Երեւանի Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի նախկին դերասան Յուրի Իգիթխանյանը, որը ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Լավագույն երիտասարդ դերասան» մրցանակին, այժմ հետաքրքրված է պրոդյուսինգով: Գեղարվեստական ֆիլմերից եւ սերիալներից հայտնի դերասանը «Ժողովուրդ»-ին պատմել է առաջիկայի ծրագրերի մասին, նշել, որ ցանկություն ունի զբաղվել այնպիսի ներկայացման պրոդյուսինգով, որը կարող է լինել որակյալ եւ որի համար հնարավոր է իրացնել թանկ տոմսեր:
-Յուրի՛, Ստանիսլավսկու թատրոնից հեռանալուց հետո, որքանով տեղյակ ենք, զբաղվում եք անձնական փրոդաքշընի կազմակերպմամբ: Հիմա ի՞նչ նախագծերի վրա եք աշխատում:
-Մենք մեր փրոդաքշընի գործունեությունն այժմ կասեցրել ենք: Պլանավորել էինք նկարահանել գովազդներ, ֆիլմեր, սակայն ֆինանսական սուղ պայմանների պատճառով դրա իրականացումը դժվարացավ: Օրինակ՝ ֆիլմ էկրան բարձրացնելու համար անհրաժեշտ են հովանավորներ, որոնց գտնելը բավական բարդ է: Այնուամենայնիվ, մենք ունենք հետաքրքիր նախագծեր, օրինակ՝ մի հեռուստածրագիր մշակման փուլում է. մտադիր ենք առաջիկայում աշխատել դրա վրա եւ եթեր հեռարձակել: Դա հայկական շուկայի համար աննախադեպ ծրագիր է, որի վերաբերյալ մանրամասներ դեռ չեմ հաղորդի: Պրոդյուսեր-համակարգողը կլինեմ ես:
-Հիմա, կարծես, ստեղծագործական առումով Ձեզ համար ավելի պասիվ շրջան է, այո՞. նվիրվել եք պրոդյուսերությա՞նը:
-Ես թատրոնից հեռացել եմ, բայց մասնագիտությունիցս ոչ: Ուղղակի ես «անհանգիստ» դերասան եմ, միայն մեկ ուղղությամբ աշխատելով չեմ բավարարվում: Եթե գիտեմ, որ ունեմ պրոդյուսերական ձիրք, ինչո՞ւ դա չօգտագործեմ: Ես հասցրել եմ նկարահանվել մի քանի գեղարվեստական ֆիլմերում, սերիալներում հանդես գալու ուղղությամբ էլ բանակցություններ ենք տանում: Տարիների ընթացքում այդ առումով ավելի բծախնդիր եմ դարձել: Շուտով էկրաններին կհայտնվի Արսեն Աղաջանյանի «Honey Money» ֆիլմը, որտեղ նկարահանվել եմ նաեւ ես՝ մարմնավորելով ռուս տաքսիստի:
-Դարի թելադրանքը՝ մշտապես շտապելու միտումը, թակեց նաեւ թատրոնի դուռը: Դերասանները հաճախ գերադասում են հրամցնել «հեշտ ուտվող սնունդ»: Ըստ Ձեզ՝ հնարավոր չէ՞ փորձել մատուցել այնպիսի բան, որը ե՛ւ «համեղ» կլինի, ե՛ւ «օգտակար»:
-Ցավոք սրտի, մեր մասնագիտությունը շատ էժանացրել են: Հնարավոր է հանդիսատեսին տալ ե՛ւ համեղը, ե՛ւ օգտակարը, սակայն վերջինս էլ իր հերթին պետք է մարսելու համար ջանք գործադրի: Ինչ վերաբերում է դերասանների զբաղվածությանը եւ հագեցած գրաֆիկին, ապա այո, դա կա, սակայն եկեք նայենք ռուսական թատրոնի դերասաններին, որոնք մեզնից շատ ավելի զբաղված են, բայց ո՜նց են աշխատում: Ուշադրություն դարձրեք նրանց խոսքին, բեմական շարժումներին, պլաստիկային: Նրանք չափազանց շատ են իրենց վրա աշխատում, տարատեսակ հնարքներ են անում բեմում, երգում են, պարում են, եթե պետք լինի, գլուխկոնծի էլ կտան: Այդպես ծնվում է էքշըն ոճը: Չպետք է մոռանալ, որ մենք 21-րդ դարում ենք. այսօր աշխարհում արվում են ներկայացումներ, որոնց շրջանակներում դեկորացիային փոխարինելու է գալիս 3D տեխնոլոգիան: Ժամանակը շատ է առաջ գնացել, իսկ մենք դեռ դոփում ենք 20-րդ դարի 80-ականներում: Մեկն էլ որ ուզենում է էքշըն ոճի մի բան անել, դա չի ընդունվում, քարկոծվում է: Իհարկե, հասկանալի է, որ այդ ամենի իրականացումը թանկ արժի, կապված է ֆինանսների հետ: Եթե, օրինակ, Մոսկվայում թատրոնի տոմսերի արժեքը 3000 ռուբլուց են սկսվում, մեզ մոտ դրանց գինը տատանվում է 500-2000 դրամի սահմաններում: Մեր թատրոնների խնդիրը ճիշտ պրոդյուսինգ եւ մենեջմենթ չունենալու մեջ է. համակարգն է ահավոր հնացել:
-Գուցե Դու՞ք որոշեք այդ բացը ինչ-որ չափով լրացնել:
-Դուք գուշակեցիք, թե ինչ կա մտքիս: Արդեն մի քանի օր է՝ այդ մասին եմ մտածում. անել մի ներկայացում եւ ապացուցել բոլորին, որ այն կարող է լինել հետաքրքիր ու որակյալ, եւ որի համար հնարավոր է իրացնել թանկ տոմսեր: Կարելի է, օրինակ, Շեքսպիրին, Շիրվանզադեին բեմադրել նոր, թարմ շնչով: Պարզապես չպետք է վախենալ ֆինանսներ ներդնելուց եւ հասկանալ, որ, ինչպես նշեցի, 21-րդ դարի թատերական կյանքի զարգացումը մեծապես կախված է ճիշտ մենեջմենթից եւ պրոդյուսինգից:
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀՆԳՅԱԿՈՒՄ Է
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում նոյեմբերի 18-ից մեկնարկել է «Միսս Երկրագունդ» գեղեցկության մրցույթը, որտեղ Հայաստանը ներկայացնում է գեղեցկուհի Լիլիթ Մարտիրոսյանը:
Օրերս կայացել է մրցույթի «Տաղանդներ» կոչվող փուլը, որտեղ Լիլիթը ներկայացել է իր նկարչական շնորհքով:
«Իմ ներկայացրած նկարն անվանել եմ «I am woman of the Earh» (Ես Երկրագնդի կինն եմ)»: Այն արժանացել է բարձր գնահատականի, եւ ես հայտնվել եմ լավագույն հնգյակում: Անչափ ուրախ եմ»,-NEWS.am STYLE-ի հետ իր էմոցիաներով կիսվել է հայազգի գեղեցկուհին:
Տեղեկացնենք, որ «Միսս Երկրագունդ» մրցույթի եզրափակիչ փուլը կկայանա դեկտեմբերի 5-ին:
ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԺԳՈՀԵԼ ԵՆ
Գերմանական ARD հեռուստաալիքը, որը պատասխանատու է երկրում «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի հեռարձակման համար, հետ է կանչել մրցույթի համար ընտրված իր թեկնածուին՝ R&B կատարող Քսավյեր Նայդուին։
Որոշումը բացատրվել է նրանով, որ հեռուստաալիքին ուղղված չափազանց շատ քննադատություն է հնչել LGBT կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից, որոնք երգչին հոմոֆոբ են համարում: Այս մասին գրում է Tert.am-ը` հղում անելով lenta.ru-ին։ «Նայդուն հիանալի երաժիշտ է: Չեմ կարծում, որ նա ռասիստ կամ հոմոֆոբ է։ Համերկրացիների նման արձագանքը շատ է զարմացրել մեզ, մենք այն թերագնահատել էինք»,- բացատրել է ARD-ի ադմինիստրատորներից մեկը։
Նա հավելել է, որ հեռուստաալիքի ղեկավարությունը ստիպված է եղել արձագանքել երկրի բնակիչների դժգոհությանը, որոնց մեծ մասը միացել է սեռական փոքրամասնությունների աջակիցներին։
ԵՐԳՉՈՒՀՈՒՆ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ
Իռլանդացի հայտնի երգչուհի Շինեդ Օ՝ Քոնորն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ ինքը հոգեկան ծանր ապրումներ ունի իրեն հետապնդող մի երկրպագուի պատճառով։ Վերջինս ամեն օր տասնյակ նամակներ է ուղարկում՝ հայտնելով, որ ուզում է բռնաբարել երգչուհուն: Սթրեսի պատճառով Շինեդը հիվանդանոց է ընկել ու սկսել է մտածել ինքնասպանության մասին:
Երգչուհին, որն արդեն ոստիկանություն է դիմել այս հարցով, բայց պատասխան չի ստացել, սոցցանցի իր էջում ուղերձ է տեղադրել, որով աղաչում է, որ հետապնդողը հանգիստ թողնի իրեն: