ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ ՄԵՂԱՎՈՐԸ ՃԱԿԱՏԱԳԻՐՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ վաղ առավոտից, միջազգային լրահոսի թիվ մեկ թեման Թուրքիայի հետ Սիրիայի սահմանին ռուսական «ՍՈՒ-24Մ» ռմբակոծիչի խոցման լուրն էր եւ դրա հնարավոր հետեւանքները:

Ի սկզբանե թուրքական կայքերը հաղորդեցին, որ ինքնաթիռը կործանել են Թուրքիայի «F-16» կործանիչներն այն պատճառաբանությամբ, թե իբր ռուսական ռմբակոծիչը խախտել է իրենց երկրի օդային սահմանը եւ նախազգուշացումներին չի պատասխանել: Այդ լուրերի տարածվելուց կարճ ժամանակ անց ռուսական կողմը հաստատեց իր ռմբակոծիչի խոցված լինելու հանգամանքը, սակայն, մեղավորների հարցում պաշտոնական Մոսկվան չէր շտապում պաշտոնական տեսակետ հայտնել: Սակայն այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանն անձամբ ստանձնեց ռուսական ինքնաթիռի խոցման պատասխանատվությունը, ռուսական կողմը այլեւս պարտադրված էր ընդունել իրողությունը: Դրանից մի քանի ժամ անց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ անդրադարձավ ինքնաթիռի կործանման միջադեպին՝ այն որակելով որպես թիկունքից հասցված հարված ահաբեկիչների աջակիցների կողմից: Ըստ Վլադիմիր Պուտինի՝ այս միջադեպը լրջագույն հետեւանքներ կունենա ռուս-թուրքական հարաբերությունների համար:
Մինչ ռուս եւ արեւմտյան վերլուծաբանները փորձում էին կանխատեսել, թե Ռուսաստանն ինչպես կպատասխանի Թուրքիային, երեկոյան արդեն լուր ստացվեց, որ Սիրիայի Լաթաքիա նահանգում, որտեղ խոցվել էր ռուսական ռմբակոծիչը, խոցվել է նաեւ ռուսական ուղղաթիռ: Վերջինս այդ տարածքում մասնակցել է ռուս օդաչուների որոնողական աշխատանքներին: Ըստ վերը նշված լուրերի՝ ուղղաթիռի օդաչուներին հաջողվել է վթարային վայրէջք կատարել: Իհարկե, հաշվի առնելով, որ ռուսական կողմը երեկ այդպես էլ դեռ չէր հաստատել ուղղաթիռի խոցվելու լուրը, տեսականորեն բացառված չէ, որ այն հերքվի, բայց նման հնարավորությունն այդքան էլ իրատեսական չէ:
Ինչպես կպատասխանի Ռուսաստանը, ցույց կտա ժամանակը: Ռուս վերլուծաբանները երեկվանից արդեն հնարավոր զարգացումների երկու սցենար էին կանխատեսում՝ տնտեսական եւ ռազմական: Առաջին տարբերակով Ռուսաստանը Թուրքիայի հետ տնտեսական հարաբերություններում ինչ-ինչ սահմանափակումներ կարող է կիրառել: Վերլուծաբանների մի մասն էլ չի բացառում, որ Ռուսաստանը Սիրիայի Լաթաքիայի նահանգում կսկսի խոցել թուրքական ռազմական ինքնաթիռներին, որոնք հաճախակի են թռչում այդ տարածքում: Թուրքիայի հետ սահմանակից Լաթաքիա նահանգը վերահսկում է հիմնականում Թուրքիայի հովանավորությունը վայելող զինյալների կողմից: Հենց նրանց միջոցով էլ Թուրքիան հարյուրավոր միլիոն դոլարների էժան նավթ է գնում «Իսլամական պետություն» կազմակերպությունից: Նաեւ այս փաստի շնորհիվ է, որ Ռուսաստանը Թուրքիային համարում է ահաբեկիչների աջակից:
Առաջին հայացքից կարող է թվալ, որ մերձավոր արեւելքում ընթացող վերջին զարգացումները Հայաստանի համար միայն պոտենցիալ վտանգներ են պարունակում: Սակայն իրականում այդպես չէ: Ցանկացած լուր, որը երկրի համար պոտենցիալ վտանգ է պարունակում, իր տարածման առաջին իսկ րոպեներից սկսում է ազդել տնտեսության վրա: Մասնավորապես, նման լուրերը պոտենցիալ ներդրողների ստիպում են սպասել մինչեւ իրավիճակը կհստակեցվի: Այլ կերպ ասած՝ գործարարները սկսում են զգուշանալ նոր գործարքներ կնքելուց, ինչը տնտեսության մեջ շղթայական բացասական հետեւանքների է հանգեցնում:
Պետության եւ պետական կառավարման հետ կապ չունեցող իշխանությունները նման իրավիճակում ձայնները կտրած սպասում են հանգուցալուծմանը: Եթե մի քանի ամիս անց ամեն ինչ «բարեհաջող» ավարտվում է, ապա այդ վայ իշխանությունները սկսում են հաշվել տնտեսական վնասները՝ ողջ մեղքը բարդելով արտաքին աշխարհի եւ ճակատագրի վրա: Իսկ քիչ թե շատ պետության հոգսերով ապրող իշխանությունը նման իրավիճակներում ուղղակի պարտավոր է տարբեր միջոցներով հանրությանը հանգստացնող ազդակներ ուղարկել՝ երկրում բնականոն իրավիճակը պահպանելու համար: Նման պայմաններում, երբ քո հիմնական դաշնակիցը առճակատման մեջ է, քո, մեղմ ասած, անբարյացակամ անմիջական հարեւանի հետ, որն իր հերթին թշնամուդ հիմնական դաշնակիցն է, առավել քան կարեւոր է, որ երկրիդ տնտեսությունը շարունակի բնականոն հունով գործել: Քանի որ դաշնակցի եւ հարեւանի առճակատման հետագա խորացումը հղի է անկանխատեսելի հետեւանքներով:
Կարծում ենք՝ ակնհայտ է, թե Հայաստանի ներկա իշխանությունները վերը բերված երկու տեսակներից որին են պատկանում: Երեկ ողջ օրը հայկական լրահոսում հնարավոր չէր գտնել գեթ մեկ լուրջ կիսապաշտոնական տեղեկություն կամ վերլուծություն, որը ինչ-որ կերպ կնպաստեր հայ գործարարների մոտ ապահովության զգացողություն ունենալուն:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
«ՉԽԱՄԵՄԱՏՎԵՔ»
«Ժողովուրդ»-ը երեկ անդրադարձել էր նոյեմբերի 18-ից 22-ը «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից անցկացված համաեվրոպական դրամահավաք-հեռախոսամարաթոնի արդյունքներին: Հիշեցնենք, որ այդ միջոցառման արդյունքում ընդամենը 1 միլիոն 300 հազար եվրո գումար էր հավաքագրվել: Այսինքն՝ ավելի քիչ, քան անցած տարի: Իսկ 2014-ին էլ ավելի քիչ է եղել, քան 2013-ին: Այս ամենը ուղղակի փաստում է, որ ՀՀ իշխանության նկատմամբ սփյուռքի վստահությունը տարեցտարի ավելի է նվազում: Երեկ «Ժողովուրդ»-ն այս առնչությամբ փորձեց մեկնաբանություն ստանալ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից: Վերջինիս կարծիքով՝ ճիշտ չէ տեղի ունեցածը գնահատել՝ շեշտը դնելով անվստահության խնդրի վրա: «Ինչքան հավաքվում է, դա ծառայում է իր նպատակին: Պետք չի համեմատություններ ներկայացնել: Տարբեր տարիներին տարբեր չափաքանակի գումար է հավաքվում»,- ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:
Պատկերացնում եք, որ մարդիկ ընդհանրապես դադարեն իրենց կյանքը անցած տարիների կամ այլ երկրների հետ համեմատել: Նույն ակնթարթին կպարզվի, որ նրանք աշխարհի ամենաերջանիկ մարդիկ են, քանի որ իրենց երկրի ղեկավարը մի իմաստուն մարդ է, խորհրդարանի նախագահը՝ գիտելիքի շտեմարան, իսկ իշխանական խմբակցության ղեկավարն էլ՝ ազնվագույն անձնավորություն: Բայց արժի՞ ապրել այդքան անիրական կյանքում:

 

ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆԻ ԲԻԶՆԵՍ ԿԼԱՍԸ
«Ժողովուրդ»-ին պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահի աշխատակազմը հոկտեմբերի 22-ին «Վինդ Ռոուզ Թրավել-Պրո» ընկերության հետ կնքված պայմանագրով գնել է 4 հատ բիզնես կարգի ավիատոմս՝ Երեւան-Փարիզ, Լոնդոն-Փարիզ, Մոսկվա-Երեւան ուղղություններով: Իսկ ավիատոմսերի արժեքը կազմել է 1 մլն 805 հազար դրամ: Ստացվում է` մարդիկ իրենց նման շռայլություն են թույլ տալիս այն դեպքում, երբ իշխանությունները մեկ ամսից ավել է՝ բոլորին համոզում են, որ բյուջեում նույնիսկ գիտնականին վճարելու գումար չկա:

 

ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
ՀՀ գլխավոր դատախազությունը երեկ մի հաղորդագրություն է տարածել, որի միայն վերնագիրն առավել քան խոսուն է: «Դատախազի պահանջը քննիչի կողմից պետք է կատարվի անհապաղ.ՍԴ». այսպես է վերնագրված երեկ ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի ունեցած կոլեգիայի ընդլայնված նիստի մասին հաղորդագրությունը: Հիշեցնենք, որ այս տարի մի քանի անգամ ՀՀ քննչական կոմիտեն հրաժարվել էր դատախազության պահանջով քրգործերը տրամադրել: Արդյունքում, դատախազությունը հարցը վիճարկել էր ՍԴ-ում: Ըստ այդմ, ՍԴ որոշել է, որ դատախազի պահանջով քննիչը պարտավոր է անհապաղ գործը տրամադրել նրան: Այլ կերպ ասած՝ դատախազություն-քննչական կոմիտե հակամարտությունը նոր փուլ է թեւակոխում:

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՍՏՈՐԱԳՐԵԼ Է
Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը, խոսքը հետեւալ օրենքների մասին է՝ «ՀՀ կենտրոնական բանկի մաuին» ՀՀ oրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մաuին», «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Դեղերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ այլն:

 

ՀՐԱԺԱՐԱԿԱՆ
Այսօր ֆուտբոլի ազգային հավաքականի մի խումբ երկրպագուներ երթով գնացին դեպի Խանջյան փողոց՝ ֆուտբոլի ֆեդերացիայի շենքի մոտ: Ակցիայի մասնակիցները պահանջում են ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը, ազգային հավաքականի խաղերի տոմսերի գների իջեցում եւ ֆեդերացիայի ղեկավարի հետ խնդիր ունեցած ֆուտբոլիստների վերադարձ դեպի ազգային հավաքական: Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին տեղի էր ունեցել երկրպագուների առաջին երթը դեպի նույն շենք: ՖԱՖ մասնակիցները փորձեցին իրենց պաստառը փակցնել ՀՖՖ շենքի ճաղերին, սակայն ոստիկանները պոկեցին այն, ինչն առաջացրեց երկրպագուների զայրույթը: Ապա ոստիկանները երկրպագուներին հեռացրին շենքի ճաղերի մոտից:

 

ԳԱՂՏՆԱԼՍՈՒՄՆԵՐԻ ՇՈՒՐՋ
«Նոր Հայաստան» ճակատը հայտարարություն է տարածել, թե ոստիկանության ծառայողներն այցելել են իրենց ակտիվիստներից մեկի ծնողների բնակարան՝ դրանից հետեւություն անելով, թե ուժային մարմինները գաղտնալսում ու հետեւում են ակտիվ ընդդիմադիր քաղաքացիներին: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, հիշյալ այցը որեւէ առնչություն չունի քաղաքացու համոզմունքների եւ գործունեության հետ. «Արմեն Միքայելյանի ծնողների բնակարան ոստիկանության ծառայողներն այցելել են մի քրեական գործի կապակցությամբ ձեռնարկվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում: Ոստիկանությունն ամեն օր է իրականացնում նման գործողողություններ, ինչի իրավունքն ու պարտականությունը նրանց վերապահված է օրենքով: Կոչ ենք անում ձեռնպահ մնալ անփաստարկ մեղադրանքներից եւ անհիմն ենթադրություններով իրավիճակն արհեստականորեն բարդացնելու փորձերից»,-ասված է ՀՀ ոստիակնության տարածած հայտարարության մեջ:

 

ԿՐԱԿԵԼ ԵՆ
Նոյեմբերի 23-ին եւ լույս 24-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 60 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 800 կրակոց: Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով պատժիչ գործողությունների:




Լրահոս