ՀԱՐՑ. Ժամանակին պետությունից ստացել եմ բնակարան, որի միակ սեփականատերը ես եմ՝ չնայած ընտանիքիս մյուս անդամները եւս գրանցված են նույն հասցեում: Հիմա ես ցանկանում եմ վաճառել բնակարանս, բայց ընտանիքիս անդամները դեմ են: Ուզում եմ իմանալ՝ կարող եմ միայնակ որոշում կայացնել եւ վաճառել բնակարանս: Արդյո՞ք ավելի ուշ բնակարանս վաճառելու հարցում ընտանիքիս անդամների հետ հակասություններ չեմ ունենա կամ դատական քաշքշուկի մեջ չեմ հայտնվի:
2-րդ կարգի հաշմանդամ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն՝ գույքի տնօրինման իրավունքները վերապահված են գույքի սեփականատիրոջը: Գույքի սեփականատերն ինքն է որոշում գույքի հետագա ճակատագիրը: «ՀՀ պետական, հանրային եւ համայնքային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի (ուժը կորցրել է 28.11.06թ. ՀՕ-119-Ն) 13-րդ հոդվածի պահանջների համաձայն՝ բնակարանային ֆոնդի սեփականաշնորհումը (շրջգործկոմի որոշումներ) ընտանիքի չափահաս անդամների համաձայնության դեպքում ձեւակերպվում է կա՛մ տվյալ բնակարանի վարձակալի անունով, կա՛մ նրա ընտանիքի որեւէ չափահաս անդամի անունով՝ որպես ընտանիքի բոլոր անդամների ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնեմասային սեփականություն:
Տվյալ դեպքում եթե Ձեր բնակարանը սեփականաշնորհվել է վերը նշված օրենքի պահանջներով, եւ Ձեր ընտանիքի անդամները նույնպես մասնակցել են սեփականաշնորհմանը, ապա առանց նրանց գրավոր համաձայնության Դուք չեք կարող օտարել ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող բնակարանը:
պետական կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այսպիսով՝ Ն. Գաբրիելյանը պետք է հաշտության եզրեր գտնի իր ընտանիքի անդամների հետ, եւ բնակարանի հետագա ճակատագիրը Գաբրիելյանները միասին պետք է որոշեն: