Ինչպես արդեն գրել էինք՝ նոյեմբերի 24-ին Սյունիքի մարզի Սդղլի գյոլ կոչվող տարածքում մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հարազատների մասնակցությամբ տեղի ունեցած աղմկալի ծեծի գործը ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Իհարկե, մարզպետի որդին ծեծի գործով «ջրից չոր դուրս եկավ»: Ճաղերի հետեւում առավել խիստ մեղադրանքով հայտնվեց Գորիս քաղաքի բնակիչ Յուրի Մանուչարյանը: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով եւ 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Իսկ, ահա, Դերենիկ Հակոբյանին, որը մազպետի վարորդի որդին է, Շահում Դավթյանին, Մայիս, Էյներ եւ Սեյրան Խաչատրյաններին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:
Նշենք, որ այս աղմկալի ծեծի գործով առավել խիստ մեղադրանքի առաջ կանգնած Յուրի Մանուչարյանն առաջին անգամ չէ, որ հայտնվում է իրավապահների ուշադրության կենտրոնում: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ նա խուլիգանության համար դատապարտվել է ազատազրկման 20 օր ժամկետով: Պարզեցինք, որ 2009 թվականի օգոստոսի 12-ին` ժամը 20:30-ի սահմաններում, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, Գորիս քաղաքի Արցախյան խճուղի 2 հասցեում՝ ավտոտեխսպասարկման կետի մոտ, ավտոմեքենան կտրուկ արգելակելու հարցի շուրջ վիճաբանության մեջ է մտել համաքաղաքացի Գրիշա Հայրապետյանի հետ՝ ցուցաբերելով բացահայտ անհարգալից վերաբերմունք ավտոտեխսպասարկման մոտ հավաքված մարդկանց նկատմամբ:
2008 թվականից Սյունիքի մարզի դատարանի նախագահ Սամվել Գրիգորյանից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել` արդյո՞ք նա համարձակություն կունենա մարզպետի հարազատներին ազատազրկել եւ հանուն արդարության դուրս գալ Սուրիկ Խաչատրյանի դեմ: Դատարանի նախագահի հավաստիացմամբ.«Չեմ կարծում, որ Հայաստանի Հանրապետությունում որեւէ դատարան, ինչ-որ մեկի դեմ դուրս գալով, խնդիր կունենա: Հայաստանի Հանրապետությունում բոլոր դատարաններն իրականացնում են արդարադատություն: Ցտեսություն»: Թե ինչպես է Գրիգորյանի ղեկավարած դատարանը մինչ այս արդարադատություն իրականացրել, Սյունիքի մարզում բոլորը գիտեն: Մնում է սպասել դատարանի նախագահի լուրջ խոստման իրականացմանը:
Քնար Մանուկյան