ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ԳՈՐԾՈՒՄ Է «ՄԱՆԱԹԻ ՈՒ ԽԱՎԻԱՐԻ» ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 23-ին Փարիզում ԵԽԽՎ սոցիալական հանձնաժողովը որոշել է ԼՂՀ Սարսանգի ջրամբարին վերաբերող «Ադրբեջանի սահմանամերձ շրջանները միտումնավոր զրկված են ջրից» անվանումով զեկույցը ներառել ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգ: Այսպիսով` 2016 թվականի հունվարյան նստաշրջանում արդեն հակահայկական երկու զեկույց է ընդգրկված: «Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությանը հորդորել են այս ժամանակահատվածում «կարգին» աշխատել, որպեսզի հունվարյան նստաշրջանում կարողանան թիմակիցներ հավաքագրել՝ մեկ անգամ եւս խայտառակ չլինելու համար: Նշենք, որ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը նախատեսված է սկսել հունվարի 25-ից:

«Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» զեկույցի հեղինակը ԵԽԽՎ-ում Բոսնիա Հերցեգովինայի պատգամավոր Միլիցա Մարկովիչն է: Հիշեցնենք՝ անցյալ տարվա ապրիլին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Բյուրոն որոշում էր կայացրել ընթացք տալ Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղի Սարսանգի ջրամբարի հետ կապված նախաձեռնությանը: Բացի այս` մոտ մեկ ամիս առաջ ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովում ընդունվել էր «Բռնության աճը ԼՂ-ում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» Ռոբերտ Ուոլթերի զեկույցի նախագիծը, որով պահանջվում է հայկական զորքերը դուրս բերել Ադրբեջանի գրավյալ տարածքներից, իսկ զեկույցի 17-րդ կետում խոսվում է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությանը պատժելու մասին:
«Ժողովուրդ»-ը երեկ զրուցել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանի հետ` պարզելու համար ԼՂՀ իշխանությունների դիրքորոշումը ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգ ներառված այս երկու հակահայկական զեկույցների վերաբերյալ, որոնք կարող են բացասական հետեւանքներ ունենալ Արցախի համար:
-Պարո՛ն Բաբայան, արդեն ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգում երկու հակահայկական զեկույց է ընդգրկվել, որոնք վերաբերում են ԼՂՀ տարածքներին: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ փաստին, եւ ինչպե՞ս է հանգուցալուծվելու այս երկու զեկույցների հարցը:
-Իհարկե, ԵԽԽՎ-ում տեղի են ունենում շատ ոչ եվրոպական եւ ժողովրդավարական աշխարհին ոչ վայել գործընթացներ ու ասել, թե այդ ամենն ինչ-որ վտանգ է ներկայացնելու Արցախի համար, չի կարելի, որովհետեւ, այնուամենայնիվ, եթե նույնիսկ տեսականորեն համարենք, որ այդ երկու զեկույցներն էլ կընդունվեն, ապա դրանք չեն էլ ունենալու քաղաքական եւ իրավական պարտադիր ուժ: Սա ուղղակի խորհրդատվական մի «փաստաթուղթ» է: Ինչու չակերտներում, քանի որ դա գնված փաստաթուղթ է, ու դրա մասին մենք բոլորս էլ գիտենք: Փաստորեն Ադրբեջանի կոռուպցիոն քաղաքականության շնորհիվ ԵԽԽՎ-ն դարձել է արեւելյան շուկայի մի տաղավար, մենք այդ ամենի մասին բազմիցս բարձրաձայնել ենք: Ու սա է ամենավտանգավոր զարգացումը, որ եվրոպական կառույցներն իսկապես դարձել են այդպիսի առք ու վաճառքի տեղ: Սա է մեզ մտահոգում, ոչ թե այն, թե դա կունենա ինչ-որ ազդեցություն Արցախի ապագայի վրա: Այդպիսի երկու բանաձեւ էլ են ընդունել ժամանակին, բայց դրանց տեղն անգամ ոչ ոք չգիտի, նույնն էլ կլինի այս, այսպես կոչված, զեկույցների հետ: Բայց, այնուամենայնիվ, տհաճ զգացմունքներ ունենք, ոչ հաճելի զեկույցներ են, որոնք սակայն որեւէ ձեւով չեն անդրադառնալու Արցախի հարցի վրա:
-Նշվում է, որ այս ժամանակահատվածում պետք է միջազգային կառույցների հետ աշխատելով՝ կարողանանք այնպես անել, որ նրանք քննադատության ենթարկեն ԵԽԽՎ հանձնաժողովներում ընդունված զեկույցները: Ըստ Ձեզ՝ արդյո՞ք դա հայկական կողմին հաջողվելու է, թե այդտեղ եւս ձախողումներ են լինելու:
-Ե՛ւ Արցախը, ե՛ւ Հայաստանն ամեն ինչ անելու են, որպեսզի նման մոտեցումները, նման տեսակետները հասանելի լինեն Եվրոպական պետություններին: Ուղղակի խնդիրը նրա մեջ է, թե որքանով եվրոպական արժեքները կարող են դիմակայել… կամ պատգամավորները կփոխեն իրենց արժեհամակարգը, թե դա չի լինի, քանի որ դրա հիմքում ընկած է լինելու ադրբեջանական մանաթը կամ խավիարը: Բայց մենք տեսնում ենք, որ եվրոպական կառույցներում գոյություն ունի արժեհամակարգի լուրջ ճգնաժամ: Սեփական ֆինանսական վիճակը բարելավվելու համար ոտնահարում են ուրիշների իրավունքները, նույնիսկ այնպիսիք, որոնք նրանց համար պետք է լինեին սրբություն: Կարծում եմ, որ սա վերջը չէ, բայց սա վատ սկիզբ է, ու Եվրոպան պետք է իր մեջ գտնի այդ ուժը, որպեսզի կարողանա դիմակայել այդ բոլոր մարտահրավերներին:
-Շատերի համոզմամբ` այս ձախողումների «մեղավորը» նաեւ ԵԽԽՎ հայկական պատվիրակության ներկայացուցիչներն են, եւ ըստ որոշ տեղեկությունների` պատվիրակության կազմը փոխվելու է: Արդյո՞ք դրանով լուծվելու է խնդիրը, եւ արդյո՞ք սա մեր պատվիրակության անգործության արդյունքն է:
-Ի՞նչ պետք է աներ պատվիրակությունը, եթե ԵԽԽՎ-ում կան մարդիկ, ովքեր ունեն բիզնես շահեր Ադրբեջանում, ովքեր կապված են բարեկամական կապով այդ երկրի հետ, ովքեր պարզապես կոռուպացված են: Մենք տեսնում ենք այնտեղ այլ արժեհամակարգ, որտեղ գործում է մանաթը, խավիարը եւ այլն: Այս վիճակում, եթե մենք անգամ փոխենք հայկական պատվիրակության կազմը՝ ընդգրկելով ակադեմիկոսներ եւ այլն, ապա դրանով ոչ մի բան չի փոխվի: Այնպես չէ, որ նրանք որեւէ բան չեն անում կամ տեղյակ չեն, թե ինչ է կատարվում, նրանք ակտիվ աշխատում են, ուղղակի այնտեղ մարտահրավերն այլ է:

 

 

 

 
ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԽԱՆՋՅԱՆ ՓՈՂՈՑՈՒՄ ԲԻԶՆԵՍ ՈՒՆԻ՞

ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախկին նախարար Հրաչյա Ռոստոմյանը, «Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն, Երեւանի Խանջյան փողոցում իր սեփական «օբյեկտն» ունի: Ըստ մեր տեղեկությունների` Ռոստոմյանն այդ տարածքը ծառայեցնում է որպես սրճարան:

Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է Հ. Ռոստոմյանի հետ՝ պարզելու համար՝ արդյոք նա այդ տարածքը ձեռք է բերել նախարար լինելու տարիներին, ու ինչպես է նրան հաջողվել նման գործունեություն սկսել: Հիշեցնենք նաեւ, որ Հ. Ռոստոմյանը համարվում է ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի «մարդը», ով 2012 թվականին նշանակվեց նախարար, իսկ երբ Գ. Ծառուկյանը որոշեց ընդդիմադիրի «կեցվածք» ընդունել` նրան զրկեցին նախարարի պաշտոնից:
-Պարո՛ն Ռոստոմյան, ըստ մեր տեղեկությունների՝ Դուք Երեւանի Խանջյան փողոցում սեփական տարածք ունեք ու զբաղվում եք բիզնես գործունեությամբ: Ինչպե՞ս եք ձեռք բերել այդ տարածքը, արդյո՞ք դա արել եք Ձեր նախարար լինելու տարիներին:
-Նախ՝ դա իմ անձնական տվյալներն են, ես պարտավոր չեմ ասել, թե ինչ եմ անում: Իմ անձնական կյանքն է, իմ անձնական տվյալները: Բայց եթե դա Ձեզ շատ է հետաքրքրում, կարող եմ ասել, որ այդ տարածքը ես նվեր եմ ստացել իմ հայրիկից: Դա եղել է 2000-2001 թվականներին, այսինքն՝ ես վաղուց այդ տարածքն ունեցել եմ ու այն վարձակալության եմ հանձնել 2011 թվականին:
-Իսկ այժմ այդ տարածքում որեւէ գործունեություն չե՞ք իրականացնում, ըստ մեր տեղեկությունների՝ Դուք սրճարան եք բացել ու բիզնես գործունեությամբ եք զբաղված:
-Ո՛չ, ես ոչ մի գործունեություն չեմ իրականացնում, որովհետեւ այդքան ժամանակ չունեմ: Բայց Ձեզ ինչո՞ւ է հետաքրքիր, եթե անգամ նման տարածք գոյություն ունի, դա իմն է կամ իմը չէ, ես վաղուց պաշտոնյա չեմ ու չեմ հասկանում, թե ինչու եք այդ ամենով հետաքրքրվում:
-Բանն այն է, որ ըստ որոշ տեղեկությունների՝ Դուք այդ տարածքը ձեռք եք բերել այն ժամանակ, երբ պաշտոնավարում էիք:
-Ես որեւէ բան չեմ ունեցել եւ ձեռք չեմ բերել նամանավանդ նախարար լինելու տարիներին, ինձ ովքեր որ ճանաչում են, շատ լավ գիտեն, որ ես իմ պաշտոնավարման տարիներին որեւէ բան ձեռք չեմ բերել, առավել եւս այդ տարածքը, որի մասին Դուք խոսում եք: Ես ինչ ունեցել եմ այդ ժամանակ, բոլորն էլ գիտեն դրա մասին, բոլորն էլ շատ լավ տեղյակ են, թե ես ինչ ունեցվածք ունեմ՝ բնակարան, ավտոմեքենա եւ այլն: Այն մարդը, որն ինձ ճանաչում է, երբեք նման հարցեր չի տա` շատ լավ իմանալով, որ ես նման ունեցվածքներ չունեմ:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 
ՆԱԽԿԻՆ ՓՈՐՁԻՑ ԳԻՏԵՆ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ 6-րդ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 30-րդ տեղամասի իշխանական պատասխանատուները խիստ մտահոգված են: Իսկ պատճառը «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի մայրը՝ Լուսյա Պետրոսյանն է, որը նշված հանձնաժողովում «Ժառանգության» կողմից նշանակված անդամն է: Մեր տեղեկություններով՝ այս տեղամասի համար իշխանական պատասխանատուները ամեն ինչ արել են, որպեսզի Մարտիրոսյանի մայրը հանձնաժողովի անդամ չլինի, սակայն նրանց ջանքերն անցել են ապարդյուն: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Արմեն Մարտիրոսյանը, անդրադառնալով ստեղծված իրավիճակին, ասաց. «Այո-ի անդամները ճիշտ են անում, որ մտահոգվում են, ոչ միայն իմ մայրիկը, այլեւ եղբայրս, քույրս եղել են հանձնաժողովի կազմում եւ հիմա էլ հանձնաժողովների մեջ են: Նշեմ, որ Աջափնյակում 2013 թվականին մենք հաղթանակ էինք տարել, այնպես որ տեղին է նրանց մտահոգությունը»:

 

ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԸ ԲԱՐՁՐԱՁԱՅՆՈՒՄ ԵՆ
Մեր տեղեկություններով՝ երեկ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում գտնվող դատապարտյալներից մեկի` խարդախության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում իր պատիժը կրող Լարիսա Զաքարյանի վիճակը կտրուկ վատացել է: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ կնոջ առողջական վիճակը անհամատեղելի է պատժի կրման հետ: Երեկ պետք է տեղի ունենար դատական նիստ, որի ընթացքում պետք է որոշվեր նրա ազատ արձակման հարցը, սակայն այն հետաձգվել է, ինչը դատապարտյալների դժգոհությունն է առաջացրել: «Մենք ենք խնամում տիկին Լարիսային, այսպես շարունակել հնարավոր չէ, միթե պետք է թողնեն, որ կինը մահանա: Վարչության ուշադրությունը հրավիրում ենք այս խնդրի վրա, թող քայլեր ձեռնարկեն, հետո անեծքի տակ չընկնեն»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասացին մի քանի դատապարտյալներ:

 

ԴԱՀԿ-Ի ՎՐՁԻՆԸ
ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը շարունակում է «յուրահատուկ» աճուրդներով զարմացնել: Այս անգամ էլ ԴԱՀԿ-ն աճուրդի է հանել մեկ, չօգտագործված վրձին, որի արժեքն է 425 դրամ: Նշենք, որ վրձինը գտնվում է Երեւանում, այն գրավի առարկա չի հանդիսանում: Այս պահին գնային առաջարկ չկա: Ի դեպ, մինիմալ գնային առաջարկը պետք է լինի 925 դրամ, որից 500 դրամը աճուրդի մասնակցության վճարն է:




Լրահոս