ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՊԵՏՔ Է ՕԳՏԱԳՈՐԾՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուս-թուրքական հարաբերությունների կտրուկ վատթարացումն արդեն իսկ սկսում է ազդել երկու երկրների տնտեսական հարաբերությունների վրա: Մասնավորապես Ռուսաստանն արդեն սկսել է տարբեր պատճառներ փնտրել` թուրքական ապրանքների մուտքը ռուսական շուկա արգելելու համար: Ինչպես հայտնի է՝ արեւմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ սանկցիաներ կիրառելուց հետո այդ երկրի շուկայում հայկական ապրանքների հիմնական «խոչընդոտը» դարձել էին հենց թուրքական ապրանքները: Հայաստանի արտադրողները փաստացի չէին կարողանում մրցել թուրքական առավել էժան ապրանքների հետ: Բայց այսօրվա ստեղծված իրավիճակը լավ շանս է Ռուսաստանի շուկայում որոշակի կայուն դիրք զբաղեցնելու համար: Իհարկե, ինչպես միշտ ռուս-թուրքական հարաբերություններն, ի վերջո միեւնույն է՝ կկարգավորվեն, սակայն, եթե մինչ այդ Հայաստանի արտադրողները կարողանան այդ բազմամիլիոնանոց շուկայում իրենց տեղը զբաղեցնել, լրջագույն ձեռքբերում կլինի: Իսկ այս գործում առաջին հերթին անելիք ունի հենց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարությունը: Միջոցներ ձեռնարկել եւ հասկանալ, թե ինչ է անհրաժեշտ օպերատիվ կերպով անել, որպեսզի հայ արտադրողները այս «խառը» ժամանակներում կարողանան իրենց ապրանքները արտահանեն Ռուսաստան:

 

 

 
Նախօրեին Երեւանի Նորք-Մարաշ վարչական շրջանում հանցավոր խմբավորման բացահայտման լուրին հաջորդած հասարակական արձագանքը Հայաստանի իշխանական համակարգի եւ իրավապահների վերջին մեկուկես տասնամյակի գործունեության ամենավառ գնահատականն է: Փաստորեն, ոչ ոք իրավապահների հաղորդած տեղեկությանը չի հավատում, եւ բոլորը փորձում են հասկանալ, թե ԱԱԾ-ն ու ոստիկանությունն այս անգամ ինչ խարդախություն են փորձում գլուխ բերել, եւ ընդդիմադիրներից ում դեմ է այն շրջվելու: «Ժողովուրդ»-ի իշխանական աղբյուրները պնդում են, որ կալանավորված խումբը ծրագրել է կառավարության, խորհրդարանի եւ նախագահականի վրա հարձակումներ իրականացնել: Բայց այդ մասին հրապարակային չեն հայտարարում, քանի որ Հայաստանի հանրությունը, միեւնույն է, չի հավատա կամ էլ ավելի վատ, կարող է՝ պարզվի, որ մարդիկ նման ծրագրերը ողջունում են: Այս ամենից առաջին հերթին հենց իշխանությունները պետք է հետեւություն անեն եւ գիտակցեն, որ սա իրենց գործունեության արտացոլումն է:

 

 

 
ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախկին նախարար Հրաչյա Ռոստոմյանը Երեւանի Խանջյան փողոցի վրա սրճարան ունի: երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց Հ. Ռոստոմյանից պարզել՝ այդ տարածքն ինքը «ձեռք» է բերել որպես նախարար պաշտոնավարելի՞ս, թե՞ ինչպես մյուս պաշտոնյաները, նվեր է ստացել ինչ-որ մեկից: Նախկին նախարարն իր տարածքի վերաբերյալ հարցին հետեւյալ կերպ պատասխանեց. «Նախ՝ դա իմ անձնական տվյալներն են, ես պարտավոր չեմ ասել, թե ինչ եմ անում: Իմ անձնական կյանքն է, իմ անձնական տվյալները: Բայց եթե դա Ձեզ շատ է հետաքրքրում, կարող եմ ասել, որ այդ տարածքը ես նվեր եմ ստացել իմ հայրիկից: Դա եղել է 2000-2001 թվականներին, այսինքն՝ ես վաղուց այդ տարածքն ունեցել եմ ու այն վարձակալության եմ հանձնել 2011 թվականին»: Մի խոսքով, ինչպես միշտ, երբ նախկին եւ ներկա պաշտոնյաների ունեցվածքով հետաքրքրվում ենք, նրանք հավաստիացնում են, որ նոր չեն հարստացել, այլ պապենական հարուստ են եղել եւ «ստիպված»` հանուն երկրի բարօրության, պաշտոնյա են դարձել:

 

 

 
Երեկ հայտնի դարձավ, որ գյումրեցի Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության գործը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննելու է դատավոր Հարություն Մովսիսյանը: Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքին սպանելու մեջ մեղադրվում է ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը: Նա այժմ պահվում է 102-րդ ռազմաբազայի ներսում գտնվող կալանավայրում: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Հարություն Մովսիսյանն այս քրգործը կքննի արտագնա. դատը տեղի կունենա 102-րդ ռազմաբազայի ներսում գտնվող դատարանում: Ենթադրվում է, որ հայկական եւ ռուսական կողմը որոշել է նման քայլի գնալ` դատավարության բնականոն ընթացքը ապահովելու եւ Պերմյակովի նկատմամբ ինքնադատաստանի հնարավորությունը բացառելու համար` անվտանգության երաշխիքներից ելնելով: Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի սպանված 7 անդամներից երկուսը մանկահասակ երեխաներ են եղել՝ 1,8 տարեկան Հասմիկը եւ 6 ամսական Սերյոժան:

 

 

 
ՉԿՏՐՎԵԼ

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ Թբիլիսիում մասնակցել է Արեւելյան գործընկերության երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը եւ հանդես եկել ելույթով: Նալբանդյանն իր խոսքում կարեւորել է Եվրոպական հարեւանության քաղաքականության վերանայման գործընթացը. «Մենք գոհունակությամբ ենք նշում, որ ԵՄ խորհրդի քննարկումների արդյունքը արտացոլում է տարբերակման սկզբունքը,- ասել է նա` ապա պաշտոնական Երեւանի գոհունակությունը հայտնել Հայաստան-ԵՄ հարաբերությունների նոր փուլի թեւակոխման առթիվ,- ցանկանում եմ ուրախությամբ նշել ԵՄ խորհրդի որոշումը` լիազորելու Եվրոպական հանձնաժողովին եւ բարձր ներկայացուցչին` սկսելու Հայաստանի հետ նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները, որոնք կմեկնարկեն մոտ օրերս, եւ ես լիահույս եմ, որ ակտիվ քննարկումների գործընթացի միջոցով կկարողանանք համաձայնության գալ նոր շրջանակային փաստաթղթի շուրջ, որը կարտացոլի երկկողմ հարաբերությունների ծավալն ու խորությունը եւ կսահմանի նոր ուղենիշներ` փոխշահավետ համագործակցության համար»,- նշել է Նալբանդյանը։
Նկատենք, որ ներկայիս աշխարհաքաղաքական իրողությունների, այդ թվում տարածաշրջանային վերջին զարգացումների ֆոնին ՀՀ-ի կողմից եվրաինտեգրացման նոր փորձերը, կարծեք թե, այդքան էլ մեծ ոգեւորությամբ չեն ընդունվում ինչպես ԵՄ-ում, այնպես էլ ՀՀ-ում: Առաջինի դեպքում պարզապես փոխվել են առաջնահերթությունները, եւ այսօր Եվրոպան առանց այդ էլ ունի սեփական խնդիրների բավականին ծանր մի բեռ, որոնց լուծումների ուղղությամբ տեւական եւ լուրջ ջանքեր պետք է գործադրի` եվրոպական միասնականությունը չկորցնելու համար: Ինչ վերաբերում է հայաստանյան տրամադրություններին, ապա այստեղ արդեն հետզհետե ավելի է ամրապնդվում այն գիտակցությունը, որ առաջիկա տարիներին ՀՀ էլ ավելի մեծ կախվածության մեջ է հայտնվելու ՌԴ-ից` արդեն երկրի անվտանգության հետ կապված լրջագույն մարտահրավերներին դիմագրավելու օբյեկտիվ հնարավորությունն ապահովելու նպատակով:
Եւ ահա այս իրավիճակում ՀՀ-ի եւ ԵՄ միջեւ նոր համաձայնագրի ստորագրումը, իհարկե, չափազանց կարեւոր եւ ողջունելի քայլ լինելով հանդերձ, ցավոք, այլեւս չի կարող դիտարկվել որպես շրջադարձային եւ մեզ համար կենսական կարեւորություն ունեցող մի փաստ: Կարեւոր է, որ սա գիտակցում են երկու կողմն էլ: Ամեն դեպքում, ստորագրվելիք համաձայնագրից բացի՝ ՀՀ-ի համար շատ կարեւոր են այն բարեփոխումները, որոնք մեր իշխանություններն իրականացրել եւ իրականացնում են եվրոպական կառույցների առջեւ ստանձնած պարտավորությունների շրջանակներում: Անգամ եթե դրանց մի մասը առայժմ մնում է միայն թղթի վրա, վաղը կամ մյուս օրը այդ ամենը հիմք է ստեղծելու առավել ժողովրդավար եւ եվրոպական կառավարման համակարգի ձեւավորման համար: Իսկ առայժմ մեր գերխնդիրը Եվրոպայից չկտրվելն է, մինչեւ կգան ավելի լավ ժամանակներ:




Լրահոս