Այս տարվա հունվարի 12-ին Գյումրիի բնակիչներ Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության գործը երեկ ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվում է Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը: Այս քրեական գործն իր բնույթով եւ հնչեղությամբ աննախադեպ է: Ուստի «Ժողովուրդ»-ը երեկ փորձեց Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Գագիկ Հովհաննիսյանից պարզել, թե արդյոք իրենց դատարանը ունի անհրաժեշտ անվտանգության միջոցներով կահավորված մեծ դահլիճ, եւ հնարավոր է, որ նիստը արտագնա՝ Երեւանում տեղի ունենա: Ըստ Հովհաննիսյանի՝ իրենց դատարանն անհրաժեշտ բոլոր պայմաններն ունի՝ Պերմյակովի դատավարությունը կազմակերպելու համար: «Ժողովուրդ»-ի այն հարցին, թե հնարավոր է, որ գյումրեցիների ինքնադատաստանից խուսափելու համար որոշվի գործի դատավարությունը Երեւան տեղափոխել, Հովհաննիսյանը պատասխանեց. «Այդ հարցը կլուծի գործը վարող դատավորը, որտեղ կորոշի քննել, այնտեղ էլ կքննի: Իհարկե, չի բացառվում, դա օրենքով նախատեսվող պրոցես է, կարող է նաեւ արտագնա նիստ լինել»: Գործը քննող դատավորի անունը հայտնի կդառնա առաջիկա երկու օրերին:
Վերջին շրջանում ակտիվ լուրեր են շրջանառվում այն մասին, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքը գնել է «Աշտարակ կաթ» ընկերության բաժնետոմսերի հսկիչ փաթեթը: Ըստ այդ լուրերի՝ «Աշտարակ կաթը» վերջին տարում ֆինանսական խնդիրներ է ունեցել եւ փորձել է նոր ներդրումներ ներգրավել: Սակայն հնարավոր տարբերակներից ընտրվել է բաժնետոմսերի վաճառքի միջոցով նոր ներդրող ներգրավելու ճանապարհը: Այս լուրերի իսկությունը «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել «Աշտարակ կաթ» ընկերությունից: Սակայն ընկերության մարքետինգի բաժնից մեզ տեղեկացրին, որ ընկերությունը չի վաճառվել, երբեք չի վաճառվի, նոր սեփականտեր չունի, եւ որ «Աշտարակ կաթը» շարունակում է գործել սովորականի պես: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանը եւս «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան՝ ասաց, որ այդ լուրը չի համապատասխանում իրականությանը: Ի դեպ, անցած տարիներին Հայաստանում բազմաթիվ դեպքեր են արձանագրվել, երբ կողմերը հերքել են խոշոր գործարքի գոյությունը, իսկ երբ այն կայացել է, արդեն հաստատել են:
ՀՀ ԱԺ անցագրային կետի անվտանգության աշխատակիցները ծառայությունն իրականացրել են ինքնաձիգով զինված: Սովորաբար անցագրայինում անվտանգության ծառայության աշխատակիցները կրում են միայն ատրճանակներ: «Ժողովուրդ»-ը արձանագրել է, որ ԱԺ մուտք գործող ավտոմեքենաները եւս երեկ սովորականից ավելի մանրամասն են ստուգվել: Ինչ է տեղի ունեցել, արդյոք ԱԺ-ին ինչ-որ վտանգ է սպառնում, այս հարցերի պատասխանը «Ժողովուրդ»-ը նախ փորձեց ստանալ ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանից, որը հրաժարվեց պատասխանել՝ ասելով, թե իրավասու չէ անվտանգության վերաբերյալ հարցերին պատասխանել: ՀՀ պետական պահպանության վարչության պետ Հրաչյա Հարությունյանը վերը բերված հարցին պատասխանել է. «Ընդամենը մեր գործառույթներն ենք իրականացնում: Մի օր կարող է ինքնաձիգը տեսնեք, մի օր չտեսնեք, բայց դա ոչինչ չի նշանակում: Իրավիճակը նորմալ է, մտահոգվելու խնդիրներ չունենք»:
ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը աճուրդի է հանել ատամի մածուկ՝ խոզանակով, սանր, պայուսակներ եւ այլն: Սակայն այս աճուրդում ուշագրավը վաճառվող ապրանքների ծագումն է: Բանն այն է, որ աճուրդի հանված ապրանքները «Հայկական Ավիաուղիներ» մակագրմամբ են եւ թվագրված են 2000 թվականով: Աճուրդի հանված հավաքածուն իր մեջ ներառում է նաեւ քնելու համար նախատեսված դիմակ, կոշիկի թիակ, մեկ զույգ ցանցավոր գուլպա: Նկատենք նաեւ, որ այդ ապրանքները օգտագործվում են միայն ինքնաթիռներում՝ երկար չվերթների ժամանակ: Այս պահին ԴԱՀԿ-ի կողմից աճուրդի հանված «թանգարանային նմուշները» 4000 հատ են եւ վաճառվում են մեկ ամբողջական լոտով, իսկ ընդհանուր արժեքն է 10 մլն 200 հազար դրամ: Հիշեցնենք, որ դեռեւս 2000 թվականից սկսվեց «Հայկական ավիաուղիներ»-ի մասնավորեցման գործընթացը, ի վերջո, այդ ավիաընկերությունը 2002-ին սնանկացավ, իսկ ազգային փոխադրողի լիցենզիան տրվեց «Արմավիային», որը սնանկացավ 2013-ին:
ՉԻՐԱԶԵԿՎԱԾ
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից 2 շաբաթ առաջ ոչ-ի դաշտի ներկայացուցիչները հայտարարում են, որ իրենց մարզային այցելությունների արդյունքում իրենք համոզվել են` ժողովրդի գերակշիռ մեծամասնությունը դեկտեմբերի 6-ին ոչ է ասելու Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխություններին: Իսկ հանրապետականներն էլ հայտարարում են, թե սահմանադրական փոփոխություններին ոչ ասողները կա՛մ այն չեն կարդացել, կա՛մ էլ պարզապես անգրագետներ են: ՀՀԿ-ականների նման պնդումներից կարելի է եզրակացնել, թե պետությունը ապահովել է, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն ունենա ընթերցել առաջարկվող նախագիծը: Մինչդեռ «Ազատության» ներկայացմամբ` մինչ օրս արդարադատության նախարարությունը նոր նախագծի ընդամենը 15.400 անվճար օրինակ է բաժանել ՀՀ-ում: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, որի ներկայացուցիչներն այդքան հաճախ են իրենց թույլ տալիս նոր Սահմանադրության նախագծին ոչ ասողներին մեղադրելու «տառաճանաչ չլինելու» եւ «անգրագիտության» մեջ, ապա այս կուսակցությունը եւս ընդամենը 15.000 օրինակով է հրատարակել Սահմանադրության նախագիծը՝ սեփական քարոզչական մեկնաբանություններով: Անհամեմատ ավելի պակաս տպաքանակով է քարոզչական նյութերը հրատարակել ՀՅԴ -ն, որն իրեն համարում է այս սահմանադրական փոփոխությունների անցկացման ջատագով ուժը: Մտածել, որ այս քաղաքական ուժերը, հատկապես ՀՀԿ-ն, ռեսուրսների խնդիր ունի եւ չի կարողացել իրեն թույլ տալ ավելի մեծ տպաքանակով հրատարակել Սահմանադրության նախագիծը, մեղմ ասած, միամտություն կլինի: Անգամ կոնկրետ մեկ տեղամասում մեծամասնականով առաջադրված որոշ օլիգարխ պատգամավորներ ավելի մեծ տպաքանակով նախընտրական բուկլետներ եւ քարոզչական նյութեր էին հրատարակում, քան երկրի մայր օրենքը փոփոխող պետությունն ու քաղաքական ուժերը միասին:
Երեկ Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ APR Group ՀԿ-ն հրապարակել էր նոյեմբերին ՀՀ ողջ տարածքում իրականացված հետազոտութան արդյունքները, ըստ որոնց` հանրաքվեից 2 շաբաթ առաջ հարցվածների 22.7 տոկոսը տեղյակ չէ, որ ՀՀ-ում անցկացվում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, իսկ 20 տոկոսն էլ չգիտի հանրաքվեի օրը: Ահա հանրության տեղեկացվածության այսպիսի մակարդակով էլ իշխանությունները խոսում են սահմանադրական փոփոխությունների շուրջ հանրային մոբիլիզացիայի մասին: Ընդ որում, նույնքան վիճահարույց է նաեւ ընդդիմության պնդումը, թե հանրությունը դեմ է այս Սահմանադրությանը: Քանի որ, ի վերջո, մարդ չի կարող ո՛չ կողմ, ո՛չ էլ դեմ լինել մի փաստաթղթի, որի բովանդակությանը ծանոթ չէ: Եւ այս հանրաքվեից հաշված օրեր առաջ կարող ենք արձանագրել, որ ՀՀ-ի թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր ուժերը շահարկում են ժողովրդի անունը` հարկ չհամարելով մինչ այդ գոնե ապահովել մարդկանց իրազեկվածության նվազագույն աստիճանը: