Սահմանադրության նոր նախագիծը ամեն գնով գովաբանելու ՀՀԿ-ական մարմաջը վերջին շրջանում հանգել է այն եզրակացությանը, որ մեր երկրում տիրող ապիկարության միակ ակունքը նախագահի ինստիտուտն է: Համակարգային սկլերոզը հավանաբար թույլ չի տալիս հիշել, որ աշխարհում գոյություն ունեն 65 բացարձակ նախագահական եւ 26 կիսանախագահական կառավարմամբ պետություններ:
Բավական է, սակայն, արձանագրել, որ նախագահական կառավարում ունեն այնպիսի երկրներ, ինչպես, օրինակ, ԱՄՆ, Ֆրանիսա, Պորտուգալիա, Ռուսաստան, Հվ. Կորեա, Արգենտինա եւ այլն, որտեղ ՀՀԿ-ի չափ գրագիտության աստիճանի չեն հասել, որ բոլոր դժբախտությունները նախագահի պաշտոնի վերացմամբ հաղթահարեն: Ստորեւ փորձենք համեմատել սահմանադրական փոփոխություններից հետո ՀՀ նախագահի կարգավիճակը արեւմտյան ժողովրդավարություններում նախագահի դերի հետ:
Հայտնի է, որ Սերժ Սարգսյանի ստեղծած մասնագիտական հանձնաժողովը հաճախ է հղում անում Գերմանիայի օրինակին: Վերջինիս Սահմանադրությամբ նախագահին վերապահված է լոկ 8 հոդված: Այստեղ նախագահն ընտրվում է Դաշնային ժողովի կողմից, որ բաղկացած է Գերմանիայի երկու օրենսդիր պալատների` Բունդեսթագի եւ Բունդեսրատի անդամներից: Գերմանիայի նախագահն ունի վերընտրության իրավունք: Այս երկրում նախագահը գործնականում զրկված է պետության արտաքին ու ներքին քաղաքականությունը մշակելուց եւ իրականացնելուց, որին վերապահված է արարողակարգային դեր` խորհրդարանը իշխանական ճգնաժամի պարագայում ցրելու իրավասությամբ: Փաստացիորեն, Գերմանիայում նախագահը լիովին պահեստային ֆիգուր է, որ կարող է քաղաքական դերակատարություն ունենալ միայն ծայրահեղ դեպքերում: Անվանապես իշխանության ներսում իրավարարի կարգավիճակ ունենալով հանդերձ` Գերմանիայի նախագահները մշտապես եղել են ստվերում` Հինդենբուրգի մահից հետո Հիտլերի կողմից նախագահական աթոռը բռնազավթելուց ի վեր:
Եվրոպական մեկ այլ պետության` Իտալիայի Սահմանադրությամբ, որին եւս հայացք են ձգում նոր նախագծի կողմնակիցները, նախագահին շնորհվում է մեկ անգամ կառավարելու իրավունք: Իտալիայի նախագահի լիազորությունները սահմանող սահմանադրական 9 հոդված կա: Դրա հետ մեկտեղ նախագահը, չընտրվելով ուղղակի քվեարկության արդյունքում, զինված ուժերի գերագույն հրամանատարն է: Ավելին` նա զգալի դերակատարություն ունի խորհրդարանի երկու պալատների բնականոն գործունեության, բարձրագույն արդարադատական խորհրդի աշխատանքների վրա: Բավական է նկատել, որ նախագահի գործոնը զգալիորեն մեծացված է առնվազն ԶՈՒ հրամանատրության կարգավիճակով: Թեեւ Իտալիան պատերազմական դրության մեջ վերջին անգամ եղել է Երկրորդ աշխարհամարտի շրջանում եւ այսօր կարծես ռազմական իրավիճակում հայտնվելու հեռանկար չունի, ԶՈՒ համակարգը ակնհայտորեն պահում է մշտական վերահսկողության պայմաններում:
Ամերիկայի Միացյալ Նահանգները, սակայն, բացարձակ նախագահական կառավարմամբ պետություն է, որտեղ գործադիր իշխանությունը ղեկավարվում է նախագահի կողմից` առանց վարչապետի ինստիտուտի: Սակայն աշխարհում հազիվ թե գտնվի մեկ այլ պետություն, որտեղ նախագահն այդքան ենթակա լինի խորհրդարանի ճնշմանը, ինչպես Միացյալ Նահանգներում: Նախագահի ցանկացած քայլ գտնվում է Կոնգրեսի մանրազնին հայացքի ներքո եւ բացառված է, որ գերնախագահական կառավարման այսպիսի համակարգի պարագայում նախագահը կամ նրա վարչակազմը որեւէ ինքնագործունեություն հաջողեցնեն: Հատկանշական է, որ 1974թ. նախագահ Ռիչարդ Նիքսոնը հրաժարական տվեց Կոնգրեսում անխուսափելի թվացող իմպիչմենտի սպառնալիքից: Ավելին` 1985-87թթ. Իրան-Կոնտրաս ճգնաժամը վիրահատական եղանակով հաղթահարեց հենց խորհրդրանը` Ռոնալդ Ռեյգանին հազիվ փրկելով անխուսափելի պաշտոնազրկությունից: 1999թ. ԱՄՆ 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնը Մոնիկա Լեւինսկու հետ կապված սկանդալի պատճառով հազիվ փրկվեց իմպիչմենտից, երբ Ներկայացուցիչների պալատի դրական եզրակացությունը հավանություն չգտավ Սենատում: Այսպիսով, ի հեճուկս նման գերնախագահական համակարգի` ԱՄՆ-ում խորհրդարանը մեծագույն դերակատարություն ունի, ինչը իշխանության ներկայացուցիչների` նախագահական համակարգը ամբաստանելու սնանկության նվազագույն ապացույցն է:
Ի դեպ, կիսանախագահական հանրապետություններից ամենահայտնին Ֆրանսիան է, որի օրինակով էլ մշակվեց 1995թ. ՀՀ Սահմանադրությունը: Այստեղ նախագահը ընտրվում է 5 տարով` վերընտրության իրավունքով: Կառավարման համակարգում գոյություն ունի վարչապետի պաշտոնը, որ փաստացի ենթարկվում է նախագահին: Խորհրդարանը հեշտությամբ ցրելու լծակով օժտված նախագահը միեւնույն ժամանակ գտնվում է օրենսդիր մարմնից կախվածության մեջ: Այսուհանդերձ, Ֆրանսիայի համակարգը նախագահին մեծագույն լիազորություններ է շնորհում, որոնք ժողովրդավարական ընտրությունների պարագայում նպաստում են պետության պոզիտիվ պարտականության կատարմանը: Այս երկրի օրինակը լավագույնս է ապացուցում, որ լայն լիազորություններ ունեցող նախագահի ինստիտուտը ամենեւին էլ ժողովրդավարական գործընթացների խաթարողը չէ: Անշուշտ, ՀՀԿ-ի մշտափոփոխ տրամաբանությանը որ թողնենք, Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչությունն էլ է նախագահական համակարգի արդյունքը:
Իսկ Հայաստանում այսուհետ նախագահը չի ընտրվելու ժողովրդի կողմից: Իշխանությունը չի էլ թաքցնում, որ նախագահական ընտրություններին հաջորդած ըմբոստությունն այն պատճառներից մեկն է, որի արդյունքում վճռվել է ազատվել թե՛ գլխից, թե՛ գլխացավից: Ուշագրավ է, որ եթե գործող Սահմանադրությամբ նախագահի լիազորությունները որոշվում են սահմանադրական 13 (15) հոդվածներով, ապա առաջարկվող տարբերակում դրանց թիվը 23-ն է: Նախագահին վերաբերող սահմանադրական նոր դրույթները թույլ են տալիս եզրակացնելու, որ խորհրդարանական կառավարման համակարգը ժամանակավոր բնույթ է կրում: Առնվազն 2017-18թթ. կտրվածքով լուծելով իշխանության ապահովագրման խնդիրը` Սարգսյանին ոչինչ չի խանգարի դրանից հետո խորհրդարանում սահմանադրական փոփոխություններ իրականացնելով՝ կրկին ուժեղացնել նախագահի պաշտոնը եւ առանց ընտրությունների բազմել նախագահի պաշտոնին:
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
ՍԴՂԼԻ ԳՅՈԼԻ ԾԵԾԻ ԳՈՐԾԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ Է
Երեկ հայտնի դարձավ, որ մայիսի 2-ին Սդղլի գյոլ կոչվող տարածքում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հարազատների մասնակցությամբ աղմկալի ծեծի գործը ուղարկվեց Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Իհարկե, մարզպետի որդին ծեծի գործով «ջրից չոր դուրս եկավ»: Ճաղերի հետեւում առավել խիստ մեղադրանքով հայտնվեց Գորիս քաղաքի բնակիչ Յուրի Մանուչարյանը: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով՝ դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը պատժվում է ազատազրկմամբ երեքից յոթ տարի ժամկետով: Եւ 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով` դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը պատժվում է ազատազրկմամբ առավելագույնը հինգ տարի ժամկետով:
Իսկ, ահա, Դերենիկ Հակոբյանին, որը մազպետի վարորդի որդին է, Շահում Դավթյանին, Մայիս, Էյներ եւ Սեյրան Խաչատրյաններին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով` դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը պատժվում է ազատազրկմամբ առավելագույնը հինգ տարի ժամկետով:
ԿԱԼԱՆԱՎՈՐԵՑԻՆ
Բյուրեղավանի գիշերօթիկ հաստատության տնօրեն Գայանե Մարգարյանի ֆինանսական չարաշահումների եւ երեխաների հանդեպ բռնության մասին մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան: Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեն ավարտել է այս գործով նախաքննությունը եւ մեղադրանք առաջադրել Մարգարյանին՝ սաների նկատմամբ բռնություն գործադրելու, ֆինանսական չարաշահումներ կատարելու համար:
Հիշեցնենք, որ Գայանե Մարգարյանը գործում էր աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ֆիլարետ Բերիկյանի հովանու ներքո, սակայն փոխնախարարին այդպես էլ մեղադրանք չի առաջադրվել: Միայն ՀՀ վարչապետի հրամանով կիրառվել է ընդամենը խիստ նկատողություն: Նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների համաձայն՝ ֆինանսական բնույթի չարաշահումներն արձանագրվել են 2004-2014թթ., իսկ սաների նկատմամբ բռնությունները՝ 2010-2014թթ: ՊՈԱԿ-ի տնօրեն Գ. Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` առանձնապես խոշոր չափերով յուրացում, ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու, ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական կեղծիք կատարելու, եւ 119-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով՝ երկու կամ ավել անչափահասներին ուժեղ ցավ կամ մարմնական կամ հոգեկան տառապանք պատճառելու համար:
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
ԳՈՒՄԱՐ՝ ԱԳՆ-ԻՆ
ՀՀ կառավարությունն առաջիկայում արտաքին գործերի նախարարությանը կհատկացնի 28 մլն 65 հազար դրամ: Բանն այն է, որ այս տարվա 3-րդ եռամսյակի ընթացքում տրամադրվել է օտարերկրյա պետություններում վավերական 463 անձնագիր, սակայն պետական տուրք չի գանձվել: Ընդ որում, այդ անձնագրերը տրամադրվել են Դամասկոսում (265 գործ), Հալեպում (155 գործ), Լիբանանում (43 գործ) գտնվող ՀՀ դեսպանությունում` մեր հայրենակիցներին եւ ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիներին, որոնք ձեռք են բերել ՀՀ քաղաքացիություն եւ դիմել են առաջին անգամ ՀՀ անձնագիր ստանալու համար:
ԿԴՅՈՒՐԱՑՎԻ
ՀՀ կառավարությունը իր վաղվա նիստում համաձայնությունը կտա «ՀՀ կառավարության եւ Նորվեգիայի Թագավորության կառավարության միջեւ վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Համաձայնագրի նպատակն է դյուրացնել վիզաների տրամադրումը ՀՀ քաղաքացիներին 180 օրվա յուրաքանչյուր ժամանակահատվածի ընթացքում 90 օրվանից ոչ ավել ժամանակահատվածով՝ որոշակի նպատակով գտնվելու համար: Նշենք, որ 2013թ. հունվարի 10-ից Նորվեգիայի բոլոր քաղաքացիները մեկ տարվա ընթացքում 180 օրը չգերազանզող ժամանակահատվածով Հայաստան ճանապարհորդելիս կամ ՀՀ-ի տարածքը տարանցելիս ազատված են վիզայի պահանջից:
ԳՈՒՄԱՐ՝ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՀԱՄԱՐ
ՀՀ պետական պահպանության ծառայությունը դիմել է կառավարություն եւ խնդրել հատկացնել 20 մլն դրամ՝ ՊՊԾ զինծառայողների 2015 թվականի չորրորդ եռամսյակի գործուղման ծախսերը վճարելու համար: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության այս տարվա հոկտեմբերի 15-ի որոշմամբ 2015 պետական պահպանության ծառայությանը հատկացվել է 20 մլն դրամ, որն ամբողջությամբ ծախսվել է: Եւ ծառայողական անհրաժեշտությունից ելնելով ՊՊԾ-ն դիմել է կառավարությանը՝ լրացուցիչ հատկացնել 20 մլն դրամ` գործուղման ծախսերը հոգալու համար: