ԲԵՄՈՒՄ ԳՈՒՑԵ ԽԱՂՈՒՄ ԵՆ, ԿՅԱՆՔՈՒՄ` ՈՉ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասանուհի ԱՆԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ (Անի Լուպե) վերջերս արժանացավ «Արտավազդ» մրցանակի «Լավագույն երիտասարդ դերասանուհի» անվանակարգում: Դերասանուհու խոսքով` նման պարգեւներ ու մրցանակներ ստանալը շատ հաճելի է, բայց դրանից հետո էլ չես կարող քիչ ու վատ աշխատել, քանի որ մրցանակը պարտավորեցնող է: Անին նաեւ համոզված է, որ ինչքան էլ դերասանուհին տաղանդավոր  լինի, ամեն ինչ կախված է ռեժիսորից: Եվ այդ հարցում իրեն Արա Երնջակյանը շատ է օգնել: «Այս «Արտավազդ»-ը կարծես մեր թատրոնինը լինի, ոչ թե իմը, միայնակ մարդը ոչինչ չի կարող անել»,-համոզված է դերասանուհին:
-Դերասան դառնալու համար որքանո՞վ է կարեւոր մասնագիտական կրթությունը:
-Հիմա սերիալներում խաղում են դերասանական կրթություն չունեցող մարդիկ, օրինակ՝ երթուղային տաքսու վարորդը, բայց պատահում է, որ վատ չի խաղում: Ամեն դեպքում, ես այն կարծիքին եմ, որ կրթությունը պարտադիր է, որովհետեւ թե՛ հեռուստացույցից, թե՛ բեմից մարդու ինտելեկտը երեւում է: Ես ավարտել եմ Թատերական ինստիտուտի երաժշտական բաժինը, սովորել եմ ե՛ւ դերասանի վարպետություն, ե՛ւ վոկալ: Ունեմ նաեւ երաժշտական կրթություն, ավարտել եմ պարարվեստի ուսումնարանը: Երգն էլ, դերասանությունն էլ կարեւոր են ինձ համար: Դերասանի մասնագիտությունը շատ բազմաբնույթ է, եթե նոր բաներ էլ իմանաս, օգնում է: Կրթությունը, առհասարակ, շատ բան է տալիս, համաձայն չեմ նաեւ այն երիտասարդների հետ, որոնք ասում են` արդեն խաղում ենք, էլ մեր ինչի՞ն է պետք սովորելը: Թատերական ինստիտուտում ուսանելու տարիներին էլ շատ բան ես սովորում: Չնայած չեմ բացառում նաեւ այն դեպքը, որ դերասան ծնվում են:
-Ձեզ երբեք չենք տեսել սերիալում, ինչո՞ւ, առաջարկներ չկա՞ն:
-Կան, ինձ շատ են կանչում: Սերիալներին դեմ չեմ, նորմալ եմ վերաբերում, բայց ինքս չեմ նայում ու չեմ խաղում: Մեր սերիալների սյուժեն շատ պրիմիտիվ է: Ոնց որ ես իմ առօրյան նկարեմ, ոչ մի հետաքրքիր բան: Եթե պատմական սյուժեի վրա նկարվեր, մեծ հաճույքով կխաղայի:
-Եթե չեմ սխալվում, Դուք, թատրոնից բացի, աշխատում եք նաեւ ակումբներում:
-Երգում եմ «Հավանա»-ում, «Մեցցո»-ում, սիրում եմ իմ աշխատանքը, մի քիչ հոգնում եմ, բայց հաճելի հոգնածություն է:
-Ակումբային հանդիսատեսը կարողանո՞ւմ է լավ ունկնդիր լինել:
-Մեզ մոտ ինչ-որ շերտ է ձեւավորվել, որը համարում է իրեն գլամուր, ու երեւի չգիտեն էլ, թե ինչն է իրական գլամուրը: Բերանի լոզունգ են դարձրել քյաբաբը, ինչը շատ լավ ուտելիք է, բոլորն էլ ուտում են: Հավատացե՛ք, ակումբ կամ ռեստորան եկող մարդիկ շատ ավելի լավն են, քան ձեւական մարդիկ, որոնք իրենց բարձրակարգ են ցույց տալիս: Մի քանի բրենդային հագուստ կրելը չի նշանակում, որ իրենք եսիմ ինչ են:
-Մենք ակումբում արտիստին լսելու, ծափահարելու կուլտուրա ունե՞նք:
-Ամեն ակումբ ու ռեստորան իր հաճախորդն ունի: «Մեցցո»-ում ես լատինաամերիկյան երգեր եմ երգում: Գալիս են այն մարդիկ, որոնք նման երաժշտություն են ուզում լսել: Իսկ ռեստորան գալիս են մարդիկ, որոնք ուզում են հայկականի տակ լավ պարել: Այո՛, լավ էլ կուլտուրա ունենք, լավ էլ գալիս են, պարում են, ուրախանում: Իսկ նրանք, ովքեր քննադատում են, կոմպլեքսներ ունեն: Հենց իրենք այնքան են տենչում, որ մի հատ հայկական լինի, դրա տակ պարեն: Երեւի 20 տարի անցնի, բայց իրենք այդպես էլ չիրականացնեն իրենց ցանկությունը, որովհետեւ իրենք պետք է ցույց տան, որ ջազ, փոփ են լսում: Ոչ ոք չի կարող քեզ քննադատել ու ասել, որ այն օրը  ռեստորանում 6/8-ի տակ հայկական էիր պարում: Ամեն երաժշտություն էլ իր տեղն ունի, իսկ ինչո՞ւ չպարես: Ազգի երաժշտությունը, ժողովրդականը մարդու երակների մեջ է, ոչ մի բան դրան չի հասնի:
-Կյանքում հաճա՞խ եք դերասանություն անում:
-Չի ստացվում: Շատերին թվում է, որ եթե բեմում խաղում ես, կյանքում էլ կխաղաս: Հավաստիացնում եմ, որ մասնագիտությունս կյանքում չեմ կիրառում, չի ստացվում, ինձ համար դժվար է այդպես ապրել: Դերասանները կյանքում ամենաանկեղծ մարդիկ են, բեմում գուցե խաղում են, կյանքում` ոչ:
-Երգելուց ու դերասանությունից բացի, ուրիշ ինչո՞վ կցանկանայիք զբաղվել:
-Շատ եմ ուզում նկարել յուղաներկերով, արվեստանոց ունենալ, բայց որ անկեղծ լինեմ, շատ լավ չեմ կարողանում նկարել (ծիծաղում է-Ե.Ռ.): Դա դեռ չիրականացած ցանկություն է:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս