«Հայազն» կուսակցության ղեկավար, «Այո եւ ոչ» ռեալիթի շոուի մասնակից Արմեն Մկրտչյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց՝ հիմա իրենց առավել հասկանալի է դարձել, որ հանրությունը սահմանադրական փոփոխություններ չի ցանկանում:
-Պարո՛ն Մկրտչյան, արդեն տեւական ժամանակ է՝ այո-ի ներկայացուցիչների հետ շրջում եք մարզերում, լինում եք տարբեր գյուղերում: Ի՞նչ եզրակացության եք եկել. արդյո՞ք ժողովուրդը կողմնորոշվել է, թե ինչպես է այդ օրը քվեարկելու:
-Բնականաբար ոչ են քվեարկելու, ոչ-ի կողմնակիցները շատ են, իսկ այո-ի կողմնակիցները բացառապես գյուղապետերն են ու գյուղապետարանի աշխատակիցները, դպրոցի կամ մանկապարտեզների տնօրենները: Այսինքն՝ եթե մեկ բառով ասենք, ստացվում է, որ կողմնակիցները հիմնականում պետական աշխատանք ունեցողներն են: Երեւի 1-2 գյուղեր են եղել, որտեղ արտահայտվել են գյուղացիները, նրանք էլ, ասենք, պատգամավորի բարեկամներ են կամ ինչ-որ մի պաշտոնյանի հարազատներ, իսկ մնացած հասարակ ժողովուրդը, գյուղացին դեմ է: Մեծամասնությունը դեմ է արտահայտվում սահմանադրական փոփոխություններին: Մենք այս ժամանակահատվածում բոլորի հետ զրուցում ենք, բոլորն էլ իրենց դիրքորոշումը ներկայացնում են, ու հասկանալի է դառնում, որ հասարակ գյուղացին դեմ է արտահայտվում: Առանց մեր ներկայացմանն էլ բոլորն էլ կարող են հետեւել ընթացքին, ու հասկանալի կլինի, թե ինչ է խոսում ժողովուրդը այդ փոփոխությունների մասին ու ինչ է ասում:
-Քարոզչության ընթացքում հասկանալի դարձավ, որ հանրությունն անգամ տեղյակ չէ, թե ինչի համար են կատարվում սահմանադրական փոփոխությունները: Արդյո՞ք Ձեզ հաջողվում է ժողովրդին ներկայացնել նաեւ, թե ի՞նչ է իրենից ներկայացնում այդ փոփոխությունը, տեսակետ կա, որ ոչ-ին չի հաջողվում հանրությանը համոզել, թե ինչու պետք է ոչ ասել:
-Այո, կարելի է ասել, որ հանրությունը տեղյակ չէ, թե ինչի համար են այդ փոփոխություններն իրականցվելու, ու թե ինչու են ՀՀ իշխանություններն այժմ նման բան կատարում: Բայց նաեւ ոչ-ի ներկայացրած հիմնավորումներից նրանց համար հասկանալի է դառնում, թե դրանք ինչ փոփոխություններ են, ու ինչպես պետք է նրանք քվեարկեն: Մեր քարոզչության ժամանակ էլ նրանց տեղեկացվածության աստիճանը բարձրացավ, իշխանության ներկայացուցիչները մեծ դժվարությամբ սկսեցին տեղեկատուներ բաժանել, մինչեւ օրս չէին բաժանել, քանի որ նրանք էլ մտավախություն ունեին, որ բովանդակությունից տեղյակ լինելով՝ քաղաքացին բովանդակային առումով եւս դեմ է լինելու: Հիմա վիճակն ավելի է փոխվել, հանրությունն ավելի հստակ գիտի, թե ինչի համար է քվեարկելու ու ինչու է ասելու ոչ: Կարծում ենք, որ իսկապես քարոզչությունն օգնում է, որպեսզի հանրությունը տեղեկանա, թե իրենից ինչ է ներկայացնում այդ փոփոխությունը: Այսօր բոլորի համար էլ հասկանալի է դարձել այդ փոփոխությունների նպատակն ու բովանդակությունը, քաղաքացին շատ լավ գիտի, որ դա իրեն պետք չէ, քաղաքացին շատ լավ հասկանում է, որ այդ փոփոխություններով իր կյանքում, սոցիալական հարցում որեւէ հարց չի լուծվելու:
-Դեկտեմբերի 1-ին ընդդիմությունը հանրահավաք է անելու Ազատության հրապարակում, որի ժամանակ, ըստ նրանց հայտարարությունների, լինելու են կտրուկ որոշումներ, կհստակեցվեն անելիքները: Արդյո՞ք «Ռեալիթի շոուն» ու նշյալ հանրահավաքը օգնելու են, որ դեկտեմբերի 6-ին կայանալիք հանրաքվեի օրը քաղաքացին իր ոչ-ն ասի ու ընդդիմանա իշխանություններին:
-Այս պահի դրությամբ որեւէ բան չեմ կարող ասել, քանի որ մենք քարոզչություն ենք իրականացնում, մենք իրականացնում ենք մեր քարոզչությունը: Ընդհանրապես մենք փորձում ենք ամեն կերպ, մեր իրավունքների սահմաններում հանրությանն իրազեկել ու ներկայացնել հանրաքվեի հետ կապված բոլոր հարցերը: Կարծում եմ, որ ցանկացած ուժ, եթե կարողանում է այս պահի դրությամբ ինչ-որ բան ասել, անել, որպեսզի ՀՀ քաղաքացու համար հասկանալի լինի, թե ինչու պետք է ոչ ասել, ապա պետք է անել դա: Իսկ արդյունքների մասին կկարողանանք խոսել այն ժամանակ, երբ հանրաքվեն կայանա:
-Իշխանությունները պնդում են, որ ոչ-ն անգամ չի կարողանում իր թիմակիցների միջոցով հանրաքվեի օրը ընտրատեղամասերում հսկողություն իրականացնել: Սա չի՞ նշանակում, որ ընդդիմությունն արդեն թույլ է իր ռեսուրսներով:
-Իշխանությունն օգտագործում է պետական լծակները, եթե շոուի շրջանակներում էլ տեսնում ենք, հասկանում ենք, որ գալիս են, բերում են այն մարդկանց, ովքեր աշխատում են քաղաքապետարաններում, գյուղապետարաններում, դպրոցներում եւ այլն: Սա արդեն նշանակում է, որ նրանք իրենց լծակներն են օգտագործում քարոզչության իրականացման համար: Ոչ-ը համախմբված է, ունենք մեր թիմակիցները, որոնք իսկապես գիտեն, թե ինչ են ուզում, ու ինչու պետք է ոչ ասենք սահմանադրական փոփոխություններին:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՈՒԺԵՐԻ ԿՈՂՄԻ՞Ց
Երեկ՝ ուշ երեկոյան, Երեւանում ՀՀ ազգային անվտանգության ծառայության եւ նույն ծառայության հակաահաբեկչական (Ալֆա) վարչության եւ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների կողմից բացահայտվել է կազմակերպված հանցավոր խմբակցություն, որը նպատակ է հետապնդել ՀՀ տարածքում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ:
Ըստ ԱԱԾ-ի պաշտոնական հաղորդագրության՝ 2015թ. ՀՀ քաղաքացի, Երեւանի նախկին բնակիչ, արտասահմանում բնակվող Արթուր Վարդանյանը, ժամանելով ՀՀ, ստեղծել եւ ղեկավարել է հանցավոր համագործակցություն: Նախնական համաձայնությամբ կազմակերպված խմբի կողմից ապօրինաբար ձեռք է բերվել մեծ քանակությամբ զենք եւ ռազմամթերք, որը թաքցվել է Երեւան քաղաքի Նորք թաղամասում այդ նպատակով վարձակալած առանձնատանը: Հանցավոր խմբի 10 անդամները ձերբակալվել են:
ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի եւ 2-րդ մասերով եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով: Կատարվում է նախաքննություն:
Երեկ լուրեր տարածվեցին, թե զինաթափված ահաբեկչական խմբի մեջ սփյուռքահայեր են եղել, եւ հանցախումբն առնչություն ունի «Նոր Հայաստանի» եւ «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամների հետ: Սակայն «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Գարեգին Չուքասզյանն ասաց, որ ո՛չ իր, ո՛չ Ժիրայր Սէֆիլյանի բնակարանում խուզարկություն չեն կատարել. «Երբ որ կլինի պաշտոնական հաղորդագրություն, մենք էլ մեր կողմից կմեկնաբանենք: Հիմա ինչի մասին խոսենք, ինչ-որ մեկը ենթադրություն է արել, մենք պիտի հայտարարություննե՞ր տանք: Կարող է ասեն՝ ռուսական ինքնաթիռն էլ է «Նոր Հայաստան»-ը խփել»:
Իսկ ինչպես էին կազմակերպված հանցավոր խմբակցության անդամները հայտնվել Նորք-Մարաշում: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար Վարազդատ Մկրտչյանը հայտնեց, որ Ա. Վարդանյանը վարձակալել է այդ բնակարանը, իսկ բնակարանի սեփականատերը գտնվում է ԱՄՆ-ում, բնակարանը տվել էր վարձով: Ըստ վարչական շրջանի ղեկավարի՝ ձերբակալվածների մեջ սիրիացիներ են եղել: 2 անձ փախուստի է դիմել:
Այն, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից առաջ ընդդիմադիրներին «վնասազերծելու» խնդիր կա իշխանության առաջ դրված, միանշանակ է: Ապրիլի 24-ին` հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, Ժ. Սէֆիլյանի եւ ընկերների ձերբակալության պատմությունն է հիշեցվում: Հավելենք, որ իրավապահները նշված բնակարանից հայտնաբերել էին թռուցիկներ՝ «Ոչ սահմանադրական բարեփոխումներին» բովանդակությամբ:
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Քաղաքական տրամաբանության խնդիր կա: ՀՀ-ում մահմեդական տեռորիզմի հիմքեր ինչում կան: Հայաստանը ներգրավված է համաշխարհային հակաահաբեկչական շատ լուրջ գործողությունների մեջ, ինչ-որ հիմք չկա: Հայաստանը երբեք չի շփվել եւ չի եղել թիրախ»: Նրա խոսքով՝ ՀՀ-ում ահաբեկչություն կարող է լինել միայն 2 դեպքում: «Կամ ինչ-որ հատուկ ծառայություն Հայաստանում անհասկանալի տրամաբանությամբ ինչ-որ բան է անում` կլինեն թուրքեր, ադրբեջանցիներ, ռուսներ, որպեսզի ցույց տան, որ Հայաստանը պետք է միանա համապատասխան հակաահաբեկչական գործողությունների, բայց այս տարբերակը քիչ հավանական եմ համարում: Երկրորդ տարբերակն այն է, ինչ Հայաստանը միշտ անում է` զենքը դնում են գլխներին, բռնում են: Ես մի քիչ մութ բան տեսա այս ամենի մեջ, որովհետեւ նման բաները լինում են հենց այն պահին, երբ աշխարհում խառը վիճակ է»,-նշեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահը:
ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ
ԲԱ ԱՍՈՒՄ ԵՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՂ ՉԿԱ
ՀՀ ֆինանսների նախարարության Դիլիջանի ուսումնական կենտրոնի կառուցման համար ամեն ամիս բյուջեի միջոցներից մի քանի հարյուր միլիոն դրամ ծախսելու խնդրին «Ժողվուրդ»-ը բազմիցս անդրադարձել է. վերջին անգամ ավելի քան 350 մլն դրամ էր ծախսվել: Պաշտոնական փաստաթղթերից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ նոյեմբերի առաջին կեսի ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարությունը Դիլիջանի ուսումնական կենտրոնի կառուցապատման վրա հասցրել է ծախսել եւս 307.5 մլն դրամ: Այսպես, ուսումնական կենտրոնի բացօթյա սպորտհրապարակների բարեկարգման, իսկ ավելի կոնկրետ միայն ֆուտբոլի դաշտի համար պետբյուջեի հաշվին ծախսվել է 100 մլն 630 հազար դրամ: Եւս 42 մլն դրամ ծախսվել է «Վի ընդ Բի Սթայլ» ՓԲԸ-ից խոհանոցային պարագաներ եւ ապրանքներ ձեռք բերելու վրա: Իսկ գիտաժողովների դահլիճի կաթսայատան եւ սպորտային հրապարակները սպասարկող մասնաշենքի կաթսայատան գազաֆիկացման աշխատանքների համար հատկացվել է ավելի քան 33 մլն դրամ: Սա էլ դեռ ամենը չէ: 134 մլն դրամ էլ պետբյուջեից հատկացվել է թենիսի հարթակների կառուցման համար: Ինչպես տեսնում ենք՝ նման շռայլությունների համար պետբյուջեում միջոցներ կան, իսկ, ասենք, թոշակները 5 հազար դրամով բարձրացնելու եւ թոշակառուներին սովահար լինել թույլ չտալու համար գումար չկա:
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԳՈՐԾՈՎ
Նոյեմբերի 21-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը քննում է Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի դեմ ներկայացված դիմում-բողոքը, որը ներկայացրել է Լոռու մարզի դատախազությունը: Վանաձորի քաղաքապետի դեմ բողոքը դատախազությանը ներկայացրել է նրա ազգականը՝ հայտարարելով, թե Սամվել Դարբինյանը եւ նրա մտերիմներն իրեն սպառնում են: Եւ, ահա, ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը, ստանալով բողոքը, հեղինակին՝ Վիկտոր Դարբինյանին, հրավիրել է հարցաքննության՝ պարզելու համար, թե կոնկրետ ինչ սպառնալիքների մասին է խոսքը, սակայն քաղաքապետը հրաժարվել է ներկայանալ ոստիկանություն: Հետաքրքիր զարգացումներ են ընթանում:
ԳՈՂՈՒԹՅՈՒՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻՑ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Աջափնյակ վարչական շրջանի 16-րդ թաղամասում գտնվող մանկապարտեզներից մեկում գողություն է եղել: Գողերը կոտրելով մանկապարտեզի դուռը՝ աշխատակիցներից մեկի սենյակից հափշտակել են մոտ 60 հազար դրամ: