«ԻՆՁ ԾԱՆՈԹ ԵՐԱԺԻՇՏՆԵՐԸ ԱՊՇԱԾ ԵՆ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ջութակահար Հրայր Կարապետյանն արդեն երեք տարի է` ապրում եւ ստեղծագործում է Բելգիայում: Նա զբաղվում է համերգային գործունեությամբ, մասնակցում տարբեր մրցույթների: Հրայրն աշխատում է մի շարք նվագախմբերի հետ (Classical Concert Chamber Orchestra, National orchestra of Belgium, Vlaamse Opera եւ այլն): Նա իր եղբոր` ջութակահար Հենրիկ Կարապետյանի հետ կյանքի է կոչել «Karapetyan brothers» երաժշտական նախագիծը: «Ժողովուրդ»-ը զրուցել է արտերկրում գտնվող մեր հայրենակից երաժիշտի հետ:

-Հրա՛յր, գիտենք, որ Ձեր եղբոր հետ երկար տարիներ տեսնվելու հնարավորություն չեք ունեցել (նա ապրում եւ ստեղծագործում է ԱՄՆ-ում), իսկ երբ վերջապես այդքան սպասված հանդիպումը կայացել է, իրականացրել եք «Karapetyan brothers» երաժշտական նախագիծը: Դրա շրջանակներում ի՞նչ գործունեություն եք ծավալում, ի՞նչ ծրագրեր ունեք:
-Այո՛, մենք հանգամանքների բերումով չէինք տեսնվել ավելի քան 13 տարի: Իսկ միասնական նախագիծ իրականացնելու գաղափար վաղուցվանից ունեինք: Ես եւ եղբայրս հանդիպեցինք 2015-ին, Փարիզում` Համաշխարհային հայկական նվագախմբի համերգին, եւ կյանքի կոչեցինք մեր վաղեմի երազանքը: Մենք արդեն հասցրել ենք ելույթ ունենալ Եվրոպայում, հիմա պատրաստվում ենք 2016-ի մարտին համերգային տուր իրականացնել Միացյալ Նահանգներում եւ Կանադայում:
-«Karapetyan brothers»-ի շրջանակներում այլ հայ երաժիշտներ ընգրկվա՞ծ են:
-Այո՛, մեր դաշնակահարը կինս է` Հասմիկ Մանուկյանը. 7 տարի է` միասին ենք թե՛ անձնական, թե՛ մասնագիտական «ճակատներում» (ծիծաղում է):
-Հարցս, գուցե, այս ազնվագույն գործիքի համար կոպիտ հնչի, բայց հետաքրքիր է` ջութակը եկամտաբե՞ր գործիք է:
-Ընդհանրապես, դասական երաժշտության ոլորտում չկան մեծ եկամուտներ, կամ էլ կան, բայց բացառիկ դեպքերում, եթե խոսելու լինենք, օրինակ, համաշխարհային աստղերի մասին: Մնացած դեպքերում մենք ավելի շատ մեզ համար ենք նվագում եւ ստեղծագործում, իհարկե, կարեւոր է, եթե կարողանում ես, այսպես ասած, քեզ լավ «վաճառել», քո գինը իմանալ. այդ դեպքում հնարավոր է լավ ապրել:
-Պարզ է, որ Բելգիայում երաժիշտին ավելի խոստումնալից ապագա է սպասվում: Այդտեղ կարիերա եք անում, մի շարք հաջողությունների եք հասել. հնարավո՞ր է, որ Ձեր ստացած փորձը մի օր բերեք Հայաստան:
-Անպայման: Դեռ շատ երկար ճանապարհ ունեմ անցնելու: Մեծ հույս ունեմ, որ մի օր հնարավոր կլինի վերադառնալ իմ հայրենիք եւ ստեղծագործել այդտեղ: Իսկ Եվրոպան դասական երաժշտարվեստի սիրտն է, լինելով այստեղ` քեզ ընձեռվում են մեծ հնարավորություններ, որոնք Հայաստանում ինչ-որ չափով սահմանափակ են: Մենք ունենք շատ լավ դպրոց, լավ մասնագետներ, բայց ունենք մեկ նվագախումբ (նկատի ունի Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը` հեղ.): Կարեւոր է նաեւ այն հանգամանքը, որ Եվրոպայում միջազգային մրցույթները, փառատոները, համաշխարհային աստղերը, այսպես ասած, մոտ են: Իհարկե, պետք է հաշվի առնել նաեւ վարձատրության հարցը:
-Ըստ Ձեզ` Հայաստանում դասական երաժշտությամբ հետաքրքրվողների թիվն աճո՞ւմ է: Իսկ ինչպիսի՞ն է այստեղի հանդիսատեսը:
-Հայաստանում օրեցօր մեծանում է դասական երաժշտության նկատմամբ հետաքրքրությունը: Մենք ունենք հիանալի փառատոներ, ֆիլհարմոնիկ նվագախումբ: Այդտեղ հանդես են գալիս համաշխարհային աստղեր: Հայաստանի հանդիսատեսը շատ «տաք» է: Ինձ ծանոթ բոլոր երաժիշտները ապշած են վերադառնում Հայաստանից. իրոք, ամենաջերմ հանդիսատեսը մերն է: Համերգը լավ ներկայացնելու, լավ գովազդի դեպքում հնարավոր է հետաքրքրել մեր հանդիսատեսին: Ինձ շատ է ուրախացնում այն հանգամանքը, որ հատկապես երիտասարդների շրջանում դասական երաժշտության նկատմամբ մեծ հետաքրքրություն կա:
-Հրա՛յր, Հայաստանում երաժիշտ ընկերների հետ կապը պահո՞ւմ եք: Հնարավո՞ր է՝ մի օր համագործակցեք: Իսկ այդտեղ հայ համայնքի հետ կապը սե՞րտ է:
-Այո՛, իհարկե, Բրյուսելում արդեն բանակցություններ ենք վարում, որ համերգ կազմակերպենք, որին Հայաստանից կհրավիրվեն տաղանդավոր երաժիշտներ: Համերգին կմասնակցեն նաեւ երաժիշտներ Գերմանիայից: Իսկ ինչ վերաբերում է հայ համայնքի հետ կապին, ապա տեղեկացնեմ, որ հիմա պատրաստվում ենք նոյեմբերի 28-ին «Հայասա» երաժշտական նախագծի դեբյուտային համերգին, որը տեղի կունենա Բրյուսելում՝ «Հայի տանը»:
-Եվրոպացի հանդիսատեսին հայկական երաժշտության հնչյուններին ծանոթացնելու առիթներ ունենո՞ւմ եք, ինչպիսի՞ն է լինում ընդունելությունը:
-Գրեթե բոլոր համերգներիս ծրագրում ընդգրկված են հայկական ստեղծագործություններ: Իմ առաջին CD-ում ներառել ենք Առնո Բաբաջանյանի` ջութակի եւ դաշնամուրի սոնատը: Առհասարակ, հայկական երաժշտությունը միշտ շատ լավ է ընդունվում:

 

 

 
«ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ՏԵՂԸ ՏԵՂԻՆ ՆԵՐԿԱՅԱՆԱՄ»

«Ժողովուրդ»-ն արդեն գրել է, որ աշխարհահռչակ «Միսիս գլոբ» ամուսնացած կանանց գեղեցկության մրցույթում Հայաստանն այս տարի ներկայացնելու է մոդել, մասնագիտությամբ քաղաքագետ Աննա Դեմիրխանյանը: Մրցույթը տեղի է ունենալու Չինաստանի Շենժեն քաղաքում, նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 6-ը: Մենք զրուցել էինք «Համաշխարհային գեղեցկության եւ նորաձեւության լիգայի» նախագահ Աշոտ Խաչատրյանի հետ, ով բարձր էր գնահատել մեր մասնակցի` հաղթանակի հնարավորությունները:

«Ժողովուրդ»-ը խոստացել էր կապ հաստատել նաեւ հենց իր` Աննայի հետ: Այսպիսով` մեզ հետ զրույցում Աննան տեղեկացրեց, որ մարտական է տրամադրված մրցույթին: Նա այս օրերին համագործակցում է դիզայներ Ֆաինա Հարությունյանի հետ, ով էլ Աննայի առօրյա եւ բեմական զգեստների հեղինակն է: Բացի արտաքին տեսքն ապահովելու պատրաստություններից` Աննան պատասխանատվությամբ է մոտենում նաեւ մրցույթի մաս կազմող տաղանդի փուլին: Հատուկ Աննայի համար բեմադրվել է հայկական ազգային պար: Տարազները տրամադրել է «Տերյան» մշակութային կենտրոնը: «Ամեն ինչ անում ենք, որ տեղը տեղին ներկայանամ»,-ծիծաղելով նշեց մեր մասնակիցը:
Աննան նկատեց, որ եթե «միսս գեղեցկուհիների» մրցույթները մասնակիցներին ճանաչում բերելու, նրանց կարիերայում առաջընթաց ապահովելու նպատակ ունեն, ապա «միսիս գեղեցկուհիների» մրցույթի դեպքում` հակառակը. մասնակիցները կայացած կանայք են, իսկ հաղթանակը նրանց երկրի համար որեւէ լավ բան անելու հնարավորություն է տալիս. «Միսիս գլոբին, օրինակ, տրամադրվելու է որոշակի գումար իր երկրի մանկատների, ծերանոցների, տարբեր հիմնադրամների համար բարեգործություններ անելու նպատակով: Իսկ մրցույթի հիմնական գաղափարը պայքարն է կնոջ նկատմամբ կիրառվող բռնությունների դեմ»,-ասաց Աննան:
Մեր այն հարցին, թե արդյոք Աննան ծանոթ է մրցույթի մյուս մասնակիցների հետ եւ ում է համարում իր համար ուժեղ մրցակից, նա պատասխանեց. «Բացի այն, որ ծանոթ եմ մյուս մասնակիցների հետ, նաեւ օնլայն կերպով շփվում եմ: Նրանց թվում կան շատ հաճելի, մարդկային բարձր որակներով կանայք, կան նաեւ այնպիսիք, որոնց համար հաղթանակը չափազանց կարեւոր է, եւ նրանք մարդկային գործոնը մի կողմ դրած` ամեն ինչ կանեն դրան հասնելու համար. այս հանգամանքը մի փոքր վախեցնում է ինձ: Ամեն դեպքում, մարդկային որակներն ինձ համար առաջնային են»:
Աննան ուրախությամբ նշեց, որ իրեն քաջալերողները շատ են, իսկ նրանց թվում կարեւոր տեղ է զբաղեցնում իր փոքրիկ դուստրը, ով վստահ է, որ մայրիկը հաղթանակով է վերադառնալու տուն:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 
ԸՆԴԳՐԿՎԵԼ ԵՆ ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ՕՐԱՑՈՒՅՑՈՒՄ
Ոսկան Երեւանցու տպագրությամբ հայերեն առաջին Աստվածաշնչի (1666թ.) 350-ամյակը եւ Հովհաննես Այվազովսկու (1817-1900թթ.) ծննդյան 200-ամյակն ընդգրկվել են Հռչակավոր մարդկանց եւ կարեւոր իրադարձությունների ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2016-2017թթ. օրացույցի մեջ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։ Որոշումը կայացվել է Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, նոյեմբերի 4-ից 18-ը տեղի ունեցած գլխավոր կոնֆերանսի 38-րդ նստաշրջանի ընթացքում:
Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված «Ոսկան Երեւանցու տպագրությամբ հայերեն առաջին Աստվածաշնչի (1666թ.) 350-ամյակը» հայտը ստացել է Ֆրանսիայի Հանրապետության եւ Նիդերլանդների Թագավորության աջակցությունը, իսկ Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ ներկայացված «Հովհաննես Այվազովսկու (1817-1900թթ.) ծննդյան 200-ամյակը» հայտը՝ Իտալիայի Հանրապետության աջակցությունը:
Այսպիսով՝ 1998 թվականից առ այսօր Հռչակավոր մարդկանց եւ կարեւոր իրադարձությունների ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրացույցում ներառվել է Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված 21 հոբելյանական տարեթիվ:

 

ՃԱՊՈՆԱԿԱՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 1-ը Հայաստանում կմեկնարկի ճապոնական ֆիլմերի փառատոն, որն արդեն թվով 9-րդն է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը փառատոնի կազմակերպիչներից «Հիկարի» կենտրոնի նախագահ Կարինե Փիլիպոսյանը նշել է, որ փառատոնը հնարավորություն է տալիս ճանաչելու ճապոնական մշակույթը, ճապոնացի մարդու տեսակը:
Նրա խոսքով` կցուցադրվեն 5 ֆիլմեր, որոնք ժամանակակից գործեր են: Կինոսրահ մուտքը ազատ է լինելու: Ի դեպ, այս տարի փառատոնը ընդգրկում է նաեւ Գյումրին ու Էջմիածինը:

 

ԱԴԵԼԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՌԵԿՈՐԴԸ
Բրիտանացի երգչուհի Ադելի նոր «25» ալբոմը երեք օրվա վաճառքից հետո դարձել է ԱՄՆ-ում այս տարվա ամենաշատ վաճառվող ալբոմը: Այս մասին տեղեկացնում է Billboard-ը: Երգչուհու երրորդ ալբոմը ընդամենը երեք օրում վաճառվել է 2.433 մլն. օրինակով: Այդ նույն ժամանակահատվածում նախորդ ռեկորդը եղել է Թեյլոր Սվիֆթինը (նրա «1989» ալբոմինը վաճառվել է 1.76 մլն. օրինակով):
Ակնկալվում է, որ Ադելը մոտավորապես 3 մլն. օրինակ կվաճառի ԱՄՆ-ում եւ մոտավորապես 1 մլն. էլ՝ Մեծ Բրիտանիայում: Ի դեպ, Ադելի նոր ալբոմի սինգլը՝ «Hello»-ն, չորս շաբաթ է Billboard Hot 100 հիթ շքերթի առաջին հորիզոնականում է:




Լրահոս