48 տարի առաջ այս օրը բացվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1967թ. նոյեմբերի 29-ին Երևանում տեղի ունեցավ Ծիծեռնակաբերդի բարձունքի վրա կառուցված 1915թ.  Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան-կոթողի բացումը։  Հեղինակն է ճարտարապետ Արթուր Թարխանյանը (Սաշուր Քալաշյանի համահեղինակությամբ)։

Ըստ ավանդության՝ «Ծիծեռնակաբերդ» անունն այս բարձունքը ստացել է այստեղ ապրող ծիծեռնակների անունից, որոնք օգնում էին հեթանոսական աստվածներ Վահագնին ու Աստղիկին իրարու լուրեր փոխանցել։

Հուշահամալիրը դարձել է համայն հայության ուխտատեղի։ Ամեն տարի ապրիլի 24-ին հարյուր հազարավոր հայեր և օտարազգիներ բարձրանում են այստեղ՝ հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականին Օսմանյան կայսրության տարածքում թուրքական կառավարության իրագործած Հայոց ցեղասպանության զոհերին։ Երևանում բազմաթիվ մարդիկ այցելում են Ծիծեռնակաբերդի հուշարձան և ծաղիկներ դնում հավերժական կրակի մոտ։

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը բաղկացած է երեք հիմանական կառույցներից՝ Հավերժության տաճար, «Վերածնվող Հայաստան» Հուշասյուն և Հուշապատ։ Հավերժության տաճարը բաղկացած է 12 քարե սալերից, որոնք դասավորված են շրջանաձև կորացած դեպի ներս։ 12 թիվը ընտրված է՝ ելնելով երկրաչափական օրենքներից, բայց ժողովուրդը համարում է, որ այդ սյուները խորհրդանշում են Արևմտյան Հայաստանում գտնվող 12 խոշորագույն նահանգները։

Ամեն տարի ապրիլի 24-ից հաջորդող օրերին հարյուր հազարավոր ծաղիկներ, որ բերվում էին հուշահամալիր, տեղափոխվում էին աղբարկղներ և այրվում։ Սկսած 2010-ից` այդ ծաղիկները հավաքում են և թերթիկները անջատում ցողունից։ Ցողուններից այնուհետև պատրաստում են պարարտանյութ՝ Հուշահամալիրի տարածքում հողի համար, իսկ թերթիկներից պատրաստում վերամշակված թուղթ, որը այնուհետև օգտագործվում է Ցեղասպանության թանգարանում։




Լրահոս