Ինձ ծանոթ երաժիշտներն ապշած են վերադառնում Հայաստանից. Հրայր Կարապետյան (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ջութակահար Հրայր Կարապետյանն արդեն երեք տարի է` ապրում եւ ստեղծագործում է Բելգիայում: Նա զբաղվում է համերգային գործունեությամբ, մասնակցում տարբեր մրցույթների: Հրայրն աշխատում է մի շարք նվագախմբերի հետ (Classical Concert Chamber Orchestra, National orchestra of Belgium, Vlaamse Opera եւ այլն): Նա իր եղբոր` ջութակահար Հենրիկ Կարապետյանի հետ կյանքի է կոչել «Karapetyan brothers» երաժշտական նախագիծը: «Ժողովուրդ»-ը զրուցել է արտերկրում գտնվող մեր հայրենակից երաժիշտի հետ:

-Հրա՛յր, գիտենք, որ Ձեր եղբոր հետ երկար տարիներ տեսնվելու հնարավորություն չեք ունեցել (նա ապրում եւ ստեղծագործում է ԱՄՆ-ում), իսկ երբ վերջապես այդքան սպասված հանդիպումը կայացել է, իրականացրել եք «Karapetyan brothers» երաժշտական նախագիծը: Դրա շրջանակներում ի՞նչ գործունեություն եք ծավալում, ի՞նչ ծրագրեր ունեք:

-Այո՛, մենք հանգամանքների բերումով չէինք տեսնվել ավելի քան 13 տարի: Իսկ միասնական նախագիծ իրականացնելու գաղափար վաղուցվանից ունեինք: Ես եւ եղբայրս հանդիպեցինք 2015-ին, Փարիզում` Համաշխարհային հայկական նվագախմբի համերգին, եւ կյանքի կոչեցինք մեր վաղեմի երազանքը: Մենք արդեն հասցրել ենք ելույթ ունենալ Եվրոպայում, հիմա պատրաստվում ենք 2016-ի մարտին համերգային տուր իրականացնել Միացյալ Նահանգներում եւ Կանադայում:

2

-«Karapetyan brothers»-ի շրջանակներում այլ հայ երաժիշտներ ընգրկվա՞ծ են:

-Այո՛, մեր դաշնակահարը կինս է` Հասմիկ Մանուկյանը. 7 տարի է` միասին ենք թե՛ անձնական, թե՛ մասնագիտական «ճակատներում» (ծիծաղում է):

-Հարցս, գուցե, այս ազնվագույն գործիքի համար կոպիտ հնչի, բայց հետաքրքիր է` ջութակը եկամտաբե՞ր գործիք է:

-Ընդհանրապես, դասական երաժշտության ոլորտում չկան մեծ եկամուտներ, կամ էլ կան, բայց բացառիկ դեպքերում, եթե խոսելու լինենք, օրինակ, համաշխարհային աստղերի մասին: Մնացած դեպքերում մենք ավելի շատ մեզ համար ենք նվագում եւ ստեղծագործում, իհարկե, կարեւոր է, եթե կարողանում ես, այսպես ասած, քեզ լավ «վաճառել», քո գինը իմանալ. այդ դեպքում հնարավոր է լավ ապրել:

-Պարզ է, որ Բելգիայում երաժիշտին ավելի խոստումնալից ապագա է սպասվում: Այդտեղ կարիերա եք անում, մի շարք հաջողությունների եք հասել. հնարավո՞ր է, որ Ձեր ստացած փորձը մի օր բերեք Հայաստան:

-Անպայման: Դեռ շատ երկար ճանապարհ ունեմ անցնելու: Մեծ հույս ունեմ, որ մի օր հնարավոր կլինի վերադառնալ իմ հայրենիք եւ ստեղծագործել այդտեղ: Իսկ Եվրոպան դասական երաժշտարվեստի սիրտն է, լինելով այստեղ` քեզ ընձեռվում են մեծ հնարավորություններ, որոնք Հայաստանում ինչ-որ չափով սահմանափակ են: Մենք ունենք շատ լավ դպրոց, լավ մասնագետներ, բայց ունենք մեկ նվագախումբ (նկատի ունի Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը` հեղ.): Կարեւոր է նաեւ այն հանգամանքը, որ Եվրոպայում միջազգային մրցույթները, փառատոնները, համաշխարհային աստղերը, այսպես ասած, մոտ են: Իհարկե, պետք է հաշվի առնել նաեւ վարձատրության հարցը:

-Ըստ Ձեզ` Հայաստանում դասական երաժշտությամբ հետաքրքրվողների թիվն աճո՞ւմ է: Իսկ ինչպիսի՞ն է այստեղի հանդիսատեսը:

-Հայաստանում օրեցօր մեծանում է դասական երաժշտության նկատմամբ հետաքրքրությունը: Մենք ունենք հիանալի փառատոններ, ֆիլհարմոնիկ նվագախումբ: Այդտեղ հանդես են գալիս համաշխարհային աստղեր: Հայաստանի հանդիսատեսը շատ «տաք» է: Ինձ ծանոթ բոլոր երաժիշտները ապշած են վերադառնում Հայաստանից. իրոք, ամենաջերմ հանդիսատեսը մերն է: Համերգը լավ ներկայացնելու, լավ գովազդի դեպքում հնարավոր է հետաքրքրել մեր հանդիսատեսին: Ինձ շատ է ուրախացնում այն հանգամանքը, որ հատկապես երիտասարդների շրջանում դասական երաժշտության նկատմամբ մեծ հետաքրքրություն կա:

3

-Հրա՛յր, Հայաստանում երաժիշտ ընկերների հետ կապը պահո՞ւմ եք: Հնարավո՞ր է՝ մի օր համագործակցեք: Իսկ այդտեղ հայ համայնքի հետ կապը սե՞րտ է:

-Այո՛, իհարկե, Բրյուսելում արդեն բանակցություններ ենք վարում, որ համերգ կազմակերպենք, որին Հայաստանից կհրավիրվեն տաղանդավոր երաժիշտներ: Համերգին կմասնակցեն նաեւ երաժիշտներ Գերմանիայից: Իսկ ինչ վերաբերում է հայ համայնքի հետ կապին, ապա տեղեկացնեմ, որ հիմա պատրաստվում ենք դեկտեմբերի 13-ին «Հայասա» երաժշտական նախագծի դեբյուտային համերգին, որը տեղի կունենա Բրյուսելում՝ «Հայի տանը»:

-Եվրոպացի հանդիսատեսին հայկական երաժշտության հնչյուններին ծանոթացնելու առիթներ ունենո՞ւմ եք, ինչպիսի՞ն է լինում ընդունելությունը:

-Գրեթե բոլոր համերգներիս ծրագրում ընդգրկված են հայկական ստեղծագործություններ: Իմ առաջին CD-ում ներառել ենք Առնո Բաբաջանյանի` ջութակի եւ դաշնամուրի սոնատը: Առհասարակ, հայկական երաժշտությունը միշտ շատ լավ է ընդունվում:

Աննա Բաբաջանյան




Լրահոս