Վերջին շրջանում պետական պաշտոնյաները հաճախ են խոսում պետական բյուջեի միջոցների սղության մասին: Ամեն անգամ, երբ որեւէ ոլորտի լրացուցիչ գումար հատկացնելու հարց է բարձրացվում, պաշտոնյաներն անմիջապես հակադարձում են, թե միջոցներ չկան:
Հայաստանի խորհրդարանն անցած շաբաթ ավարտեց եկող տարվա պետական բյուջեի նախագծի քննարկումները: Առաջիկայում կառավարությունը պետք է վերջնական տեսքի բերի բյուջեի նախագիծը եւ ներկայացնի ԱԺ-ի հաստատմանը: 2016-ի բյուջեի նախագծի քննարկումներն իրենց բնույթով չէին տարբերվում նախորդ համանման փաստաթղթի քննարկումներից: Ինչպես հայտնի է՝ միջոցների «սղության» պատճառաբանությամբ եկող տարի կրճատվելու են ոչ լիարժեք դրույքով աշխատող գիտնականների՝ գիտական աստիճանի համար տրվող հավելավճարները:
Պետական բյուջեից բացի՝ գոյություն ունի նաեւ մեկ այլ՝ «ոչ հրապարակային» բյուջե, որը կրում է «արտաբյուջետային հաշիվների միջոցներ» անվանումը: Այս անվան ներքո հավաքագրվող գումարներն ամբողջությամբ տնօրինում է ՀՀ կառավարությունն՝ առանց խորհրդարանի հետ հաշվի նստելու: Դրանք այն միջոցներն են, որոնք կուտակվում են գերատեսչությունների հատուկ հաշվեհամարներին: Իսկ դրանք հիմնականում գոյանում են գերատեսչությունների կողմից մատուցված վճարովի ծառայությունների դիմաց կատարված մուծումներից, նրանց կողմից կիրառված տույժ եւ տուգանքներից, ինչպես նաեւ արտերկրից ստացված դրամաշնորհներից: Մասնավորապես, ընթացիկ 2015 թվականի համար Հայաստանի գերատեսչությունների արտաբյուջետային միջոցների հաշիվների մուտքերը, ըստ նախահաշիվների, պետք է կազմեն 33 միլիարդ 289 միլիոն դրամ: ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն՝ այս տարվա ինն ամիսների արդյունքներով արտաբյուջետային միջոցներից արդեն իսկ հավաքագրվել են 26 միլիարդ 587 միլիոն դրամ:
Արտաբյուջետային միջոցների մուտքերը հիմնականում բաժին են հասնում երկու գերատեսչությունների՝ ՀՀ ֆինանսների նախարարությանը եւ ՀՀ ոստիկանությանը: Մասնավորապես, ՀՀ ֆինանսների նախարարության արտաբյուջետային միջոցները տարեկան ծրագրով պետք է կազմեն 7 միլիարդ 559 միլիոն դրամ: Ինն ամիսների արդյունքներով դրանցից 4 միլիարդ 354 միլիոն դրամն արդեն հավաքագրվել է: Սակայն նշված նախարարությունն արտաբյուջետային միջոցների՝ 4 միլիարդ 356 միլիոն դրամն արդեն իսկ ծախսել է: ՀՀ ոստիկանության արտաբյուջետային միջոցները 2015 թվականին տարվա կտրվածքով պետք է կազմեն 22 միլիարդ 522 միլիոն դրամ: Այս տարվա ինն ամիսների արդյունքներով այդ գումարներից 15 միլիարդ 843 միլիոն դրամն արդեն հավաքագրվել է, որից ծախսվել է 15 միլիարդ 360 միլիոն դրամը:
Ի դեպ, ՀՀ ֆինանսների նախարարությունն իր արտաբյուջետային միջոցներից 640 միլիոն դրամը արդեն իսկ ծախսել է հարկային եւ մաքսային մարմինների աշխատակիցներին պարգեւատրումներ վճարելու համար: Մինչեւ տարվա վերջ այս գերատեսչությունն այդ նպատակով ծրագրում է ծախսել եւս 360 մլն դրամ: Ֆինանսների նախարարությունն իր արտաբյուջետային միջոցներից 3 միլիարդ 186 միլիոն դրամը ծախսել է շենքերի եւ շինությունների շինարարության վրա: Կարելի է կարծել, որ այս գերատեսչությունը ոչ թե Հայաստանի ֆինանսա-տնտեսական ոլորտի քաղաքականությունն է համակարգում, այլ քաղաքաշինությունը:
ՀՀ ոստիկանության դեպքում արտաբյուջետային միջոցներից 7 միլիարդ դրամն արդեն իսկ ծախսվել է ծառայությունների եւ ապրանքների ձեռքբերման նպատակով: Ի դեպ, ՀՀ ոստիկանությունն այն գերատեսչություններից է, որին պետական բյուջեից հատկացվող միջոցները եւս հսկայական են: Մասնավորապես, 2015 թվականի պետական բյուջեով ոստիկանության համար նախատեսված միջոցները կազմում են 38 միլիարդ 588 միլիոն դրամ: Այսինքն՝ եթե այդ գումարներին ավելացնենք նաեւ արտաբյուջետային միջոցները, ապա ստացվում է, որ ՀՀ ոստիկանության բյուջեն իրականում կազմում է ավելի քան 60 միլիարդ դրամ: Ստացվում է, որ ոստիկանության համակարգի վրա Հայաստանը ծախսում է պաշտպանության, այն է՝ բանակի համար հատկացված միջոցների մեկ երրորդի չափով գումար: Ի դեպ, եկող տարվա պետբյուջեի նախագծով ոստիկանությանը հատկացվելիք միջոցները նախատեսվում է մեկ միլիարդ դրամով ավելացնել:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ՀԱՎԱՔԵԼ ՈՒ ՔԱՐՈԶԵԼ ԵՆ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հայաստանի պետական գերատեսչությունների եւ հիմնարկների բոլոր աշխատակիցներին անցած կիրակի հավաքել են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ սահմանադրական փոփոխությունների քարոզ լսելու: Փաստացի Երեւանից 50 կիլոմետր հեռավորությամբ գտնվող բոլոր համայնքների պետական աշխատակիցներին հրահանգվել է այդ հանդիպմանը մասնակցել: Դժվար է ասել, թե այս քարոզչությունը որքանով կնպաստի սահմանադրական փոփոխությունները անաղմուկ «անցկացնելու» գործընթացին: Սակայն մասնակիցների տպավորությունները հաշվի առնելով՝ այդ միջոցառման բացասական հետեւանքներն առավել տեսանելի են: Բանն այն է, որ բանախոսները փորձել են ներկաներին համոզել, թե սահմանադրական փոփոխությունները Հայաստանն առավել ժողովրդավարական դարձնելու համար են նախաձեռնվել: Արդյունքում ներկաների մոտ մի տեսակ երկվություն է ստեղծվել: Ի վերջո, գերատեսչությունների եւ պետական հիմնարկների աշխատակիցները նույն այն մարդիկ են, որոնց իշխանություններն ամեն անգամ պարտադրում են «ձայն ապահովել»:
ԿԱԴՐ ՉՈՒՆԻ
Արդեն մեկուկես ամիս է, ինչ ՀՀ Կոտայքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունը պետ չունի: Բանն այն է, որ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանի՝ հոկտեմբերի 8-ի կարգադրությամբ քաղաքաշինության վարչության պետ Արշավիր Խաչատրյանն ազատվել է իր զբաղեցրած պաշտոնից: Կարգադրության հիմքում իբր ընկած է Խաչատրյանի անձնական դիմումը, սակայն ըստ որոշ տեղեկությունների՝ վերջինս «լեզու չի գտել» մարզպետի հետ: Այս տեղեկությունը Խաչատրյանից ճշտելու «Ժողովուրդ»-ի փորձերն անցան ապարդյուն: Հավելենք, որ մարզպետի մեկ այլ հրամանով քաղաքաշինության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել նույն վարչության պետի տեղակալ Ալեքսան Եղիշյանը: Ի դեպ, այս տարվա ընթացքում մարզպետը հասցրել է արդեն մի քանի աշխատակիցների ազատել աշխատանքից՝ մարզպետի օգնական Անդրանիկ Գեւորգյանը, խորհրդականներ Դավիթ Իվանյանն ու Հարություն Ալեքսանյանը եւ այլ աշխատակիցներ:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ՕԳՆԱԿԱՆԻ ՓՈՂԵՐԸ
ՀՀ վարչապետի օգնական Կարապետ Վարդանյանի դրամական միջոցներն անցած տարվա վերջին կազմել են 2 մլն 100 հզ. դրամ, 30 հզ. ռուսական ռուբլի, 6 հզ. դոլար եւ 3 հզ. եվրո: Այս մասին տեղեկանում ենք նրա պաշտոնական հայտարարագրից: Օգնականի ամսական աշխատավարձը կազմում է 326 հզ. դրամ: Այն, որ մարդը շատ փող ունի, դա ամենեւին էլ վատ չէ: Մարդու նպատակը եղել է հարստանալը, եւ նա հասել է դրան: Սակայն, երբ հարստանալ ցանկացող մարդը նշանակվում է պետական պաշտոնի, այստեղ արդեն ամեն ինչ «վատանում» է. նա պետականն ու սեփականը խճճում է: Ի դեպ, վարչապետի օգնականի կինը՝ Վարդուհի Ֆեսչյանը, որն ամսական 250 հզ. դրամ աշխատավարձ է ստանում, 1 մլն դրամ, 3 հզ. դոլար եւ 4 հզ. եվրո գումար ունի իր հաշվին: Հավանաբար նվերների շարքից է:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ԿԱՅՑԵԼԻ ԹԲԻԼԻՍԻ
Այսօր՝ նոյեմբերի 26-ին, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Թբիլիսի՝ Արեւելյան գործընկերության արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը մասնակցելու նպատակով:
ԿԿՐԿՆԱՊԱՏԿԻ
«Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերությունը պատրաստվում է 2016թ. ամռանը կրկնապատկել չվերթերը Երեւանի ուղղությամբ: Այժմ ավիաընկերությունը կատարում է օրական մեկ չվերթ: Այժմ քննարկվում է նաեւ ուկրաինական մեկ այլ ավիաընկերության մուտքի հնարավորությունը հայկական ավիաշուկա:
ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ երեկ կայացել է ՀԽՍՀ եւ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը: Նիստն սկսվել է մեծանուն դերասանուհու հիշատակին մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցելով: «Մենք Հանրապետության Նախագահի հետ քննարկել ենք եւ որոշում կայացրել, որ մեծ դերասանուհու աճյունը կամփոփվի Կոմիտասի անվան պանթեոնում»,-նշել է Հ. Աբրահամյանը: Ի դեպ, Վարդուհի Վարդերեսյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 26-ին՝ ժամը 18:00-20:00-ն, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտի արարողությունը՝ նոյեմբերի 27-ին՝ 12:00-14:00-ն, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, հուղարկավորությունը՝ նույն օրը, Կոմիտասի անվան պանթեոնում:
ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ ԿՃՇՏԻ
Երեկ լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարեց, որ Ալբանիայի խաղից հետո երեք օր ինքը փակվել է տանը: «Այո, մեր հավաքականը խայտառակ վատ է խաղացել, Ալբանիայի խաղից հետո երեք օր փակվել էի, ոչ ոքի չէի ուզում տեսնել: Բոլորս էլ ցավ ենք ապրում, ես ցանկացած պահի պատրաստ էի հրաժարական տալ, բայց որեւէ պահանջ ու ուլտիմատում չի կարող ինձ կոտրել ու ստիպել հրաժարվել այն գործից, որը ես արել եմ տարիներ շարունակ»,- հայտարարել է նա: Հիշեցնենք, որ մոտ մեկուկես ամիս առաջ ՖԱՖ ակումբի անդամները նամակով դիմել էին Ռուբեն Հայրապետյանին՝ պահանջելով միջազգային կարգի մարզիչ բերել մեր ազգային հավաքականի համար, ինչպես նաեւ հետ բերել այն ֆուտբոլիստներին, որոնց հետ տարաձայնություններ ունի ֆեդերացիայի ղեկավարը: Նրանք նաեւ բողոքի ակցիաներ էին անցկացնում՝ պահանջելով ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հրաժարականը: Այս խնդրի շուրջ Հայրապետյանն ասաց. «Ինձ ընդհանրապես չի էլ հետաքրքրում ՖԱՖ-ն ինչ ա անում, ամեն օր թող գան, միտինգ անեն: Ինձ Ալբանիայի հետ խաղն ա հետաքրքրում` ես ճշտեմ, ովքե՞ր եւ ի՞նչ ձեւերով են արել: Ես մինչեւ դա ջրի երես չհանեմ, չեմ հանգստանա: Հավաքականում 23 ֆուտբոլիստ են, բոլորին չի կարելի կասկածել, եւ այդ 23-ը հաստատ չեն: Միակ ելքը` բացահայտել այն մարդկանց, ովքեր արել են: Եթե արել են, դա կոչվում է երկրին դավաճանել»:
ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ
Երեկ Սերժ Սարգսյանը ՀՀ Արարատի մարզպետի եւ մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել Արարատի մարզի 2014թ. եւ 2015թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի սոցիալ-տնտեսական իրավիճակի, առկա հիմնախնդիրների, գերակայությունների եւ զարգացման ծրագրերի քննարկման նպատակով: Նշենք, որ Սերժ Սարգսյանը խորհրդակցության սկզբում մարզպետ Աբրահամյանին հորդորել է մեծ ուշադրություն դարձնել նաեւ մարզում աղբահանության խնդիրներին: Խորհրդակցության ավարտին Սերժ Սարգսյանը մի շարք հանձնարարականներ է տվել: Մասնավորապես մարզի ոռոգելի հողատարածքների ավելացման եւ կայուն ջրամատակարարման ապահովման, Սեւանա լճից բաց թողնվող ոռոգման ջրաքանակների տնտեսման նպատակով: