ԼՂՀ-Ն ՍԿՈՒՏԵՂՈՎ ՉԻ ՄԱՏՈՒՑՎԵԼՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ ԵԽԽՎ ընդունած հակահայկական զեկույցների ընդունումը չի նշանակում, որ մենք ԼՂՀ-ն սկուտեղով մատուցելու ենք Ադրբեջանին:

-Պարո՛ն Թորոսյան, ԵԽԽՎ հայկական պատվիրակությանն արդեն մի քանի անգամ է չի հաջողվում եվրոպացի պատգամավորների հետ «բանակցել», որպեսզի նրանք չտրվեն ադրբեջանական լոբբինգին ու հակահայկական զեկույցներին կողմ քվեարկեն: Ինչի՞ արդյունք է սա, ինչո՞ւ է հայկական պատվիրակությունը նման «կարգավիճակում» հայտնվել, ի՞նչն է այս ձախողումների պատճառը:
-Ձեր հարցը հոռետեսական հիմքով է, արտաքին քաղաքականությունը հարահոս, դինամիկ գործողությունների գործընթաց է, որն իրականացվում է: Արտաքին հարաբերությունները, կարելի է ասել, բարձրագույն ոլորտն է պետական կառավարման համակարգում, քանի որ գործ ունես բազմաթիվ շահերի հետ, շահերի բախումների հետ, միջազգային հանրության ու տարբեր պետությունների հետ, ինչպես նաեւ տարածաշրջանում առկա տարբեր խնդիրների հետ: Ու այս առումով մենք շատ անելիք ունենք, շատ մեծ բան արվում է, բայց լինում են նաեւ նման դեպքեր` ԵԽԽՎ-ի պարագայում արդեն այո ունենք, երկրորդ դեպքը, երբ առաջարկվում է հակահայկական զեկույց: Դրա խնդիրները, պատճառները շատ են, որոնք կարող ենք թվարկել` խավիարային դիվանագիտությունը, մեծ տերությունների շահերի բախում, կարծում եմ՝ նաեւ այդ ամենում անելիք ունի նաեւ մեր ԵԽԽՎ պատվիրակությունը, անելիք ունի մեր արտաքին գործերի նախարարությունը, անելիք ունի խորհրդարանը` մենք բոլորս, որպեսզի ստեծված նման իրավիճակներում կարողանանք այդ խնդիրները շտկել: Իսկ այլ առումներով մենք բավականին լուրջ ձեռքբերումներ ունենք` արտաքին քաղաքականության ձեւաչափերում, միջխորհրդարանական կառույցներում ու չէի ցանկանա հոռետեսական ձեւով մոտենալ այդ ամենին, փաստն այն է, որ ադրբեջանցիներին հաջողվել է ԵԽԽՎ-ում այդ զեկույցներն առաջարկել ու անցկացնել, ամեն դեպքում կարծում եմ՝ այդ ամենից պետք չէ ողբերգություն սարքել, որովհետեւ ԵԽԽՎ-ի որոշումներն ավելի շատ հանրության համար են, ավելի շատ ֆոն ստեղծելու նպատակով, որեւէ գործնական, պրակտիկ նշանակություն չունեն, բայց դա չի նշանակում, որ մենք չենք պայքարելու, որպեսզի ԵԽԽՎ-ում նման միջադեպեր տեղի չունենան:
-Բայց հայկական պատվիրակության անգործության պատճառով Ադրբեջանին հաջողվում է ԼՂՀ-ի հետ կապված այնպիսի հայտարարություններ անել, որոնք կարող են շատ վատ հետեւանքներ ունենալ…
-Ես այդ երկու զեկույցներում տեսնում եմ անձնական եւ խմբակային շահագրգռվածություն, շահախնդրություն, որովհետեւ ամեն դեպքում միջազգային հանրության մոտեցումներն այն չեն Ղարաբաղյան հակամարտության հետ կապված, Հայաստանի հետ կապված, հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ կապված, համենայնդեպս, այն չէ, ինչ-որ այդ զեկույցներով են ներկայացնում, որից էլ կարելի է եզրակացնել, որ կա անձնական շահագրգռվածություն, որի դեմ, չգիտեմ ինչպես, պետք է պայքարել: Հավանաբար պետք է մարդկանց հետ ավելի շատ բանակցել, ավելի շատ կողմնակիցներ ձեռք բերել, համենայնդեպս, սա ձեւաչափերից մեկն է, որով կարելի է ավարտին հասցնել բանակցային գործընթացը` խաղաղ ճանապարհով: Նման զեկույցներն այս ամենի վրա ցեխ են շպրտում՝ ստվերներ ու խոչընդոտներ հարուցելով ու պատահական չէ, որ հենց եռանախագահները շատ նեգատիվ վերաբերմունք ցուցաբերեցին ԵԽԽՎ-ի նման մոտեցումներին՝ պարզ արտահայտվելով, որ դա, մեղմ ասած, չի նպաստելու կոնֆլիկտի կարգավորմանը:
-Եթե ԵԽԽՎ հայկական պատվիրակության չի հաջողվում այս տարիների ընթացքում արդյունք գրանցել, գուցե իսկապես փոխվի պատվիրակության կազմը` նախագահողի գլխավորությամբ: Արդյո՞ք ձախողումների մեղավորները նրանք չեն, գուցե բոյկոտե՞ն նիստերը:
-Ես բոյկոտելուն դեմ եմ, դա ավելի շատ Ադրբեջանի իշխանություններին հարիր ոճ է, քանի որ այդ երկրում մարդու իրավունքների ոտնահարում է, միջազգային հանրությունն էլ հստակ արտահայտվում է այդ ամենի մասին, այսինքն՝ դա ջայլամային քաղաքականություն է` չտեսնելով դա դեռեւս չի նշանակում, որ մենք հարցը լուծում ենք, ես կարծում եմ, որ մենք պետք է համառորեն շարունակենք մեր աշխատանքները: Պետք է միջազգային հանրությանը ցույց տալ, որ պետք է կանխվի նման նեղ անձնական որոշումները, շահերը: Եթե նման զեկույցներն անգամ ընդունվում են, ապա դա չի նշանակում, որ մենք սկուտեղով ԼՂՀ-ն մատուցելու ենք Ադրբեջանին, ոչ, մենք այդ ամենից հետո ավելի ենք համախմբվում, ավելի ենք ուժեղացնում մեր գործողությունները: ԵԽԽՎ-ի այդ քայլն ընդամենն այն է, որ փորձ է արվում ձեւաչափ փոխել, որն ընդունելի չէ, ու այդպես չի էլ լինելու:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՄԻՄՅԱՆՑ ԱՄՈԹԱՆՔ ՏՎԵՑԻՆ

Երեկ Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվեց Բուրաբայում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ապրանքների ներմուծման ու շրջանառության որոշ հարցերի մասին» արձանագրությունը: Նախ ելույթ ունեցավ հիմնական զեկուցող միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ Սուրեն Կարայանը, այնուհետեւ մի շարք պատգամավորներ:

Նկատենք, որ ինչպես միշտ, այս անգամ եւս դահլիճում պատգամավորները սակավաթիվ էին: Շատերը ներս ու դուրս էին անում՝ ոչ այնքան լրջորեն լսելով քննարկվող նախագիծը: Իսկ շատերը միմյանց վիրավորելու հնարավորությունը բաց չէին թողնում: Այս առումով ուշագրավ էր հատկապես «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ելույթի ընթացքում առաջացած լարվածությունը: Վերջինս իր խոսքի սկզբում, շեշտը դնելով ՀՀԿ-ականների գործունեության վրա, բավականին սուր ելույթով հանդես եկավ, ինչը դուր չեկավ ՀՀԿ-ական պատգամավորներին:
Փոստանջյանը կարծիք հայտնեց, որ ՀՀ տնտեսվարող սուբյեկտները վնասներ են կրում սերտիֆիկատների մասով՝ հիշեցնելով ՀՀԿ-ական գործարար պատգամավորի ելույթը. «Սրանք մի փոքր դրվագներ են, բայց իրականում այն պատճառված վնասը, որ մեզ հասցրեց այս անդամակցությունը, երեւալու է 2016-ին, մեր բյուջեն արդեն իսկ ունի հսկայական ճեղքեր, մեր թոշակներն ու աշխատավարձերը չեն բարձրանալու, դրա հետ մեկտեղ ապրանքների գները բարձրանալու են, եւ դրա հետ մեկտեղ Սերժ Սարգսյանը նախաձեռնել է եւս մեկ ցնցում մեր 2 պետականությունների նկատմամբ»,-հայտարարեց Փոստանջյանը:
Այնուհետեւ խոսելով սահմանադրական փոփոխությունների նախագծի մասին՝ պատգամավորը հայտնեց, որ իրենք ահազանգեր են ստացել, թե ՀՀԿ ներկայացուցիչները ճնշումներ են գործադրում հանձնաժողովների անդամների վրա՝ ընտրությունների արդյունքները կեղծելու համար: Փոստանջյանը կոչ արեց քաղաքացիներին դեկտեմբերի 1-ին Ազատության հրապարակում հավաքվել եւ անհնազանդության գործողությունների միջոցով պայքարել իշխանության դեմ:
«Միասնական գործողությունները պետք է լինեն համատարած, մենք կարող ենք մեկ շաբաթ չգնալ տուն, մնալ փողոցում, լինել քաղցած, կարող ենք մեկ շաբաթ ցրտից մրսել: Երբ ՀՀԿ-ական ֆրակցիայի ներկայացուցիչը հայտարարում է, որ մենք պետք է հանձնենք մեր տարածքները, սա արդեն Սերժ Սարգսյանի ակնհայտ դավաճան հայտարարությունն է, որին պետք է վերջ տանք»,-ասաց պատգամավորը:
Փոստանջյանի ելույթից հետո ՀՀԿ պատգամավոր Շուշան Պետրոսյանը դահլիճից բղավեց. «Ամոթ քեզ»:
Ի պատասխան Պետրոսյանի՝ Փոստանջյանն ասաց. «Ամոթը Ձեզ, որ ընդգրկվել եք Սերժ Սարգսյանի թիմի մեջ, ամոթը Ձեզ, որ նպաստում եք մեր երկրի անկմանն ու արտագաղթին»:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ, դիմելով Փոստանջյանին, հորդորեց հանգստանալ. «Հանգստացե՛ք, դա Ձեր գործը չէ, բժշկի գործն է: Գոնե մի անգամ ողջամիտ ելույթ ունեցեք, եթե խորհրդարանը համաձայնվի, որովհետեւ նույն ելույթն է, ֆանագրամա միշտ կտեղադրենք, կլսի ժողովուրդը, չի կարելի ԱԺ ամբիոնը խղճուկ ելույթներով ապահովել»:

ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ

 

 

 

 

 
ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆՈՒՄ
«Ժողովուրդ»-ին պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահի աշխատակազմը սեպտեմբերի 18-ին կնքված պայմանագրով պարտավորվել է «Էքսպերտ Մեդիա Ե.Մ.» ընկերությանը վճարել 13 միլիոն դրամ՝ վերանորոգման աշխատանքների դիմաց: Պայմանագրից պարզում ենք, որ նախագահականում վերանորոգել են նստավայրի հսկիչ-անցագրային կետը, նախամուտքի սրահը, նաեւ մասնակի շենքի տանիքը: Օրինակ՝ նախամուտքի սրահի պատերն ու առաստաղը բարձրորակ՝ իտալական կամ գերմանական ներկով ներկելու համար ծախսվել է 1 մլն 440 հազար դրամ: Փոխարենը տանիքը երկշերտ ներկելու համար ծախսվել է 6 մլն 650 հազար դրամ:

 

ՎԵՐԵԼԱԿՆԵՐԻ ՎՃԱՐԸ ԿԹԱՆԿԱՆԱ
Աջափնյակ վարչական շրջանի 16-րդ թաղամասի բնակիչների ահազանգի համաձայն՝ այս օրերին իրենց շենքերում լիազորները բնակիչներին տեղեկացնում են, որ այս տարվա դեկտեմբերի 1-ից վերելակների վարձավճարները թանկանալու են: Մեզ հետ զրույցում քաղաքացիները, որոնց անունները հարգելի պատճառներով չենք հրապարակում, ասացին, որ իրենց շենքի լիազորը ասել է, թե վարձավճարի բարձրացումը պայմանավորված է էլեկտրաէներգիայի թանկացմամբ, եւ եթե չթանկացնեն, ապա վերելակը չի գործի: «Նախկինում վճարում էինք 1000 դրամ հիմա պետք է վճարենք 1300 դրամ, ինչ անենք, այլընտրանք չունենք: Ասում էին՝ թանկացումը չի ազդի քաղաքացու վրա, բայց եկեք ու տեսեք, թե ինչպես է ազդում»,- ասաց բնակիչը: Այսինքն՝ այս դեպքում թանկացումը կազմելու է 30 տոկոս:

 

ԳՈՂՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Երեւանի քաղաքապետարանի օպերատիվ շտաբի պետի տեղակալ, 40-ամյա Արման Գալստյանի բնակարանի գողության գործով ձերբակալվածներ կան: Քննչական կոմիտեի Նոր Նորք եւ Ավան վարչական շրջանների քննչական բաժնում առանձնակի խոշոր չափի գողության փաստով հարուցված է եւ քննվում է քրեական գործ: Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 25-ի ժամ 16:00-ից մինչեւ օգոստոսի 28-ի ժամը 00:30-ն ընկած ժամանակահատվածում. Նոր Նորքի 4-րդ զանգված Հովհաննիսյան փողոցի 14 շենքի 8-րդ բնակարանից հանցագործները տեխնիկական միջոցների գործադրմամբ պոկել էին ճաղավանդակը եւ պատուհանի փեղկը բացելով՝ գողացել հեռուստացույց, ժամացույց, բաճկոն, խոշոր գումար, ինչպես նաեւ ավտոտնակում կայանված «Mercedes» մակնիշի ավտոմեքենան: Ըստ նախնական տեղեկությունների՝ քաղաքապետարանի աշխատակիցը կրել է մոտ 50 հազար ԱՄՆ դոլարի վնաս:




Լրահոս