Հարկատեսակի մուտքերը նվազել են. տնտեսությունը գնում է անկման

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարկերի եւ տուրքերի գծով բյուջեի եկամուտներն այս տարվա տասը ամիսներին գրեթե այնքան են, որքան պետք է լինեին ինն ամիսների պլանով: Պետբյուջեի մուտքերը` հարկեր եւ տուրքերի տեսքով, տասը ամիսների կտրվածքով կազմել են 878 միլիարդ 839 միլիոն դրամ: 2015 թվականի պետական բյուջեի պլանի համաձայն՝ այս տարվա ինն ամիսների արդյունքում բյուջետային ընդհանուր մուտքերը պետք է կազմեին 903 միլիարդ 818 միլիոն դրամ, իսկ ծախսերը` կրկին նույն ժամանակահատվածի համար պետք է կազմեին 1 տրիլիոն 54 միլիարդ 441 միլիոն դրամ:

Իսկ իրականում ունենք հետեւյալ պատկերը՝ ինն ամսում պետբյուջեի ծախսերը կազմել են 961 միլիարդ 680 միլիոն դրամ, այսինքն՝ ծախսային պլանն ինն ամիսների կտրվածքով արդեն իսկ թերակատարվել է 92 միլիարդ 761 մլն դրամի չափով: Ինչը բնական է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինն ամիսներին հարկեր եւ տուրքերից պետք է հավաքագրվեր 827 միլիարդ 459 միլիոն դրամ, բայց հավաքագրվել է 785 միլիարդ 595 միլիոն դրամ, եւ ինչպես վերը նշել ենք, միայն տասը ամիսների արդյունքներով են կարողացել ինն ամսվա պլանային մուտքերն ապահովել:

Փաստորեն միայն նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսներին հարկերի եւ տուրքերի գծով պետբյուջեի եկամուտները պետք է կազմեն 261 միլիարդ 473 միլիոն դրամ, որպեսզի այս տարվա պլանավորված պետբյուջեն կատարվի: Նման ցուցանիշը ի սկզբանե կարելի է բացառել, քանի որ նախորդ տարիների փորձից հայտնի է, որ նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսներին պետբյուջեի մուտքերը` հարկեր եւ տուրքերի գծով, լինում են ամսական 90 միլիարդ դրամի սահմաններում: Ա

յսինքն՝ արդեն իսկ ակնհայտ է, որ հարկեր եւ տուքերի գծով պետբյուջեի մուտքերը տարվա վերջին պլանավորվածից պակաս կլինեն 70-ից 80 միլիարդ դրամի չափով: Ի դեպ, ՀՀ իշխանություններն արդեն իսկ սկսել են հարկ եւ տուրքերի պակասուրդը փոխհատուցել տնտեսվարողներին տուգանելու միջոցով, կամ այլ կերպ ասած՝ «հարկային տեռորի» ճանապարհով: Սակայն այս մեթոդով պետբյուջեի մուտքերը լավագույն դեպքում հնարավոր կլինի լրացուցիչ ավելացնել մոտ տասը միլիարդ դրամով: «Հարկային տեռորի» ցուցանիշը վերը նշվածից ավել մեծացնելու դեպքում հարյուրավոր տնտեսվարողները կարող են ուղղակի սնանկանալ եւ դադարեցնել իրենց գործունեությունը, ինչը եկող տարվա կտրվածքով պետբյուջեի մուտքերի վիճակն ավելի կբարդացնի:

Ի դեպ, հարկային մուտքերը աճել են միայն երկու հիմնական հարկատեսակների` մաքսատուրքերի եւ եկամտահարկի գծով: Մասնավորապես, անցած տարվա տասը ամիսների արդյունքներով մաքսատուրքերը կազմել են 41 միլիարդ 796 մլն դրամ: Այս տարի տասը ամսվա մաքսատուրքերը կազմել են 51 միլիարդ 671 միլիոն դրամ, որից 44 միլիարդ 108 միլիոնը ստացվել է եվրասիական տնտեսական միության բյուջեից: Այլ կերպ ասած՝ ԵՏՄ-ի անդամակցության արդյունքում տասը ամիսների կտրվածքով մաքսատուրքերն ավելացել են մոտ 10 միլիարդ դրամով: Եկամտահարկը անցած տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին կազմել է 244 միլիարդ 259 միլիոն դրամ, այս տարի այդ ցուցանիշը դարձել է 258 միլիարդ 680 միլիոն դրամ: Այս աճը հիմնականում պայմանավորված է կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման արդյունքում աշխատավարձերի բարձրացման փաստով:

Փոխարենը ավելացված արժեքի հարկի՝ անցած տարվա տասը ամսվա արդյունքը, որը եղել է 369 միլիարդ 657 միլիոն դրամ, այս տարի դարձել է 351 միլիարդ 668 մլն դրամ: Այսինքն՝ ԱԱՀ-ի գծով անկումը կազմել է շուրջ 18 միլիարդ դրամ: Շահութահարկի գծով այս տարվա տասը ամիսների մուտքերը կազմել են 86 միլիարդ 752 միլիոն դրամ: Անցած տարվա նույն ժամանակահատվածում այդ հարկատեսակի մուտքերը կազմել են 94 միլիարդ 151 միլիոն դրամ: Շահութահարկի գծով էլ անկումը կազմել է մոտ 7,5 միլիարդ դրամ: Ինչպես հայտնի է՝ ԱԱՀ-ն եւ շահութահարկը համարվում են տնտեսության վիճակը բնորոշող հիմնական գործոնները: Այսինքն՝ եթե այդ հարկատեսակների մուտքերը նվազում են, նշանակում է՝ տնտեսությունը գնում է անկման, եւ որքան կտրուկ են նվազել ԱԱՀ-ն եւ շահութահարկը, այնքան ավելի վատ է տնտեսության վիճակը:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս