակացությունը, եւ դրա կառուցման գործում խոչընդոտներ չկան: Արթուր Ղազարյանին հարցրինք, թե փոքր հէկ-ի շինարարությունը եւ շահագործումը արդյոք չի վնասի այդտեղ գտնվող արջատխլենու պուրակը: Նա ասաց, որ արջատխլենու պուրակի հետ կապված՝ ինքը մանրամասն տեղեկատվության չի տիրապետում, սակայն կարծում է, որ չի վնասի:
Հիշեցնենք, որ սկզբում բնապահպանական փորձաքննության եզրակացությամբ՝ հէկ-ի կառուցման եւ շահագործման ազդակիր համայնք էր ճանաչվել Ենոքավանը, որտեղ բնության հատուկ պահպանվող տարածքներ չկան: Մինչդեռ Գետահովիտ համայնքում շատ սուր է նաեւ սողանքների հարցը, գյուղի 90 առանձնատուն գտնվում են սողանքային գոտում: «Խաչաղբյուր-2» հէկ-ի կառուցումն ու գործարկումն ի՞նչ ազդեցություն կունենա սողանքային գոտու վրա. այս հարցի պատասխանը կտա ժամանակը: Նշենք, որ «Խաչաղբյուր-1» հէկ-ը, բնապահպանական խնդիրներ ստեղծելով, Գետահովտի բյուջեում մեծ ներդրում չի կատարում: Գյուղապետ Ա. Ղազարյանը նախկինում մեզ հայտնել էր, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանին պատկանող «Խաչաղբյուր-1» հէկ-ը, 4 տարի շահագործվելով, համայնքին տարեկան մուծում է ընդամենը 175 հազար դրամ:
Տավուշ