«ՎԱՐԴՈՒՀԻ ՎԱՐԴԵՐԵՍՅԱՆԸ ՖՐՈՒՆԶԻԿԻ ԿՆԻԿ ՏԵՍԱԿՆ ԷՐ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Թատրոնը չլքեցի: Շատերը թողեցին ու հեռացան, բայց ես մնացի: Որովհետեւ անցյալի վարպետների ոգին թատրոնում է: Կարծես ինձ հուշում էին, թե մի՛ լքիր, գոնե դու մնա թատրոնում»,-սրանք Վարդուհի Վարդերեսյանի խոսքերն են, որ կարդում ենք նրա տված հարցազրույցներից մեկում: Ու թեեւ դերասանուհին հեռացավ, բայց նրա ոգին կմնա հայ թատրոնում իր ասած` «անցյալի վարպետների ոգիներին» ձուլվելով:

Նոյեմբերի 24-ին տարածվեց ՀԽՍՀ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստի, Երեւանի պատվավոր քաղաքացու մահվան մասին բոթը: 87 տարեկան հասակում սիրված դերասանուհին հեռացավ կյանքից: Հայտնի է, որ նա վատառողջ էր:
Դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Մարությանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նկատեց, որ տիկին Վարդուհին մեծ դերասանուհի էր ոչ միայն իր պրոֆեսիոնալիզմով, այլեւ իր վարվելակերպով, պահելաձեւով, իր մարդկային հատկանիշներով, երիտասարդ սենդին ընդառաջելով: «Իսկ տաղանդի առումով նա Ֆրունզիկի կնիկ տեսակն էր»,-ասաց Ա. Մարությանը:
Նա հիշեց Վարդուհի Վարդերեսյանի հետ կապված մի դեպք, որը տեղի է ունեցել Լեւոն Շանթի «Հին աստվածներ»-ը խաղալիս. «Ինքը իշխանուհու դերն էր խաղում, ես` վանահոր: Այդ դերը երկուսով էինք խաղում` մեկ ես, մեկ` Լորենց Առուշանյանը: Ներկայացման մեջ մի տեսարան կա, որտեղ վանահայրն ասում է. «Կավարտեմ ու կերթամ»: Չգիտեմ՝ ինչպես ստացվեց, բայց այդ ռեպլիկը չասացի, բաց թողեցի: Ինքը պետք է դրանից հետո իր խոսքը շարունակեր, բայց իմ պատճառով չէր կարողանում դա անել: Ներկայացումից հետո ասաց. «Ինչի՞ չըսեցիր` կավարտեմ ու կերթամ, դու պիտի ըսեիր, այդպես չի՛ կարելի, տղա՛ս, ամբողջ տեսարանը փչացուցիր»: Ես էլ ասացի. «Կներե՛ս, Կարպովնա, մոռացա, այլեւս նման բան չի կրկնվի»: Խոսեցինք ու գնացինք: Արդեն հաջորդ ներկայացումից առաջ ես Լորենց Առուշանյանին հատուկ զգուշացրի, որ հանկարծ ինքն էլ այդ ռեպլիկը չմոռանա արտասանել, թե չէ` Կարպովնան կջղայնանա: Լորենցն էլ թե. «Ի՞նչ ես ասում, էդ դու ես մոռանում, ես չեմ մոռանա»: Թարսի պես եկավ ու ինքն էլ մոռացավ: Վարդուհուն թվաց, թե իր դեմ «դիվերսիա» ենք կազմակերպել»,- հիշեց Ա. Մարությանը:
Երեւանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդ սերնդի ներկայացուցիչ Ռոման Բաբայանն էլ մեզ պատմեց, որ երբ ինքը նոր էր ավարտել թատերական ինստիտուտը, ընդունվել թատրոն, «Ծեր տիկնոջ այցը» ներկայացման մեջ Վարդուհի Վարդերեսյանի հետ խաղալու առիթ է ունեցել. «Ինձ համար մեծ պատասխանատվություն էր նրա հետ մեկ բեմում հայտնվելը: Ներկայացման մեջ մի կտոր կար, որտեղ ես պետք է նրա վրա գոռայի, հետը բարձր խոսեի, բայց երբ գիտակցում էի` ով է իմ առջեւ կանգնած, ոչ մի կերպ չէր ստացվում: Ինձ նկատողություն էին անում, թե այդ դրվագն ինչպես պետք է խաղամ, բայց էլի չէի կարողանում: Մի անգամ էլ կուլիսներում տխուր նստած էի, տիկին Վարդուհին եկավ, հարցրեց, թե ինչու ինձ մոտ չի ստացվում, ասացի, որ ամաչում եմ իրենից: Նա ինձ շատ քաջալերեց, ասաց. «Մոռացիր, որ ես եմ բեմի վրա, ինչպես զգում ես, այնպես էլ խաղա»: Տիկին Վարդուհու խոսքերն ինձ թեւեր տվեցին, եւ ամեն բան ստացվեց: Այդտեղից էլ սկսվեց մեր մտերմությունը»,-հիշեց Ռոմանը` հավելելով, որ Վարդուհի Վարդերեսյանը երիտասարդների լավագույն խորհրդատուն էր, նրանց ճիշտ ուղու վրա դնողը…
Հ.Գ. «Ժողովուրդ»-ը ցավակցում է Վարդուհի Վարդերեսյանի բարեկամներին եւ հարազատներին` մեծ կորստի կապակցությամբ:

 

 

 
«ՉԵՆՔ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ԵԹԵՐ»

«Ժողովուրդ»-ն ավելի վաղ իր «Ու՞ր են կորել երբեմնի հայտնի աստղերը եւ ինչո՞վ են զբաղված» շարքի շրջանակներում անդրադարձել էր դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր Նարբե Պողոսյանի եւ դերասանուհի, հաղորդավարուհի Աստղիկ Ալավերդյանի` եթերից «անհետանալուն»: Դեռեւս ամռանը Աստղիկը մեզ հետ զրույցում հավաստիացրել էր, որ ինքն ու ամուսինը սեպտեմբերին կվերադառնան եթեր, նշել, որ անգամ որոշել են հաղորդման բնույթը, որի շրջանակներում մտադիր են ներկայանալ, սակայն նա այդպես էլ ամբողջովին չէր բացել փակագծերը:

Սեպտեմբերն անցավ, աշունն արդեն ավարտվում է, սակայն մենք «Ընտանեկան պատմություններ»-ից եւ մի շարք այլ ծրագրերից հայտնի հերոսներին եթերում այդպես էլ չենք տեսնում: Նարբե Պողոսյանից հետաքրքրվեցինք պատճառների մասին: «Որոշ հանգամանքների պատճառով չենք կարողանում վերադառնալ եթեր: Բանն այն է, որ ես զբաղված եմ մեր ընտանեկան բիզնեսի ընդլայնմամբ, Աստղիկը` մեր որդու` Մոնթեի խնամքով, ուստի ժամանակ չի լինում նոր նախագծի մասին մտածելու համար»,-ասաց նա:
Նարբեի խոսքով` հեռուստատեսային աշխատանքը պահանջում է ամբողջական նվիրում. «Կան մարդիկ, ովքեր խորհուրդ են տալիս համատեղել այն ուրիշ աշխատանքների հետ, սակայն այդպես չի կարելի, եթե այդ ոլորտում ես, պետք է լուրջ մոտենաս գործիդ: Այնուամենայնիվ, մենք տասը տարի աշխատել ենք հեռուստատեսությունում, եւ եթե հիմա ստեղծագործական աշխատանք չենք կատարում, դա դեռ չի նշանակում, թե նոր գաղափարներ չունենք: Մենք մտածում ենք մանկական, ժամանցային, սերիալային ֆորմատի նախագծերի շուրջ, պարզապես հարմար պահը դեռ չի հասունացել` դրանք իրականացնելու համար»,-մանրամասնեց նա` հավելելով, որ ինքը եթերում շատ հետաքրքիր ֆորմատներով հաղորդումների պակաս է տեսնում, սակայն այդ բացը լրացնելու ժամանակ, ինչպես նշվեց, դեռ չունի:
Նարբեն տեղեկացրեց, որ այժմ ինքը զբաղված է տարբեր կոորպորատիվների կազմակերպմամբ եւ մասնագիտացված խանութի գործերով:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 
ԱԶՆԱՎՈՒՐԻ 2 ՀԱՄԵՐԳ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է
Ֆրանսահայ շանսոնիե Շառլ Ազնավուրն առողջական խնդիրների պատճառով հետաձգել է Ամստերդամում կայանալիք իր երկու համերգները: Այս մասին փոխանցում է «Առավոտ»-ը` հղում անելով «Abcnews»-ին: Համերգի կազմակերպիչները հայտարարել են, որ 91-ամյա Ազնավուրի` այս կիրակի երեկոյան նախատեսված համերգը հետաձգվել է, քանի որ շանսոնիեն ստամոքսի սուր ցավեր եւ աղիքային վարակ ունի: Նշված է նաեւ, որ դեկտեմբերի 9-ին Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամում կայանալիք համերգը նույնպես հետաձգվել է, որպեսզի երգիչը կարողանա լիովին ապաքինվել: Երկու համերգներն էլ, ամենայն հավանականությամբ, տեղի կունենան 2016 թվականի հունվարին:

 

ՀԱՔԵՐՆԵՐԸ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ
Հերթական հաքերային հարձակումն է տեղի ունեցել աստղի էլեկտրոնային հաշվի վրա: Այս անգամ թիրախում հայտնվել է Victoria՚s Secret-ի հայտնի սուպերմոդել Ջիջի Հադիդին: TMZ-ի փոխանցմամբ` չարագործները սպառնում են iCloud-ից հրապարակել նրա անձնական լուսանկարներն ու տեսագրությունները, եթե մոդելն իրենց խոշոր չափի գումար չտա: Մտադիր են հրապարակել Ջիջիի անձնական լուսանկարներն ու տեսագրությունները եւ վաճառել դրանք տարբեր ԶԼՄ-ների: Մոդելը, սակայն, հայտնել է, որ ոչ մի դեպքում չի վճարի չարագործներին: Նա իրավաբան է վարձել ու գործին ներգրավել նաեւ հետաքննություններով զբաղվող մի ընկերության, որպեսզի գտնի հաքերներին:
Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ հաքերները նույն սպառնալիքներով դիմել էին երգչուհի Շակիրային եւ ֆուտբոլիստ Պիկեին:

 

THE BEATLES-ԻՑ ԱՆՑԵԼ Է
Հայտնի երգիչ Ջասթին Բիբերը ռեկորդ է սահմանել Billboard-ի թոփ-100 ցանկում միաժամանակ ներառված երգերի քանակով: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net-ը։ Ամսագրի՝ 2015 թվականի դեկտեմբերի 5-ի վարկանշային ցանկում ընդգրկվել է երգչի 17 երգ:
Նշենք, որ նախորդ ռեկորդը սահմանել է լեգենդար The Beatles խումբը, որը 1964 թվականի ապրիլին Billboard-ի թոփ 100-ում ներառվել է 14 երգով։ Դրանից հետո այդ հաջողությունը 2015-ին կրկնել է կանադացի ռեփեր Դրեյքը՝ մարտի 7-ի եւ հոկտեմբերի 17-ի ցանկերում։ Բիբերի նոր ալբոմը, որը կոչվում է «Purpose», թողարկվել է նոյեմբերի 13-ին եւ միանգամից հայտնվել է Billboard 200-ի առաջին տեղում։ Բացի այդ, գրեթե բոլոր երգերը հայտնվել են Billboard-ի թոփ-100 հիթ շքերթում:




Լրահոս