Հայաստանում սահմանադրական փոփոխությունների շուրջ իշխանության եւ ընդդիմության ներկայիս բանավեճը հիշեցնում է 2005թ. փոփոխությունների շրջանը: Ընդդիմությունը պնդում է, որ փոփոխությունների հասարակական պահանջ չկա, իսկ իշխանությունը խոստանում է դրանցով լուծել երկրում առկա բոլոր հարցերը: Այս առումով հարկ է ուշադրություն դարձնել «Վիկիլիքսի» կողմից հրապարակված մի հետաքրքիր փաստաթղթի: Վերջինս ցույց է տալիս, թե ինչպես էին իշխանականներն ու ընդդիմադիրները փորձում հաճոյանալ ամերիկացիներին` սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ իրենց տեսակետը ավելի բարձրաձայն պնդելով: Սույն զեկուցագիրը կենդանի փաստ է, թե որքան ինքնանպատակ են 2005 եւ 2015 թթ. գործընթացները:
Փաստաթուղթը հեղինակել է Հայաստանում ԱՄՆ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Էվանսը 2005թ. նոյեմբերի 2-ին: Զեկուցագրում դեսպանը պատմում է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Դենիել Ֆրեդի հայաստանյան այցի եւ դրա շրջանակներում ունեցած քննարկումների մասին: Այս դեպքում խոսքը վերաբերում է 2005թ. հոկտեմբերի 18-ին սահմանադրական փոփոխությունների կողմնակիցների եւ հակառակորդների հետ ամերիկյան կողմի հանդիպմանը լանչի շուրջ: Իշխանություններից հանդիպմանը մասնակցել էին Դավիթ Հարությունյանը, Տիգրան Թորոսյանը, իսկ ընդդիմադիրներից՝ Ստեփան Զաքարյանը, Արտաշես Գեղամյանը, Շավարշ Քոչարյանն ու Վազգեն Մանուկյանը: Ներկա են եղել նաեւ Արման Կիրակոսյանը, Վարդան Պողոսյանն ու Արմեն Հարությունյանը:
Արդարադատության այն ժամանակվա նախարար Դավիթ Հարությունյանը նկատել էր, որ սահմանադրական փոփոխությունները իդեալական չեն, բայց քայլ առաջ են ժողովրդավարությունն ամրապնդելու իմաստով: Այնժամ ԱԺ փոխխոսնակ Տիգրան Թորոսյանն էլ իր համոզվածությունն էր արտահայտել, որ փոփոխությունները կարեւորագույն դեր են խաղալու ժողովրդավարության անշրջելի մեխանիզմներ ստեղծելու գործում: Իշխանության ներկայացուցիչները մեջբերել են Էվանսի արտահայտությունը, ըստ որի` սահմանադրական փոփոխությունները կարեւոր, բայց ոչ բավարար պայման են ժողովրդավարության համար` ընդգծելով, որ կառավարությունն ունի քաղաքական կամք փոփոխությունները կյանքի կոչելու համար: Հարությունյանը պատասխանել է, որ իշխանությունը որեւէ նպատակ չունի միջամտելու քվեարկությանը, իսկ Թորոսյանը խոստացել էր, որ հանրաքվեն լինելու է ազատ եւ արդար: Հետաքրքիր է, որ Դավիթ Հարությունյանն այսօր կրկնում է 10 տարի առաջ հնչեցրած իր հիմնավորումները: Դրանով նա փաստում է, որ սահմանադրական փոփոխությունները ինքնանպատակ են եղել, իսկ իր գործառույթը օրվա նախագահի ցանկությունների պաշտպանությունն է:
Իսկ, ահա, թունդ ընդդիմադիր Վազգեն Մանուկյանը նկատել է, որ ժողովրդավարությունը թույն չէ, որ փոքր չափաբաժնով օգտագործես, որպեսզի քեզ վրա չազդի: Ըստ նրա` Հայաստանի իշխանությունը միայն ձեւացնում է, թե իբր հետաքրքրվում է ժողովրդավարական բարեփոխումներով: Վազգեն Մանուկյանն այնժամ համոզված էր, որ հասարակական պահանջ չկա այդ փոփոխությունների նկատմամբ, եւ վերջիններս միայն կհետաձգեն այդքան անհրաժեշտ ու իրական փոփոխությունները: Այնժամ կարկառուն ՀԺԿ-ական Ստեփան Զաքարյանն էլ հավելել էր, որ կեղծված ընտրությունները, մամուլի ազատությունների սահմանափակումները եւ փոփոխություններ կատարելու քաղաքական կամքի բացակայությունն այն գործոններն են, որոնք խորացնում են անվստահության մթնոլորտը: Զաքարյանը պնդել է. «Ժողովուրդը պարզապես չի հավատում, որ բռնապետը կարող է հանկարծ դառնալ ժողովրդավար»:
Հազարամյակի մեկ այլ ընդդիմադիր Արտաշես Գեղամյանն էլ իր աջակցությունը սահմանադրական փոփոխություններին պատրաստ էր հայտնել միայն արտահերթ ընտրություններ նշանակելու դեպքում: Գեղամյանը շնորհակալություն է հայտնել Ֆրեդին` Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին ԱՄՆ կառավարության ցուցաբերած օգնության համար: Նա արձանագրել է, որ հայ ընտրողները ականատեսն են լոկ չնչին փոփոխությունների եւ ավելի քիչ կվստահեն այն իշխանությանը, որ խախտում է ժողովրդավարության սկզբունքները: Գեղամյանը Ֆրեդին խնդրել է Քոչարյանին համոզել, որ ընդունի իր կուսակցության հորդորն ու արտահերթ ընտրություններ նշանակի հանրաքվեից անմիջապես հետո: Ամերիկացի պաշտոնյան մերժել է Գեղամյանի խնդրանքը` ասելով, որ Քոչարյանի հետ հանդիպմանը ինքը միայն ընդգծելու է ԱՄՆ-ի կառավարության հետաքրքրությունն ազատ ու արդար ընտրությունների հարցում: Մեկ այլ կարկառուն ընդդիմադիր Շավարշ Քոչարյանը պնդել է, որ հայաստանցիները երաշխիք չունեն, որ փոփոխություններով նախագահը երրորդ ժամկետին այլեւս չի հավակնի. «Եթե կառավարությունն իսկապես ցանկանում է քայլ առաջ անել ժողովրդավարության հարցում, այն պիտի ձգտի հասարակական վստահություն ստեղծել»:
Դենիել Ֆրեդը ի պատասխան՝ նկատել է, որ ԱՄՆ-ն շահագրգռված է ազատ ու արդար կազմակերպման գործում: Նա առաջարկել էր քաղաքական գործիչներին նախ խաղի կանոններ սահմանել եւ միայն դրանից հետո վիճարկել ժողովրդավարության զարգացման ուղիները: Ֆրեդը հավելել է, որ իրենք հետեւելու են Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը` որպես «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի նախապայման: Զեկուցագրի ավարտին դեսպան Էվանսը արձանագրում է, որ Հայաստանի քաղաքական ընտրանին չի ցանկանում կոմպրոմիսի գնալ եւ ազատորեն մոտենալ բանավեճին:
Ճակատագրի հեգնանքով վերոնշյալ գրեթե բոլոր ներկայացուցիչները ներկայումս սատարում են իշխանությանը` ակտիվորեն քարոզելով Սերժ Սարգսյանի սահմանադրական փոփոխությունների օգտին: Հատկանշական է, որ այսօր փութաջանությամբ իշխանությանը ծառայող նախկին ընդդիմադիրների փաստարկները հաջողությամբ կարող են վերաբերել նաեւ 2015թ. սահմանադրական փոփոխություններին: Ավելին` այս 10 տարիների ընթացքում Հայաստանի ժողովրդավարության հարցում որեւէ փոփոխություն չկա, սակայն բոցկլտուն ընդդիմադիրներն այլեւս մոռացել են հասարակական պահանջի, կեղծվող ընտրությունների եւ նմանատիպ այլ «մանրուքների» մասին:
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
ԱՇՈՏԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԸ ՄԻԱՅՆԱԿ ԿՊԱՅՔԱՐԻ
ՀՀ Սյունիքի մարզի Աշոտավան գյուղում դեկտեմբերի 6-ին կանցկացվի ոչ միայն սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, այլեւ համայնքի ղեկավարի ընտրություն: Առաջադրված թեկնածուները երեքն են՝ անկուսակցական Լյովա Գրիգորյանը, գործող ՀՀԿ-ական գյուղապետ Արմեն Բեկլարյանը եւ նույն մարզի Թասիկ գյուղի հիմնական դպրոցի ՀՀԿ-ական տնօրեն Հարություն Հարությունյանը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ առաջադրված թեկնածուներն ինքնաբացարկ են հայտարարել: Ի՞նչ մթնոլորտ է գյուղում. այս հարցի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց գործող ՀՀԿ-ական գյուղապետ Արմեն Բեկլարյանի հետ:
-Ես արդեն ութ տարի է, ինչ որպես գյուղապետ եմ աշխատում, այս ընթացքում ոչ մի լարվածություն չկա: Ամեն ինչ հանգիստ է, խաղաղ…
-Արդեն մրցակից չունեք, միայնակ եք պայքարելու գյուղապետի պաշտոնի համար:
-Այո, նա էլ հանեց իր թեկնածությունը: Միայնակ էլ կպայքարեմ ու կհաղթեմ:
-Իսկ ինչպե՞ս եք պատրաստվում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին:
-Բոլորիս տրամադրությունն էլ բարձր է: Գյուղացիները հետաքրքրվում են, իսկ ես էլ բացատրում եմ սահմանադրական փոփոխությունների իմաստը:
-Իսկ ո՞րն է սահմանադրական փոփոխությունների իմաստը:
-Է, հիմա հո՞ չեմ նստելու ու Ձեզ Սահմանադրության իմաստը բացատրեմ:
-Լավ, գյուղացիներին ո՞ր կետն է ավելի շատ հետաքրքրում:
-Դե, այն բոլոր սահմանային դրույթները, որ կան սահմանադրական փոփոխությունների մեջ ներկայացնում ենք՝ իշխանական թեւերի տարանջատում, մեծամասնական ընտրակարգի բացակայություն, դատական համակարգի անկախություն:
-Համաձա՞յն են այդ ամենի հետ: Առարկություններ չունե՞ն:
-Դե, հնարավոր է, որ որոշ դրույթների հետ մարդիկ չհամաձայնեն, բայց ընդհանուր առմամբ բոլորը փոփոխություն են ուզում:
-Աշոտավանում շտաբ կա՞:
-Այո՛, ունենք: Աշխատողներն էլ 5-ն են:
-Ո՞ւմ միջոցներով եք նրանց վարձատում:
-Վարձատրություն չկա: Այս գյուղում փող հասկացությունը վերացած է: Բոլորն էլ կամավոր հիմունքներով են եկել աշխատում: Երկիրն աղքատ է, դրա համար էլ մենք պետք է առանց փող աշխատենք:
Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ
ՀՈՒՅՍԸ ՀԱՆՐԱՔՎԵՆ Է
Նոյեմբերի 12-ին սահմանամերձ Նոյեմբերյան քաղաքում գրանցված ուժգին քամին մեծ վնասներ հասցրեց բնակիչներին: Ըստ ամենատարբեր հաշվարկների՝ քամին տապալեց 4 ծառ, բազմաբնակարան շենքերի, սեփական առանձնատների, կենցաղային օբյեկտների տանիքներից պոկեց թիթեղյա եւ ազբոշիֆերի ծածկի մի մասը, էլեկտրական հոսանքի եւ փողոցների գիշերային լուսավորության լարերը պոկվեցին: Քաղաքի որոշ տների լուսամուտների ապակիները ջարդվեցին: Բարեբախտաբար, ուժգին քամուց բնակիչները չտուժեցին:
Բնականաբար, տեղի ունեցածից հետո Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանի հրահանգով աշխատակիցները գործի անցան: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Նոյեմբերյանի քաղաքապետարանի աշխատակիցները հաշվել են քամու պատճառած վնասների չափերը: Մանրակրկիտ կազմված այդ փաստաթղթերն անհրաժեշտ տվյալներով արդեն ներկայացվել են Տավուշի մարզպետարան: Մարզպետ Հովիկ Աբովյանը պետք է որոշում կայացնի` երբ, ում, որքան պետք է փոխհատուցում հատկացվի: Եւ մինչ օրս փոխհատուցման մասին դեռ որեւէ նորություն չկա: Մարզպետարանում ավելի շատ զբաղված են իրենց համար կարեւոր գործերով, քան բնակիչների խնդիրները կարգավորելու մտահոգությամբ: Եւ հայտնի «Շունն ու կատուն» աշխատության նման ամեն օր ասում են, թե «էգուց արի»:
Նոյեմբերյանցիները հույս ունեն, որ դեկտեմբերի 6-ին Սահմանադրության նախագծի հանրաքվեի ժամանակ, եթե Նոյեմբերյանում այո-ն գերակշռի եւ գոհացնի ՀՀ Կառավարությանը` ի դեմս ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի, ապա գործադիրը պետբյուջեից կփոխհատուցի մարդկանց կրած վնասները: Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանը համատեղության կարգով նաեւ սահմանադրական հանրաքվեի շտաբի ղեկավարն է:
Ստացվում է, որ քամուց քշված ու տուժված քաղաքացիները պարտադրված են այո քվեարկել, որպեսզի պետական աջակցություն ստանան: Իսկ հայրենի քաղաքական այրերը խոսում են ազնիվ քվեարկության հեռանկարի, ժողովրդավարության, անկողմնակալ քարոզչությունից եւ վերջապես արդար ընտրությունների մասին: Իսկ թե որքանո՞վ են արդար իշխանական քարոզիչների պնդումները, թերեւս լրացուցիչ օրինակով ներկայացնելու կարիք չկա:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆ
ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՀՍԿՈՒՄ ԵՆ
Երեկ Գյումրիում մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացված եղել. գրեթե բոլոր կենտրոնական փողոցներում խստացված հսկողություն է իրականացվել: Ականատեսների պատմելով՝ դեպի Գյումրի ճանապարհին ոստիկանները կանգնեցրել են ավտոմեքենաների վարորդներին ու զննել մեքենաները: Օրինակ՝ նման հսկողություն իրականացվել է Արեւիկ եւ Հոռոմ գյուղերի մոտակայքում: Ավելի ուշ պարզ դարձավ, որ Գյումրիում ու շրջակա տարածքում կատարվել են խուզարկություններ Երեւանում երեկ բացահայտված հանցավոր խմբակցության գործունեության շրջանակներում: