ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի ՀԱՆՐԱՀԱՎՔԸ ԱՅՈ-ԻՆ ՉԻ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին դեմ արտահայտվողներն արդեն հայտարարել են, որ իրենք դեկտեմբերի 1-ին Ազատության հրապարակում հանրահավաք են հրավիրել, որի ժամանակ էլ հանրությանը կոչ կանեն ոչ ասել այդ փոփոխություններին: Ըստ այդ ուժերի՝ այդ օրը հստակ ու կտրուկ են լինելու, եթե անհրաժեշտություն լինի մնալ հրապարակում, ապա իրենք դրան էլ կգնան: Ընդդիմադիրները նշել են նաեւ, որ այդ օրը լինելու է անհնազանդության կոչերի օր:

Գաղտնիք չէ նաեւ, որ սահմանադրական փոփոխություններին այո-ի կողմնակիցներն են խորհրդարանական խմբակցություններից ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն, որոնք էլ հայտարարել են, թե ոչ-ի ճակատին որեւէ կերպ չի հաջողվում հանդես գալ մեկ ընդհանուր հայտարարությամբ: Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է նշված ուժերի ներկայացուցիչների հետ՝ պարզելու նրանց դիրքորոշումը՝ դեկտեմբերի 1-ին կայանալիք հանրահավաքի հետ կապված, քանի որ, ըստ ընդդիմադիր ուժերի, իրենց հաջողվելու է նշված օրը հաղթանակի հասնել:

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ
-Պարո՛ն Վարդանյան, ինչպե՞ս եք վերաբերվում ընդդիմադիր ուժերի այն հայտարարությանը, որ իրենք դեկտեմեբրի 1-ին կայանալիք հանրահավաքին լինելու են շատ կտրուկ, ու հենց այդ օրն էլ վճռորոշ է լինելու իրենց կատարվելիք քայլերը:
-Դա իրենց իրավունքն է, բայց դեկտեմբերի 1-ին հաջորդելու է դեկտեմբերի 2-ը, 3-ը մենք կարող ենք այդ ժամանակ խոսել:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՍՈՒՔԻԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆ
-Պարո՛ն Ավետիսյան, ոչ-ի ճակատը հայտարարել է, որ դեկտեմբերի 6-ի հանրաքվեն իրենք տապալելու են ու դա անելու են իրենց հրավիրած հանրահավաքի միջոցով, երբ հանրությանը ներկայացնեն, թե ինչու են ՀՀ իշխանությունները նպատակադրվել փոխել Սահմանադրությունը: Արդյո՞ք դա նրանց հաջողվելու է:
-Ինձ համար անհասկանալի է իրենց հայտարարությունները, երբ ասում են, թե տապալելու են հանրաքվեն, դա հնարավոր կլինի միայն, երբ իրենք այդ օրը գնան, իրենց տեղերում աշխատեն ու այնպես անեն, որ միայն ոչ-ի կողմնակիցներ լինեն, թե չէ նման հայտարարությունները բոլորն էլ անում են ու միշտ են անում, դրանում պետք է լինի նաեւ արդյունք: Թող դեկտեմբերի 1-ին իրենք իրենց հավաքն անեն, մենք էլ դեկտեմբերի 6-ին մեր անելիքն անելու ենք. տեղամասերում լինելու են քվեարկությունները, ու հանրությունն ասելու է այն, ինչն ինքն է ցանկանում: Իսկ ընդդիմությունը հայտարարում է այն, ինչն իր ցանկությունն է, դա միանշանակ ճիշտ չէ, երբ դու որոշում ես կայացնում, հանրության փոխարեն մտածում ես, թե հանրությունը նպատակ ունի տապալել հանրաքվեն, դրանում ո՞վ է վստահ: Եթե դեռեւս այդ օրը չի եկել, եթե մենք դեռեւս քվեարկության արդյունքները չգիտենք, ինչպես կարող ենք որոշել, թե հանրաքվեն տապալել են, կամ տապալված է: Ես չեմ կարծում, որ այդ հանրահավաքը կարող է ազդել հեռավոր մի տեղամասի քվեարկողի դիրքորոշման վրա, որովհետեւ ինչպես նա որոշել էր անել, այդպես էլ անելու է, լինի հանրահավաք, թե չլինի: Բնական է, որ ընդդիմության իրավունքն է հանրահավաքներ անել, իրենց դիրքորոշումը ներկայացնել, բայց ինչ-որ կոչերով հանդես գալ, ինչ-որ պրովոկացիաներ անել, դա այդքան էլ իրատեսական չէ: Իրենք ո՞վ են, որ թույլ չեն տալու, որպեսզի հանրաքվեն իրականացվի, դրանց իմաստը ես չեմ հասկանում: Իրենք էլ ժողովրդի մի մասն են, որոնք էլ կարող են ասել, թե գիտեք, մենք էլ ենք դեմ, որպեսզի սահմանադրական փոփոխությունները տեղի ունենան, բայց իրենց ով է թույլ տվել, թե իրենք որոշումը կայացնեն ժողովրդի փոխարեն` հայտարարելով, թե իրենք թույլ չեն տալու, որպեսզի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն իրականանա:
-Ընդդիմությունը նշում է, որ իշխանության միակ նպատակը վերարտադրումն է, ինչը իրենք թույլ չեն տալու: Ըստ ընդդիմադիրների՝ նույն դիրքորոշումն ունի նաեւ ժողովուրդը: Հանրությունը դժգոհ է իշխանությունների վարած քաղաքականությունից, գուցե ընդդիմությանն այս անգամ հաջողվի՞ իսկապես տապալել իշխանությունների պլանները:
-Ընդդիմությունը հայտարարում է այն, ինչ ցանկանում է, իսկ դա իրավունք է, որն իրենք ունեն, դա մեր խնդիրը չէ, ես խորհուրդ կտայի, որպեսզի իրենք զբաղվեն իրենց գործերով` իրենց գերհզոր չներկայացնելով: Կան հարյուր-հազարավոր մարդիկ, ովքեր մեծ հաճույքով գնալու են ու իրենց այո-ն են ասելու այդ փոփոխություններին: Ո՞նց կարող են իրենք հանրաքվեն տապալել, իրենք կարող են մի քանի տասնյակի հասնող մարդկանց հավաքել ու իրենց հանրահավաքն անել, իսկ դա էլ իրենց իրավունքն է, կարող են այդ իրավունքն իրացնել:

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆ
-Պարո՛ն Բաբայան, արդյո՞ք դեկտեմբերի 1-ին հրավիրված հանրահավաքի ժամանակ ոչ-ի ճակատին հաջողվելու է այնպես անել, որպեսզի ժողովուրդը դեմ արտահայտվի սահմանադրական փոփոխություններին, ու այն տապալվի:
-Դա իրենց հայտարարություններն են, այդ մեկնաբանություններն իրենք են անում, որոնց ես լուրջ չեմ վերաբերվում: Պայքարը դա մեր քաղաքացիների իրավունքն է, ու մարդիկ, ովքեր ոչ են ասում, բայց մի մոռացեք նաեւ այո ասողներին, ովքեր մեր թիմակիցներն են: Իսկ տապալումը կորոշի ժողովուրդը դեկտեմբերի 6-ին կայանալիք հանրաքվեով, որի իրավունքն ունեն միայն իրենք, որեւէ մեկը չի կարող ժողովրդի փոխարեն որոշում կայացնել:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 

 
ՀԵՐԹԱԿԱՆ ՌԱԶԲՈՐԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԴԱՀԼԻՃՈՒՄ

Երեկ Ազգային ժողովի արտահերթ նիստը կրկին թեժ անցավ: «ՀՀ 2016-18թթ. պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաստատելու մասին» նախագծի քննարկման ավարտին ԱՎԾ պետ Ստեփան Մնացականյանը անդրադարձավ բոլոր ելույթներին, մասնավորապես ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի խոսքին, ինչը դուր չեկավ վերջինիս եւ տեղից հակադարձեց Մնացականյանին:

Ստեփան Մնացականյանը, դիմելով Բագրատյանին, նկատեց. «Դուք մի քանի օր առաջ՝ բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, նույն կերպ մատ տնկելով՝ ԱՎԾ պետին ասացիք, որ աշխատավարձի մեջ չի կարելի մտցնել կուտակայինի գումարը: Դուք իմ բացատրությունները չընդունեցիք ու խնդրեցիք, որ դիմեմ աշխատանքի միջազգային կազմակերպություն: Մենք Ձեր առաջարկը չենք ընդունել, քանի որ կառավարության կողմից տրամադրած գումարը սուբսիդիա է ու այն չի կարող տեղավորվել աշխատավարձի մեջ: Եւ կազմակերպության պատասխանը, հարգանք մատուցելով Ձեզ, ուղարկել եմ»:
Հրանտ Բագրատյանը խիստ վրդովվեց եւ սկսեց տեղից բղավել, թե նման բաներ չի ասել եւ ապացույցներ պահանջեց: «Դուք սուտ եք խոսում»,- ասաց նա` չթողնելով Մնացականյանին իր խոսքն ավարտել: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ, փորձելով հանդարտեցնել իրավիճակը, Բագրատյանին հորդորեց համբերել եւ ժամանակին խոսել. «Համբերե՛ք, պարո՛ն Բագրատյան: Տեսե՛ք՝ բարեկրթության տարբերությունն ինչ է, ձայն չէր հանում»:
Շարունակելով իր խոսքը՝ Մնացականյանը նշեց, որ Բագրատյանը նորմալ հայտարարություններ չի արել՝ ասելով, թե 1,9 միլիոն անասնակերը սնունդ է: «Դուք նաեւ տնտեսական հանձնաժողովում նշեցիք, թե մեկ շնչի հաշվով կարտոֆիլը 250 կիլոգրամ է. դա արտադրության ցուցանիշն է»,-ասաց Մնացականյանը: Բայց այս անգամ եւս Բագրատյանը չդադարեց տեղից բարկացած բղավել: «Մենք գյուղամեջում չենք, մի քիչ համբերեք»,- նորից միջամտեց Գալուստ Սահակյանը: «Դուք անընդհատ պնդում եք, որ գյուղապետերը թիվ են նկարում, ներկայացնում, ես խնդրեցի, եթե տեղյակ եք, օգնեք մեզ, անուն նշեք, բայց Դուք ոչ մի բան չնշեցիք: Այսինքն՝ ռեսպոնդենտին կասկածի տակ եք դնում: Բոլոր ռեսպոնդենտներին մենք չենք կարող հանցագործ համարել»,- շարունակեց ԱՎԾ պետը:
Հրանտ Բագրատյանն էլ հայտարարեց, որ Ստեփան Մնացականյանն իր անունը տվել է, եւ ինքը պիտի արձագանքի: «Վտանգավոր է Ձեր անունը տալ»,- փորձեց կատակել Գալուստ Սահակյանը, ապա պարբերաբար դիմելով ամբիոնի մոտ կանգնած Ստեփան Մնացականյանին՝ բղավելով ասաց.«Մի ժամ է՝ ասում եմ՝ զբաղեցրե՛ք Ձեր տեղը»: Ինչից հետո Մնացականյանը զբաղեցրեց իր տեղը, իսկ Հրանտ Բագրատյանը շարունակեց.«Անունս տվել է: Ես Ձեզ չեմ ասել, Դուք չունեք նման թուղթ, որ ես նման բան եմ ասել: Եթե նման թուղթ կա, ես ներողություն կխնդրեմ ԱԺ-ից: Մենք այնպիսի հիմար կուտակայինի որոշում ենք կայացրել, որ չգիտենք…»: «Ռազբորկայի վերածվեց: Պատասխանեցիք, շարունակում ենք»,- վեճը դադարեցրեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ

 

 

 
ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՓՈՂԵՐԸ
ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը՝ Թունելի Հակոբը, դասվում է ամենահարուստ պատգամավորների շարքին: Փաստորեն ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը անցած տարվա համար հայտարարագրել է 26 մլն 700 հազար դրամ եւ 132 հազար դոլար դրամական միջոց: Իսկ պատգամավորի ամսական աշխատավարձը կազմում է 416 հազար դրամ: Սակայն, ինչպես իշխանական պատգամավորների մեծամասնության դեպքում, Հակոբյանը եւս աշխատավարձով չի ապրում: Նա անցած տարի, որպես շահաբաժին, ստացել է 102 մլն դրամի եկամուտ: Անցած տարի ազգընտիրը վաճառել է «Mercedes-Benz E300 D» մակնիշի ավտոմքենա: Ի դեպ, հայտարարագրում ոչինչ նշված չէ նոր ավտոմեքենա գնելու մասին: 2012 թվականին պատգամավոր դառնալիս նա հայտարարագրել էր 9 հողամաս, 3 հատ հողին ամրացված անշարժ գույք, 3 հատ անավարտ շինություն, մեկ անհատական բնակելի տուն եւ 4 ընկերությունների բաժնեմասեր:

 

ԲՈՂՈՔ-ԴԻՄՈՒՄ
Երեկ դատապարտյալ, ազատամարտիկ Աշոտ Իսախանյանը «Ժողովուրդ»-ին նամակի միջոցով տեղեկացրել է, որ նոյեմբերի 25 վերաքննիչ քրեական դատարանում քննարկվելու է իր բողոք-դիմումը: Նշենք, որ ազատամարտիկը բողոքել էր իրեն 40 օր «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի պատժախցում պահելու համար: «Գետնից երկու մետր ներքեւ, բլոճների մեջ, կոյուղաջրերի մեջ, գրեթե 2 օր շարունակ զուգարանի ջուրը լցվում էր այդտեղ: Ես էլ հիվանդ, երիկամս չկա, լյարդի ցեռոզ ունեմ: Այն աստիճանի էին հասցրել, որ կախվելու փորձ արեցի, ինչը տեսուչի կողմից կանխվեց»,- նշել է ազատամարտիկը: Ըստ նրա՝ ինքը դիմել է առաջին ատյանի դատարան, որն իր դիմումը մերժել է, որից հետո նա որոշել է դիմել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան:

 

ՆՈՐԱԾՆԻ ՄԱՀՎԱՆ ՄԱՍԻՆ
Երեկ մամուլում շարունակվում էին նորանոր մանրամասներ հայտնվել «Շենգավիթ» բժշկական կենտրոնում նոյեմբերի 19-ին նորածնի մահվան մասին: Մասնավորապես, նշված բժշկական կենտրոնի բուժգծով տեղակալ Դավիթ Մխիթարյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ նոյեմբերի 19-ին բժշկուհի Անի Սիրունյանի հերթապահության ժամանակ որոշվել է հղիության 36-րդ շաբաթում գտնվող 25-ամյա կնոջ մոտ կատարել խթանում եւ ծննդալուծում: Սակայն ավելի ուշ պարզվել է, որ պտղի մոտ սրտի բաբախ չկա, եւ պտղի մահ է արձանագրվել: Հիշեցնենք, որ ծննդկանի հարազատները պտղի մահվան մեջ մեղադրում են բժիշկներին: «Ժողովուրդ»-ը պարզեց որ Անի Սիրունյանը «Շենգավիթ» ԲԿ-ում պատահական մարդ չէ: Նա Դավիթ Մխիթարյանի կինն է: Ավելին՝ Սիրունյանի եղբայրը՝ Աշոտ Սիրունյանը, բժշկական կենտրոնի գլխավոր տնօրենի ծննդօգնության գծով տեղակալն Է:




Լրահոս