Հայաստանի երկրորդ՝ չվերահսկվող բյուջեն. ինչպես են ծախսվում արտաբյուջետային հաշիվների միջոցները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում պետական պաշտոնյաները հաճախ են խոսում պետական բյուջեի միջոցների սղության մասին: Ամեն անգամ, երբ որեւէ ոլորտի լրացուցիչ գումար հատկացնելու հարց է բարձրացվում, պաշտոնյաներն անմիջապես հակադարձում են, թե միջոցներ չկան:

Հայաստանի խորհրդարանն անցած շաբաթ ավարտեց եկող տարվա պետական բյուջեի նախագծի քննարկումները: Առաջիկայում կառավարությունը պետք է վերջնական տեսքի բերի բյուջեի նախագիծը եւ ներկայացնի ԱԺ-ի հաստատմանը: 2016-ի բյուջեի նախագծի քննարկումներն իրենց բնույթով չէին տարբերվում նախորդ համանման փաստաթղթի քննարկումներից: Ինչպես հայտնի է՝ միջոցների «սղության» պատճառաբանությամբ եկող տարի կրճատվելու են ոչ լիարժեք դրույքով աշխատող գիտնականների՝ գիտական աստիճանի համար տրվող հավելավճարները:

Պետական բյուջեից բացի՝ գոյություն ունի նաեւ մեկ այլ՝ «ոչ հրապարակային» բյուջե, որը կրում է «արտաբյուջետային հաշիվների միջոցներ» անվանումը: Այս անվան ներքո հավաքագրվող գումարներն ամբողջությամբ տնօրինում է ՀՀ կառավարությունն՝ առանց խորհրդարանի հետ հաշվի նստելու: Դրանք այն միջոցներն են, որոնք կուտակվում են գերատեսչությունների հատուկ հաշվեհամարներին: Իսկ դրանք հիմնականում գոյանում են գերատեսչությունների կողմից մատուցված վճարովի ծառայությունների դիմաց կատարված մուծումներից, նրանց կողմից կիրառված տույժ եւ տուգանքներից, ինչպես նաեւ արտերկրից ստացված դրամաշնորհներից: Մասնավորապես, ընթացիկ 2015 թվականի համար Հայաստանի գերատեսչությունների արտաբյուջետային միջոցների հաշիվների մուտքերը, ըստ նախահաշիվների, պետք է կազմեն 33 միլիարդ 289 միլիոն դրամ: ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն՝ այս տարվա ինը ամիսների արդյունքներով արտաբյուջետային միջոցներից արդեն իսկ հավաքագրվել են 26 միլիարդ 587 միլիոն դրամ:

Արտաբյուջետային միջոցների մուտքերը հիմնականում բաժին են հասնում երկու գերատեսչությունների՝ ՀՀ ֆինանսների նախարարությանը եւ ՀՀ ոստիկանությանը: Մասնավորապես, ՀՀ ֆինանսների նախարարության արտաբյուջետային միջոցները տարեկան ծրագրով պետք է կազմեն 7 միլիարդ 559 միլիոն դրամ: Ինն ամիսների արդյունքներով դրանցից 4 միլիարդ 354 միլիոն դրամն արդեն հավաքագրվել է: Սակայն նշված նախարարությունն արտաբյուջետային միջոցների՝ 4 միլիարդ 356 միլիոն դրամն արդեն իսկ ծախսել է: ՀՀ ոստիկանության արտաբյուջետային միջոցները 2015 թվականին տարվա կտրվածքով պետք է կազմեն 22 միլիարդ 522 միլիոն դրամ: Այս տարվա ինն ամիսների արդյունքներով այդ գումարներից 15 միլիարդ 843 միլիոն դրամն արդեն հավաքագրվել է, որից ծախսվել է 15 միլիարդ 360 միլիոն դրամը:

Ի դեպ, ՀՀ ֆինանսների նախարարությունն իր արտաբյուջետային միջոցներից 640 միլիոն դրամը արդեն իսկ ծախսել է հարկային եւ մաքսային մարմինների աշխատակիցներին պարգեւատրումներ վճարելու համար: Մինչեւ տարվա վերջ այս գերատեսչությունն այդ նպատակով ծրագրում է ծախսել եւս 360 մլն դրամ: Ֆինանսների նախարարությունն իր արտաբյուջետային միջոցներից 3 միլիարդ 186 միլիոն դրամը ծախսել է շենքերի եւ շինությունների շինարարության վրա: Կարելի է կարծել, որ այս գերատեսչությունը ոչ թե Հայաստանի ֆինանսա-տնտեսական ոլորտի քաղաքականությունն է համակարգում, այլ քաղաքաշինությունը:

ՀՀ ոստիկանության դեպքում արտաբյուջետային միջոցներից 7 միլիարդ դրամն արդեն իսկ ծախսվել է ծառայությունների եւ ապրանքների ձեռքբերման նպատակով: Ի դեպ, ՀՀ ոստիկանությունն այն գերատեսչություններից է, որին պետական բյուջեից հատկացվող միջոցները եւս հսկայական են: Մասնավորապես, 2015 թվականի պետական բյուջեով ոստիկանության համար նախատեսված միջոցները կազմում են 38 միլիարդ 588 միլիոն դրամ: Այսինքն՝ եթե այդ գումարներին ավելացնենք նաեւ արտաբյուջետային միջոցները, ապա ստացվում է, որ ՀՀ ոստիկանության բյուջեն իրականում կազմում է ավելի քան 60 միլիարդ դրամ: Ստացվում է, որ ոստիկանության համակարգի վրա Հայաստանը ծախսում է պաշտպանության, այն է՝ բանակի համար հատկացված միջոցների մեկ երրորդի չափով գումար: Ի դեպ, եկող տարվա պետբյուջեի նախագծով ոստիկանությանը հատկացվելիք միջոցները նախատեսվում է մեկ միլիարդ դրամով ավելացնել:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս