Երեկ ՀՀ գլխավոր դատախազությունը մի հաղորդագրություն տարածեց այն մասին, որ Երեւան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի կոմունալ տնտեսության եւ բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի առաջատար մասնագետ Տիգրան Փոստանջյանը 2010թ. սեպտեմբերին ապօրինի շինարարությունը օրենքով սահմանված կարգով չդադարեցնելու համար պահանջել եւ ստացել է 100 000 դրամ վարձատրություն: «Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 311(1)-րդ հոդվածի 1-ին մասով»: Թե երբ է հարուցվել քրեական գործը, հայտնի չէ: Պարզվեց, որ խոսքը ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբոր մասին է, որի նկատմամբ «մի պերերիվի գումար»-ի համար մեղադրանք են առաջադրել: Այսինքն` այս գործը դատախազության հերթական «մահակների» շարքին կարելի է դասել: Քանի որ Փոստանջյանը միշտ աչքի է ընկել իր ակտիվությամբ, այս կերպ փորձում են շեղել նրան, որպեսզի Գյումրիում, Վանաձորում եւ մյուս քաղաքներում տեղի ունեցող հանրահավաքներին չմասնակցի: «Սա պատվեր է ամենաբարձր օղակներից, բայց ես ընդունում եմ ինձ հայտարարված պատերազմը: Թող բացեն իմ կենսագրությունը, տեսնեն, թե ինչպես եմ պայքարել իմ նկատմամբ հարուցված քրեական գործերի դեպքում, եւ կպատկերացնեն, թե ինչ է սպասվում»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Զ. Փոստանջյանը` տեղեկացնելով, որ այսօր մամուլի ասուլիս է հրավիրել:
ՃՆՇՈՒՄ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՎՐԱ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ