Քաղաքապետարանի աշխատակցի մեքենան գտել են «կտրտած». գողերը ծանոթներն էին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի քաղաքապետարանի օպերատիվ շտաբի պետի տեղակալ, 40-ամյա Արման Գալստյանի բնակարանի գողության գործով ձերբակալվել են երեք անձ: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Արման Գալստյանը` հայտնելով, որ կալանավորված անձանց մեջ կան մարդիկ, որոնց նա ճանաչում է: Ասել է, թե քաղաքապետարանի աշխատակցի բնակարանը թալանել են նրան ծանոթ մարդիկ:

Իսկ ինչպե՞ս էր ամեն ինչ տեղի ունեցել: Բանն այն է, որ օգոստոսի 25-ին՝ ժամ 16:00-ից մինչեւ օգոստոսի 28-ի ժամը 00:30-ն ընկած ժամանակահատվածում, Նոր Նորքի 4-րդ զանգված Հովհաննիսյան փողոցի 14 շենքի 8-րդ բնակարանից հանցագործները տեխնիկական միջոցների գործադրմամբ, ճաղավանդակը պոկելու եւ պատուհանի փեղկը բացելու միջոցով գողացել էին հեռուստացույց, ժամացույց, բաճկոն եւ խոշոր չափի գումար: Տպավորությունն այնպիսին էր, որ հանցագործներն այսքանով պետք է բավարարվեին, բայց ոչ:

Այդ ամենից հետո հանցագործները բնակարանից վերցրել էին ավտոտնակի բանալիները, որտեղ կայանված էր եղել Mercedes մակնիշի 34 NM 978 համարանիշի ավտոմեքենան, առեւանգել էին այն: Ավելի ուշ պարզվել էր, որ բնակարանը, որտեղից հանցագործները գողություն էին կատարել Երեւանի քաղաքապետարանի օպերատիվ շտաբի պետի տեղակալ Արման Գալստյանի բնակարանն է: Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժողը կրել է մոտ 50 հազար ԱՄՆ դոլարի վնաս:

Հայաստանի քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Նոր Նորք եւ Ավան վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (գողությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) հատկանիշներով հարուցել էր քրեական գործ: Եվ, ահա, կատարվածից երկու ամիս անց «Ժողովուրդ»-ը Երեւանի քաղաքապետարանի օպերատիվ շտաբի պետի տեղակալ Արման Գալստյանից կատարված գողությունից որոշ մանրամասներ պարզեց: Ըստ մեր զրուցակցի՝ գողության գործով կալանավորվել է երեք անձ, որոնցից մի քանիսին նա ճանաչել է. «Դեպքի օրը մենք տանը չենք եղել, ու նրանք մտել են տուն: Ինձ համար շատ դժվար է խոսել այդ մասին, մեքենաս կտրտած վիճակում են գտել, ինչ ասեմ: Իմ իմանալով կալանավորված անձինք երեքն են, Աստված իրենց այդ վատ արարքի համար թող դաս տա»:
Հարցին, թե որտեղից է ճանաչում իր բնակարան մուտք գործած հանցագործներին Գալստյանը, չմանրամասնեց, միայն հայտնեց, որ ուղղակի ծանոթ է եղել նրանցից մի քանիսին: Դատելով նկարագրածից՝ հանցագործները տեղյակ են եղել, որ Գալստյանների բնակարանում նշված օրը մարդ չկա, եւ գործի են անցել:

Սակայն այս պատմության մեջ զարմանալն այն է, որ եթե հանցագործների նպատակը Արման Գալստյանին կողոպտելն է եղել, ապա առեւանգելով մեքենան՝ ինչո՞ւ չեն վաճառել այն, այլ վճռել են վատություն անել` «կտրտելով» Mercedes մակնիշի ավտոմեքենան: Միգուցե Արման Գալստյանն իր բնակարանը ներխուժած անձանցից մեկին վատությո՞ւն է արել, դրա համար այս ճանապարհով փորձել են հաշվեհարդար տեսնել նրա նկատմամբ: «Ինձ ճիշտ հասկացեք, երբ խոսում եմ կատարվածի մասին, ծանր եմ տանում, շատ ծանր է ինձ համար հիշել կատարվածը, դրա համար չեմ ուզում վերհիշել: Բայց ասեմ` բացի բնակարանի իրերից ու մեքենայից՝ նաեւ տարել էին գումար: Ես երբեք ոչ մեկի վատություն չեմ արել, աստվածապաշտ տղա եմ, ինչ ասեմ, Աստված թող իրենց դատաստան տա»:

Քնար Մանուկյան




Լրահոս