«ԷՅՐ ԱՐՄԵՆԻԱ» ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՆԱՆԿԱՑԱՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միջազգային ավիափոխադրողները Հայաստանից հեռանում են ոչ նպաստավոր պայմանների պատճառով, իսկ ազգային ավիափոխադրողները՝ սնանկանում: Հայաստանի բախտը տեղական ավիափոխադրողների հարցում կարծես թե չի բերում. նախ` «Հայկական ավիաուղիներ»-ը սնանկացավ, հետո՝ «Ամավիա»-ն դադարեցրեց գործունեությունը եւ սնանկ ճանաչվեց, հիմա էլ՝ «Էյր Արմենիա»-ն:

Ինչո՞ւ սնանկացավ ազգային ավիափոխադրողը: «Էյր Արմենիա»-ն շուրջ 10 տարի զբաղվել է ավիաբեռնափոխադրմամբ, առաջին ուղեւորափոխադրող թռիչքն իրականացրել է դեռեւս 2013 թվականի հոկտեմբերին: Նախորդ տարվա սեպտեմբերին ռուսական լրատվամիջոցները գրել էին, որ «Էյր Արմենիա»-ի պարտքերի պատճառով սեպտեմբերի 21-ից կդադարեցվեն թռիչքները Հայաստանից դեպի Ռուսաստան: Սակայն ընկերությունը հերքել էր այս լուրերը՝ նշելով, որ Ռուսաստանում ավիահաղորդակցության ոլորտը կարգավորող մարմնի՝ «Ռոսաէրոնավիգացիա»-ի (ՌԱՆ) նկատմամբ ունի 400 հազար դոլարի պարտք եւ 700 հազար դոլարի ընթացիկ պարտք, որը հնարավոր չի եղել մարել, քանի որ այն բանկը, որի միջոցով ՌԱՆ-ի գումարները փոխանցվել են, ԱՄՆ-ի եւ եվրոպական երկրների կողմից սանկցիայի տակ է: «Էյր Արմենիա»-ն ՌԱՆ-ին առաջարկել էր, որ մինչեւ սեպտեմբերի 21-ն իրենց ներկայացնեն այնպիսի բանկի հաշիվներ, որտեղ արված փոխանցումները տեղ կհասնեն: Սակայն ՌԱՆ-ը անակնկալ հայտարարություն էր տարածել, որ պարտքերի պատճառով հրաժարվում է սպասարկել «Էյր Արմենիային», եւ վերջինիս թռիչքները դեպի Ռուսաստան դադարեցվում են: Դա մեծ խուճապ առաջացրեց թե՛ ուղեւորների, թե՛ վարկատուների մոտ: Բազմաթիվ ուղեւորներ վերադարձրեցին արդեն իսկ գնված տոմսերը: Հաջորդող օրերին ուղեւորների մի մեծ զանգված հրաժարվեց հայկական ուղեւորափոխադրողի ծառայությունից, ինչի արդյունքում ընկերության տոմսերի վաճառքը նվազեց ավելի քան 60 տոկոսով: Այս ամենի պատճառով ընկերությունը ֆինանսական մեծ վնասներ կրեց եւ դադարեցրեց ուղեւորափոխադրումները: Սակայն չնայած դրան` հաջորդող ամիսներին ընկերությունը պարբերաբար հաղորդագրություններ էր տարածում այն մասին, որ առաջիկայում կվերսկսեն չվերթները: Սակայն դա այդպես էլ տեղի չունեցավ, եւ ընկերությունը սնանկացավ:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ այս տարվա նոյեմբերի 2-ի վճռով «Էյր Արմենիա» ՓԲԸ-ն ճանաչվել է սնանկ: Բանն այն է, որ այս տարվա հուլիսի 28-ին «Էյչ էս Բի Սի բանկը» դիմել է Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարան` «Էյր Արմենիա» ՓԲ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով:
«Էյր Արմենիա» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ ըստ օրենքի՝ առողջացման ծրագիր ներկայացնելու ժամկետը սահմանված է մինչեւ պարտատերերի առաջին ժողովը: «Հիմա՝ այս փուլում, պահանջների գրանցման գործընթացն է, ինչից հետո հստակ կհասկանանք, թե որքան է ընկերության ունեցած պարտավորությունը կամ ում հանդեպ՝ բանկերի, հարկային մարմինների հանդեպ, նաեւ՝ չվճարված աշխատավարձերը: Եւ այս ամբողջական պարտքերի պատկերը հստակ ունենալուց հետո կհասկանանք՝ հնարավո՞ր է, արդյոք, ֆինանսապես առողջանալ, թե՞ ոչ»,- մանրամասնեց սնանկության գործով կառավարիչը: Նրա խոսքերով՝ ընկերությունն է ներկայացնելու առողջացման ծրագիրը: Եւ որպեսզի ամեն բան իրատեսական լինի, պետք է տվյալներ լինեն, թե ներկա պահին ընկերությունն ում եւ որքան է պարտք, եւ ինչ ծավալով են առողջացնող ներդրումները լինելու: «Ընկերությունը խոշոր չափի պարտքեր է կուտակել, հետո երկար ժամանակ գործունեություն չի ծավալել: Հիմնականում ընկերությունը պարտք է բանկերին: Այս պահին կան արդեն գրանցված պարտատերեր»,- տեղեկացրեց Ասատրյանը: Նշենք, որ «Էյր Արմենիա» ՓԲԸ-ին պատկանող գույքը գտնվում է արգելանքի տակ:
Այսքանից հետո ընկերությունը կկարողանա՞ ներկայացնել առողջացման ծրագիր: Այս հարցին ի պատասխան՝ ընկերության մամուլի քարտուղար Սիրակ Համբարձումյանն ասաց. «Առաջիկայում պարտադիր առողջացման ծրագիր ենք ներկայացնելու: Հիմա այն մշակման փուլում է գտնվում: Ինչ-որ տեխնիկական հարցեր կան: Այս պահին կոնկրետ ժամկետ չեմ կարող նշել, թե երբ ենք ներկայացնելու առողջացման ծրագիրը: Բայց այն հաստատվելուց հետո ավելի հեշտ կլինի շարժվել առաջ, որովհետեւ արգելանքից կհանվի գույքը, եւ մենք կկարողանանք գործել»: Ս. Համբարձումյանը հայտարարեց նաեւ, որ այն գումարը, որը «դրսից» պետք է ուղարկվեր, հիմա կապված է ընկերության առողջացման ծրագրի հետ: «Ժողովուրդ»-ը ընկերության ներկայացուցչից հետաքրքրվեց, թե որքան է կազմում ընկերության ամբողջական պարտքը, սակայն վերջինս նշեց, որ տեղյակ չէ: «Մենք չէինք գնա սնանկացման, «Էյչ Էս Բի Սի բանկ»-ն է դիմել դատարան՝ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով»,- ընդգծեց Համբարձումյանը:
Ի դեպ, տեւական ժամանակ է՝ մամուլում լուրեր են շրջանառվում, որ ընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանը երկրում չէ: «Ժողովուրդ»-ը փորձեց նրա հետ կապ հաստատել, սակայն դա մեզ չհաջողվեց:
Հիշեցնենք, որ օգոստոսի 15-ին «Էյր Արմենիա» ընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանը ծեծի էր ենթարկվել: Ավետիսյանի կինը՝ Իզաբելլա Մելքումյանը, հայտնել էր, որ ընկերությունն ունի պարտքեր, եւ պարտատերերից Գառնիկ Պապիկյանը, որը հանդիսանում է «Տարոն» ավիաընկերության սեփականատերը, դիմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին, որպեսզի վերջինս «այլ ճանապարհներով պարտքերը ստանա»: Մելքումյանը պատմել էր, որ Հայրապետյանը ամուսնուն հրավիրել էր ֆուտբոլի ֆեդերացիա՝ հանդիպման: Ապա ամուսնուն ծեծելով տարել ու պահել ֆեդերացիայում: Սակայն ավելի ուշ այդ հայտարարությունների առիթով քրեական գործի հարուցումը մերժվեց հանցադեպի բացակայության հիմքով:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 
ՄԻՆՉԵՎ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ը ԺԱՄԱՆԱԿ ՏՎԵՑԻՆ

Երեկ ՀՀ կառավարության շենքի առջեւից դեպի Ազգային Ժողով ուղեւորվեցին վերջերս ձեւավորված «Կարմիր քարտ» նախաձեռնության անդամները: Այնուհետեւ նրանք երթով շարժվեցին դեպի ՀՀ նախագահի նստավայր: Նախաձեռնության անդամները Սերժ Սարգսյանից պահանջում են նվազեցնել Էլէներգիայի սակագինը եւ լայն սպառման ապրանքների գները:

Նախաձեռնության անդամ Վարազդատ Բարսեղյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իրենց պահանջը հիմնավորում են շրջապատող երկրների հետ համեմատելով, քանի որ տեսանելի է, որ Հայաստանում անհամեմատ գները բարձր են: «Հիմնավորում ենք նաեւ, որ ապրանքը ներկրվում է Հայաստան, ինչքան ծախս է կատարվում տվյալ ապրանքների համար եւ ինչքան պետք է լինի: Տվյալ ապրանքներից գերշահույթ են ստանում, այսինքն՝ շատ թանկ են վաճառում: Այդ բոլոր հաշվարկները մասնագետների կողմից ունենք»,- ասաց նա:
Ինչպես բոլոր երթերի ընթացքում, այս անգամ եւս ոստիկանների եւ շարժման անդամների միջեւ միջադեպ տեղի ունեցավ: Շարժման անդամները ցանկանում էին փողոցը հատել ոչ սահմանված մասում, բայց ոստիկանները թույլ չտվեցին: «Ոստիկաններ, դուք խախտում եք Սահմանադրությամբ մեզ տրված իրավունքը եւ խոչընդոտում եք մեր ազատ տեղաշարժը»,- հայտարարեց շարժման անդամ Փայլակ Թեւանյանը: Շարժման անդամները փորձեցին փողոցը հատել դիմացի մայթով, սակայն այստեղ էլ դիմադրության հանդիպեցին: Ի վերջո, նրանց հաջողվեց Սարյան-Բաղրամյան խաչմերուկով հատել փողոցը եւ շարժվել դեպի Ազգային ժողով՝ «Միացեք», «Վերջ թալանին» վանկարակումներով:
«Կարմիր քարտ» նախաձեռնության անդամ Փայլակ Թեւանյանը կառավարության ընդունարանում դիմում-բողոքների ընդունման բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանին հանձնեց իրենց դիմում-պահանջը` մեկ շաբաթվա ընթացքում ուսումնասիրելու եւ գործին ընթացք տալու պահանջով: Այնուհետեւ շարժվեցին նախագահական նստավայր, որտեղ եւս պատրաստվում էին նամակ հանձնել, սակայն ոստիկաններն արգելեցին դիմացի մայթն անցնել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նախաձեռնության անդամ Փայլակ Թեւանյանն ասաց, որ այսքանով չեն սահմանափակվելու եւ նոյեմբերի 30-ին գալու են տեղեկանալու, թե ինչ ընթացք է տրվել իրենց բարձրաձայնած խնդիրներին:

ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ

 

 

 
ԱՆՏԵՂՅԱԿ ԳՅՈՒՂԱՊԵՏԵՐԸ
Տավուշի մարզի համայնքների ղեկավարները հայտնվել են երկու քարի արանքում: Մի կողմից՝ իշխանությունները խիստ հրահանգ են տվել դեկտեմբերի 6-ին կայանալիք Սահմանադրության նախագծի հանրաքվեի ժամանակ իրենց համայնքում այո ապահովել, մյուս կողմից՝ համայնքապետերը տեսնում են, որ իրենց համայնքների բնակիչները, շատ պատճառներով դժգոհ լինելով իշխանություններից, այո չեն քվեարկելու: Համայնքների ղեկավարները որքանո՞վ են տեղյակ Սահմանադրության նախագծից:
Ադրբեջանից փախստականներով վերաբնակեցված Աղավնավանք համայնքը 2015 թ. մայիսի 17-ին կայացած հանրաքվեով առաջիկայում Դիլիջան համայնքի մաս կդառնա: Աղավնավանքի գյուղապետ Վարդան Գրիգորյանը, պատասխանելով «Ժողովուրդ»-ի հարցին, ասաց, թե իր համագյուղացիները տեղյա՞կ են Սահմանադրության նախագծից, վերջինս պատասխանեց. «Չեմ կարող ասել»: Իսկ համայնքի ղեկավարն ինքը կարդացե՞լ է Սահմանադրության նախագծի տեքստը: Այս հարցն արդեն դուր չեկավ գյուղապետին. նա շտապեց ասել, որ ինքը ժամանակ չունի զրուցելու:
Բերդի տարածաշրջանի Նորաշեն համայնքի ղեկավար Գոռ Աբրահամյանն էլ սկզբում պատրաստակամ էր պատասխանելու «Ժողովուրդ»-ի հարցերին: Ասաց, որ իր համագյուղացիներին հորդորում է մասնակցել հանրաքվեին: Հայտնեց, որ գյուղում քարոզչական պաստառ է փակցված, նորաշենցիները տեղյակ են հանրաքվեի մասին: Բայց պարզվեց, որ նա էլ չի կարդացել Սահմանադրության տեքստը. համենայնդեպս, այդ մասին տրված մեր բոլոր հարցերը նա տեղափոխեց ընկերական հարթություն` խնդրելով «չհարցաքննել»:
Եթե ընդհանրացնելու լինենք, պետք է ասենք, որ Տավուշի մարզի համայնքապետերի մի մասը տեղյակ չէ, որ Սահմանադրության նախագծի 9-րդ գլխի 118 հոդվածով սահմանված է՝ համայնքի ղեկավարը ընտրվում է 5 տարի ժամկետով, ընտրական օրենսգրքով կարող է սահմանվել համայնքի ղեկավարի ուղղակի կամ անուղղակի ընտրություն: Թե վերջին դրույթը համայնքապետերի համար ինչ խնդիրներ կառաջացնի, ցույց կտա ժամանակը:

 

 

ՈՍՏԻԿԱՆԻ ԳՈՐԾԸ՝ ՀՔԾ-ՈՒՄ
Օրերս Իջեւան քաղաքում երիտասարդ կինը, ամուսնուց հարվածներ ստանալուց հետո, գիշերը ներկայացել է ոստիկանություն եւ հայտարարություն գրել ֆիզիկական բռնության ենթարկելու մասին: Դիմումն ընդունելուց հետո ոստիկաններից մեկը հոգեպես ճնշված վիճակում գտնվող կնոջն առաջարկել է միասին սուրճ խմել եւ նրան ուղեկցել է քաղաքի հյուրանոցներից մեկը: Հետագայում կինը հայտարարություն է տվել այն մասին, որ հյուրանոցում ինքը ոստիկանի կողմից սեռական բռնության է ենթարկվել: Տավուշի մարզի իրավապահներից «ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այդ գործի քննությունը կատարում է Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը:
Մեր տեղեկություններով՝ ոստիկանը զենքի թույլտվության համակարգի աշխատակից է: Իսկ թե ինչպես է զենքի թույլտվության համակարգի աշխատակիցը ոստիկանությունում հանդիպել ամուսնու դեմ բողոքած 19-ամյա կնոջը, սեռական բռնություն գործադրվե՞լ է, թե՞ ոչ, կպարզի քննությունը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս