Հայաստանում սահմանադրական փոփոխությունների շուրջ իշխանության եւ ընդդիմության ներկայիս բանավեճը հիշեցնում է 2005թ. փոփոխությունների շրջանը: Ընդդիմությունը պնդում է, որ փոփոխությունների հասարակական պահանջ չկա, իսկ իշխանությունը խոստանում է դրանցով լուծել երկրում առկա բոլոր հարցերը: Այս առումով հարկ է ուշադրություն դարձնել «Վիկիլիքսի» կողմից հրապարակված մի հետաքրքիր փաստաթղթի: Վերջինս ցույց է տալիս, թե ինչպես էին իշխանականներն ու ընդդիմադիրները փորձում հաճոյանալ ամերիկացիներին` սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ իրենց տեսակետը ավելի բարձրաձայն պնդելով: Սույն զեկուցագիրը կենդանի փաստ է, թե որքան ինքնանպատակ են 2005 եւ 2015 թթ. գործընթացները:
Փաստաթուղթը հեղինակել է Հայաստանում ԱՄՆ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Էվանսը 2005թ. նոյեմբերի 2-ին: Զեկուցագրում դեսպանը պատմում է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Դենիել Ֆրեդի հայաստանյան այցի եւ դրա շրջանակներում ունեցած քննարկումների մասին: Այս դեպքում խոսքը վերաբերում է 2005թ. հոկտեմբերի 18-ին սահմանադրական փոփոխությունների կողմնակիցների եւ հակառակորդների հետ ամերիկյան կողմի հանդիպմանը լանչի շուրջ: Իշխանություններից հանդիպմանը մասնակցել էին Դավիթ Հարությունյանը, Տիգրան Թորոսյանը, իսկ ընդդիմադիրներից՝ Ստեփան Զաքարյանը, Արտաշես Գեղամյանը, Շավարշ Քոչարյանն ու Վազգեն Մանուկյանը: Ներկա են եղել նաեւ Արման Կիրակոսյանը, Վարդան Պողոսյանն ու Արմեն Հարությունյանը:
Արդարադատության այն ժամանակվա նախարար Դավիթ Հարությունյանը նկատել էր, որ սահմանադրական փոփոխությունները իդեալական չեն, բայց քայլ առաջ են ժողովրդավարությունն ամրապնդելու իմաստով:
Այնժամ ԱԺ փոխխոսնակ Տիգրան Թորոսյանն էլ իր համոզվածությունն էր արտահայտել, որ փոփոխությունները կարեւորագույն դեր են խաղալու ժողովրդավարության անշրջելի մեխանիզմներ ստեղծելու գործում: Իշխանության ներկայացուցիչները մեջբերել են Էվանսի արտահայտությունը, ըստ որի` սահմանադրական փոփոխությունները կարեւոր, բայց ոչ բավարար պայման են ժողովրդավարության համար` ընդգծելով, որ կառավարությունն ունի քաղաքական կամք փոփոխությունները կյանքի կոչելու համար: Հարությունյանը պատասխանել է, որ իշխանությունը որեւէ նպատակ չունի միջամտելու քվեարկությանը, իսկ Թորոսյանը խոստացել էր, որ հանրաքվեն լինելու է ազատ եւ արդար: Հետաքրքիր է, որ Դավիթ Հարությունյանն այսօր կրկնում է 10 տարի առաջ հնչեցրած իր հիմնավորումները: Դրանով նա փաստում է, որ սահմանադրական փոփոխությունները ինքնանպատակ են եղել, իսկ իր գործառույթը օրվա նախագահի ցանկությունների պաշտպանությունն է:
Իսկ, ահա, թունդ ընդդիմադիր Վազգեն Մանուկյանը նկատել է, որ ժողովրդավարությունը թույն չէ, որ փոքր չափաբաժնով օգտագործես, որպեսզի քեզ վրա չազդի: Ըստ նրա` Հայաստանի իշխանությունը միայն ձեւացնում է, թե իբր հետաքրքրվում է ժողովրդավարական բարեփոխումներով: Վազգեն Մանուկյանն այնժամ համոզված էր, որ հասարակական պահանջ չկա այդ փոփոխությունների նկատմամբ, եւ վերջիններս միայն կհետաձգեն այդքան անհրաժեշտ ու իրական փոփոխությունները: Այնժամ կարկառուն ՀԺԿ-ական Ստեփան Զաքարյանն էլ հավելել էր, որ կեղծված ընտրությունները, մամուլի ազատությունների սահմանափակումները եւ փոփոխություններ կատարելու քաղաքական կամքի բացակայությունն այն գործոններն են, որոնք խորացնում են անվստահության մթնոլորտը: Զաքարյանը պնդել է. «Ժողովուրդը պարզապես չի հավատում, որ բռնապետը կարող է հանկարծ դառնալ ժողովրդավար»:
Հազարամյակի մեկ այլ ընդդիմադիր Արտաշես Գեղամյանն էլ իր աջակցությունը սահմանադրական փոփոխություններին պատրաստ էր հայտնել միայն արտահերթ ընտրություններ նշանակելու դեպքում: Գեղամյանը շնորհակալություն է հայտնել Ֆրեդին` Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին ԱՄՆ կառավարության ցուցաբերած օգնության համար: Նա արձանագրել է, որ հայ ընտրողները ականատեսն են լոկ չնչին փոփոխությունների եւ ավելի քիչ կվստահեն այն իշխանությանը, որ խախտում է ժողովրդավարության սկզբունքները: Գեղամյանը Ֆրեդին խնդրել է Քոչարյանին համոզել, որ ընդունի իր կուսակցության հորդորն ու արտահերթ ընտրություններ նշանակի հանրաքվեից անմիջապես հետո:
Ամերիկացի պաշտոնյան մերժել է Գեղամյանի խնդրանքը` ասելով, որ Քոչարյանի հետ հանդիպմանը ինքը միայն ընդգծելու է ԱՄՆ-ի կառավարության հետաքրքրությունն ազատ ու արդար ընտրությունների հարցում: Մեկ այլ կարկառուն ընդդիմադիր Շավարշ Քոչարյանը պնդել է, որ հայաստանցիները երաշխիք չունեն, որ փոփոխություններով նախագահը երրորդ ժամկետին այլեւս չի հավակնի. «Եթե կառավարությունն իսկապես ցանկանում է քայլ առաջ անել ժողովրդավարության հարցում, այն պիտի ձգտի հասարակական վստահություն ստեղծել»:
Դենիել Ֆրեդը ի պատասխան՝ նկատել է, որ ԱՄՆ-ն շահագրգռված է ազատ ու արդար կազմակերպման գործում: Նա առաջարկել էր քաղաքական գործիչներին նախ խաղի կանոններ սահմանել եւ միայն դրանից հետո վիճարկել ժողովրդավարության զարգացման ուղիները: Ֆրեդը հավելել է, որ իրենք հետեւելու են Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը` որպես «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի նախապայման: Զեկուցագրի ավարտին դեսպան Էվանսը արձանագրում է, որ Հայաստանի քաղաքական ընտրանին չի ցանկանում կոմպրոմիսի գնալ եւ ազատորեն մոտենալ բանավեճին:
Ճակատագրի հեգնանքով վերոնշյալ գրեթե բոլոր ներկայացուցիչները ներկայումս սատարում են իշխանությանը` ակտիվորեն քարոզելով Սերժ Սարգսյանի սահմանադրական փոփոխությունների օգտին: Հատկանշական է, որ այսօր փութաջանությամբ իշխանությանը ծառայող նախկին ընդդիմադիրների փաստարկները հաջողությամբ կարող են վերաբերել նաեւ 2015թ. սահմանադրական փոփոխություններին: Ավելին` այս 10 տարիների ընթացքում Հայաստանի ժողովրդավարության հարցում որեւէ փոփոխություն չկա, սակայն բոցկլտուն ընդդիմադիրներն այլեւս մոռացել են հասարակական պահանջի, կեղծվող ընտրությունների եւ նմանատիպ այլ «մանրուքների» մասին:
Ն. Հովսեփյան