Այն, որ ընդդիմությունը ժամանակ չի խնայում հայտարարելու համար, որ հնարավոր բոլոր քայլերն իրականացնելու է, որպեսզի դեկտեմբերի 6-ին սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը ընտրակեղծիքները չլինեն, մեղմ ասած, ստում է:
«Ժողովուրդ»-ը փոքրիկ հետաքննության ընթացքում պարզեց, որ Սյունիքի մարզի Բարձրավան համայնքի 37/20 ընտրատեղամասի «ժառանգություն» կուսակցության հանձնաժողովի անդամը Սեւադա Ղազարյանն է, որը «Որոտանի կասկադ» ՀԷԿ-ի պատասխանատու աշխատակից է: 37/31 տեղամասը, որը տեղեկայված է Շինուհայ համայնքում, «Ժառանգություն» կուսակցության հանձնաժողովի անդամը Զավեն Առաքելյանն է, որը եւս «Որոտանի կասկադ» ՀԷԿ-ի աշխատակից է: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ վերոնշյալ ՀԷԿ-ի գործունեությունը կապված է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ նրա հորեղբոր որդու` Սասուն Խաչատրյանի հետ: Եւ դժվար է պատկերացնել, որ Սյունիքի մարզպետին առնչվող որեւէ հիմնարկությունում կարող է ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ աշխատել:
Բայց սա դեռ ամենը չէ: Սյունիքի մարզի 37/27 ընտրատեղամասում «Ժառանգություն» կուսակցության հանձնաժողովի անդամը Հալիձոր համայնքի ղեկավար Մարատ Գերասիմյանի կինն է` Ամալյա Գրիգորյանը: «Ժողովուրդ»-ը փորձեց Ամալյա Գրիգորյանից պարզել, թե ինչպե՞ս է ստացվել, որ ՀՀԿ-ական գյուղապետի կինը հանձնաժողովում ընդդիմաության ներկայացուցիչ է նշանակվել:
-Տիկի՛ն Գրիգորյան, Դուք «Ժառանգություն» կուսակցության անդամ եք:
– Ո՛չ:
-Ո՞վ է Ձեզ առաջարկել հանրաքվեի օրը լինել «Ժառանգություն» կուսակցության հանձնաժողովի անդամ:
-Ոչ մեկ էլ չի առաջարկել, ինձ զանգեցին, ասեցին, որ ես ընդգրկված եմ այդ հանձնաժողովի մեջ:
-Ո՞վ զանգահարեց:
-Ընդհանուր անդամների նախագահն է զանգել, չգիտեմ, ես ոչ մի կուսակցությունից չեմ, որ նախկինում մասնակցել եմ, դրա համար ընդգրկել են ու ինձ վերեւից են ասել, դրա համար էլ ընդգրկվել եմ:
-Ո՞ր վերեւից, ո՞վ:
– Ճիշտ ասած՝ հստակ չգիտեմ՝ ով է:
-«Ժառանգություն» կուսակցությունից ո՞ւմ եք ճանաչում:
-Ոչ մեկի:
-Այսինքն՝ «ժառանգություն» կուսակցությունից որեւէ հրահանգ չեք ստանում, թե օրինակ՝ ինչ քայլեր պետք է անեք դեկտեմբերի 6-ին հանձնաժողովում:
-Ո՛չ, ոչ մեկի չեմ ճանաչում, չեմ շփվել ու չգիտեմ ու կապի մեջ չեմ նրանց հետ:
-Փաստ է, որ Դուք 37/27 ընտրատեղամասում «Ժառանգություն» կուսակցության հանձնաժողովի շահերն եք ներկայացնելու, որը ոչ-ի կողմնակից է, իսկ Ձեր ամուսինը ՀՀԿ-ական է եւ պետք է այո ասի: Ինչպե՞ս եք պատրաստվում դուրս գալ Ձեր ամուսնու դեմ եւ սատարել ոչ-ին:
-Ոչ մեկին դեմ չեմ գնում, իմ պարտականություններն եմ կատարում: Ես արդարության կողմնակիցն եմ:
«Ժառանգության» իշխանական ներկայացուցիչների շարքը այսքանով չի ավարտվում: 37 /30 ընտրատեղամասը Ներքին Խնձորեսկ համայնքում է, որտեղ «Ժառանգություն» կուսակցության հանձնաժողովի անդամը Արմենակ Հարությունյանն է: Նա աշխատում է ՀՀ ֆինանսների նախարարության Գորիսի հարկային տեսչությունում: Իսկ, ահա, Վերին Շեն համայնքում տեղակայված 37/36 ընտրատեղամասում «Ժառանգություն» կուսակցության հանձնաժողովի անդամը Վերին Շեն համայնքի դպրոցի տնօրեն Մատվեյ Ղազարյանն է: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ «Ժառանգություն» կուսակցության անդամ չէ եւ, առհասարակ, ոչ-ի կողմնակից էլ չէ:
-Ով է Ձեզ առաջարկել հանրաքվեի օրը լինել «ժառանգություն» կուսակցության հանձնաժողովի անդամ:
-Վիճակահանությամբ եմ նշանակվել եւ նպատակ չունեմ որեւէ մեկին պաշտպանել, ամեն ինչ անելու եմ, որ ամեն ինչ անցնի նորմայի սահմաններում: Նպատակ չունեմ որեւէ մեկին պաշտպան կանգնելու` ո՛չ «Ժառանգությանը», ո՛չ հանրապետականներին:
-Ի՞նչ վիճակահանություն էր:
-Դե, ինձ … Կենտրոնականին հարցրեք, չգիտեմ՝ ով է անցկացրել, ինչ է անցկացրել, ինձ չեն կանչել, զուտ ցուցակով անցկացրել են: Դե, հավանաբար եղել է վիճակահանություն, չգիտեմ՝ ոնց է եղել:
-Դուք ի՞նչ կապ ունեք «Ժառանգություն» կուսակցության հետ, ումի՞ց եք ստանում կուսակցության հրահանգները:
-Ես ներկայացնում եմ միայն ժողովրդի շահերը, կուսակցությունից ոչ մեկի շահերն էլ չեմ ներկայացնում, ոչ մեկի կողմը չեմ, ես միայն կձգտեմ, որ ամեն ինչ անցնի օրինականության սահմաններում: «Ժառանգության» ղեկավարներին գիտեմ, իհարկե, հեռուստատեսությամբ, անձամբ ոչ մեկին չեմ հարում, չեմ էլ ուզում, քանի որ դպրոցը հեռու է քաղաքականությունից:
-Եթե հեռու է, ապա ինչպե՞ս են նշանակել Ձեզ հանձնաժողովի անդամ եւ այն էլ՝ ոչ-ի ներկայացուցիչ:
-Ես ոչ-ի կողմնակից չեմ, ով կշահի, կշահի, մնացածը կլինի ամսի 6-ի գիշերը: Արդարության կողմնակիցն եմ:
Նկատենք՝ չնայած 37/4 ընտրատեղամասի «ժառանգություն» կուսակցության հանձնաժողովի անդամը Գորիս քաղաքի սպորտի դպրոցի կոմիտեի նախագահ Սեյրան Պետրոսյանն է, սակայն վերջինս կտրականապես հերքեց իր կապը այդ կուսակցության հետ` նշելով. «Չէ, չէ, ես հանրապետական եմ, ի՞նչ «Ժառանգություն», սխալվել եք, ես հանրապետականի շտաբի անդամ եմ, ես մոլի հանրապետական եմ»:
37/77 ընտրատեղամասի «Ժառանգության» ներկայացուցիչն էլ Վարդան Ստեփանյանն է, որի եղբայրը` Արմեն Ստեփանյանը, ՀՀ ֆինանսների նախարարության Կապանի հարկային պետի տեղակալն է, Գորիս քաղաքի թիվ 37 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահը:
Այսպիսով, կոնկրետ Սյունիքի մի շարք ընտրատեղամասերում «Ժառանգություն» կուսակցության հանձնաժողովի անդամները իրենց տեղերը նվիրել կամ վաճառել են հանրապետականներին: Ո՞րն է պատճառը, արդյո՞ք «Ժառանգություն»-ը չունի այնքան ներկայացուցիչ, որ կարողանա «ծածկել» բոլոր ընտրատեղամասերը, եթե այդպես է, ապա ինչու մյուս ուժերին չեն տրվել այդ տեղերը:
«Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի շուրջ փորձեց պարզաբանում ստանալ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից, սակայն վերջինս հորդորեց դիմել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին. «Սյունիքի հետ կապված հարցրեք Զարուհի Փոստանջյանին, ես չեմ կարող, քանի որ համակարգողն ինքն է: Իսկ կուսակցության անունից կարող եմ ասել, որ «Ժառանգություն» կուսակցությունը որեւէ մեկին տեղ չի ծախել, թե առանձին անդամներ ինչ կարող են անել այս ճնշման պայմաններում, դա այլ հարց է»:
Փորձեցինք նաեւ Զարուհի Փոստանջյանի հետ զրուցել, սակայն ապարդյուն:
«Ժողովուրդ»-ը կշարունակի հետաքննության միջոցով պարզել, թե մյուս ընդդիմադիրները որտեղ են իրենց հանձնաժողովի անդամների տեղերը վաճառել կամ նվիրել իշխանություններին:
Քնար Մանուկյան