«ԴԺՎԱՐ Է ԴԻՄԱՆԱԼ ՀԱՅՀՈՅԵԼՈՒ, ԱՆԻԾԵԼՈՒ ԳԱՅԹԱԿՂՈՒԹՅԱՆԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բանաստեղծ Դավիթ Ասատրյանն արդեն մեկ տարուց ավել է` ապրում է Միացյալ Նահանգներում: Նրա խոսքով` ԱՄՆ-ն իր համար աշխարհաճանաչողական եւ ուսումը շարունակելու բարենպաստ տարածք է: Դավիթը, ով «Սոմա» պոետական թատրոնի հիմնադիրներից է, «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ ցանկություն կա վերսկսելու թատրոնի աշխատանքները:

-Դավի՛թ, ի՞նչը Ձեզ տարավ Միացյալ Նահանգներ: Այս ընթացքում ի՞նչ տվեց Ձեզ այդ երկիրը:
-Արդեն 15 ամիս է` գտնվում եմ Նահանգներում: Այստեղ եմ հանգամանքների բերումով եւ որն ինձ համար ամենակարեւորն է` ժամանակավոր: ԱՄՆ-ն ինձ համար աշխարհաճանաչողական եւ ուսումս շարունակելու բարենպաստ տարածք է… Ամենակարեւորը, որ գրանցվեց իմ եւ կնոջս կյանքում այստեղ, դա մեր առաջնեկի` Ալբերտի ծնունդն էր:
-2007թ. հիմնադրված «Սոմա» պոետական թատրոնի գեղարվեստական ղեկավարն էիք, թատրոնն այժմ շարունակո՞ւմ է իր գործունեությունը:
-Թատրոնը հիմնադրել ենք մտերիմ ընկերոջս` Կարեն Հովհաննիսյանի հետ: Այն ժամանակ մենք մեր առաջ խնդիր դրեցինք հատկապես մարզերում բնակվող դպրոցական պատանիներին եւ աղջիկներին ծանոթացնել դպրոցական ծրագրից դուրս մնացած պոետական գլուխգործոցների հետ: Ինչ-որ տեղերում հաջողություն գրանցեցինք, ինչ-որ տեղերում ընկրկեցինք դժվարությունների առաջ, բայց այսօր արդեն պարզ է, որ այդ օրերին «Սոմա»-ն իր ձեւաչափի մեջ միակն էր: Զարմանալի պատահականությամբ օրերս զրուցեցի Կարեն Հովհաննիսյանի հետ, եւ նա ցանկություն հայտնեց վերսկսել թատրոնի աշխատանքները, ինչն, իհարկե, ինձ համար ավելին է, քան ոգեւորիչ փաստ: Նախ գիտեմ, որ այսօր եւս կա Պոետական թատրոնի պահանջարկը, եւ երկրորդ` վստահ եմ, որ Կարենը ի զորու է ոտքի հանել մեր «Սոմա»-ն… Թատրոնի հետ իմ կապը հոգեւոր է եւ անխզելի, անկախ այն բանից` այդ պահին ֆիզիկապես գործում եմ, թե ոչ:
-Սա հատված է Ձեր` «Մարգարեություն» բանաստեղծությունից.
«Բավական է, ահա՛, մոտենում է ժամը,
Մոտենում է՝ արնոտ երախը բաց,
Ես զգում եմ արդեն այդ արյունի համը՝
Բերանիս մեջ ոխից արնակալած…
Աղոթքները զուր են, եւ կանչերը՝ թերի,
Հայոց աստվածներն էլ չեն ներում,
Պիտի ողջ-ողջ այրվեն զավակները նեռի
Պալատներում բոլոր ու տներում…
Եվ մաքրվեն պիտի տաճարները պղծված
Պղծողների արյամբ ու արցունքով,
Պիտի դժոխք իջնեն եւ թագերը գնված,
Արքաները չնչին, տականք ու գող…»:
Տականք ու գող արքաների վերջն այսպիսին եք տեսնում, փաստորեն: Իսկ Ձեր մարգարեության համաձայն՝ ինչպե՞ս է հնարավոր ազատվել նրանցից:
-Այդ բանաստեղծությունը իմ հոգում կուտակված ցավի եւ անհամաձայնության պոռթկումն է: Առհասարակ, ստեղծագործող մարդու համար հատկապես մեր օրերում դժվար է դիմանալ հայհոյելու, անիծելու գայթակղությանը: Համացանցում հատկապես այդ գայթակղությունը մեծ է, որովհետեւ երբ դու հայհոյում ես, ասենք, գործող իշխանությանը, դու անմիջապես ազգասեր մարդու եւ հայրենասերի անուն ես վաստակում: Իհարկե, այդ անունը որքան հեշտությամբ տալիս, այնքան հեշտ էլ խլում է նորին մեծություն ամբոխը: Եթե դուրս գանք պոեզիայի աշխարհից եւ խոսենք ռեալ քաղաքական գործընթացի մասին, կարող եմ հետեւյալն ասել: Գործող ռեժիմին հետեւելիս լացս է գալիս, դրա դեմ պայքարողներին տեսնելուց` զզվանքս: Ժամանակ է պետք: Առանց ցնցումների ոչինչ հնարավոր չէ, իսկ գողերի տեղը, անկախ նրանից` դրանք արքաներ են, թե պոետներ, բանտում է, դավաճանների տեղը` կառափնարանում:
-Տարբեր առիթներով խոսել եք բանաստեղծի ներքին ազատության եւ սահմանների մասին: Ի վերջո, որտե՞ղ է սկսվում եւ ավարտվում պոետի ազատությունը:
-Ես ավարտել եմ թատերական ինստիտուտը` պրոֆեսոր Սաթենիկ Մաթեւոսյանի ղեկավարությամբ: Երբ առաջին կուրսում խոսեցինք բարդույթների եւ ազատությունների մասին, կուրսի ղեկավարը արեց մի արտահայտություն, որը գամվեց ուղեղումս. ասաց` ամենաազատ եւ չկոմպլեքսավորված մարդիկ նախամարդիկ էին. մերկ էին ման գալիս եւ այլն… Պոետի ստեղծագործական, պոետական աշխարհը չունի սահմաններ եւ չի կարող ունենալ: Այդ սահմանափակումները սկսում են, երբ նա, բացի պոետ լինելուց, նաեւ քաղաքացի է, զավակ է, հայր է… Այսինքն՝ նա ներսից չունի սահմաններ. դրանք արտաքին կապեր են` սրտից ու հոգուց դուրս:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 
ԱԶՆԱՎՈՒՐԸ ԼԱՎ Է
Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրն իրեն լավ է զգում: «Արմենպրես»¬ի հարցին ի պատասխան` տեղեկացրել է Ազնավուրի մամուլի խոսնակ Քրիստինա Սարգսյանը: «Պարոն Ազնավուրն այս պահին իրեն լավ է զգում: Նա մի փոքր վատառողջ էր, բայց ոչ մի լուրջ բան: Նա արդեն պատրաստ է շարունակել իր աշխատանքը. սա լավագույն նշանն է: Շնորհակալ ենք ձեր ուշադրության համար»,-փոխանցել է խոսնակը:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ Ազնավուրն առողջական խնդիրների պատճառով հետաձգել է Ամստերդամում կայանալիք երկու համերգները: Համերգի կազմակերպիչները հայտարարել էին, որ նա ստամոքսի սուր ցավեր եւ աղիքային վարակ ունի:

 

7 ՄԼՆ ԴՐԱՄ` ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆԸ
Կառավարությունը պահուստային ֆոնդից 7 մլն դրամ է հատկացրել Օպերայի ու բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի տանիքի մի մասի վերանորոգման համար։
Ինչպես նշել է քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը՝ անցած տարի արդեն վերանորոգվել է տանիքի մի մասը, այս տարի անհրաժեշտություն կա վերանորոգելու մյուս հատվածը։
Նախարարը կառավարությունից խնդրել է թույլ տալ գնումներն իրականացնել բանակցային ընթացակարգով, որպեսզի գործընթացն արագացվի։

 

ԿԱՏԱԿԵՐԳՈՒՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է
Բելգիայի Լյեժ քաղաքի դատարանը ֆրանսիացի կատակերգու Դյեդոնե Մբալա Մբալային դատապարտել է 2-ամսյա ազատազրկման եւ նշանակել 9.000 եվրո տուգանք՝ ատելություն հրահրելու համար:
Դերասանը մեղավոր է ճանաչվել իր խտրական, հակասեմական եւ Հոլոքոստը հերքող արտահայտություններով ռասիստական գաղափարներ տարածելու համար։ Անձամբ կատակերգուն նիստին չի ներկայացել, Մբալայի արտահայտությունը բելգիական Հերսթալ քաղաքում հնչել է 2012-ին, դատավորներն այն համարել են ատելություն հրահրող եւ հրեաների հանդեպ բռնություն կիրառելու կոչ եւ նշել, որ, կոչ անելով քրիստոնյաներին եւ մուսուլմաններին միավորվել՝ հրեաներին սպանելու համար, դերասանը ցեղասպանություն է հրահրել:
Կատակերգուն նախկինում էլ է ենթարկվել քննադատության եւ դատարանի առջեւ կանգնել իր հակասեմական եւ ռասիստական արտահայտությունների համար։

 

ՀԱՅ ԼՐԱԳՐՈՂԻ ՀՈԴՎԱԾԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ
Օսկարակիր դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսն Entertainment Weekly-ին տված հարցազրույցում պատմել է, որ պատրաստվում է իր առաջին ֆիլմը նկարահանել: Դերասանուհին պայմանագիր է կնքել Project Delirium անվանումով ֆիլմի նկարահանումների համար: Նախագիծը կհիմնվի ամերիկահայ լրագրող Ռաֆի Խաչադուրյանի «Գործողություն «Դելիրիում»» հոդվածի վրա, որը հրապարակվել է The New Yorker-ում, 2012 թվականին: Այնտեղ պատմվում է սառը պատերազմի տարիներին ԱՄՆ բանակի հատուկ ստորաբաժանման կողմից հոգեներգործուն զենքի ոլորտում գաղտնի փորձարկման մասին:
Այդ ժամանակ ռազմական բժիշկներն ուսումնասիրել են նյարդապարալիտիկ գազի, ԼՍԴ-ի եւ այլ թմրանյութերի ազդեցությունն ուղեղի վրա՝ իրենց փորձերն անելով մոտ 5.000 ամերիկացի զինվորների վրա:
Լոուրենսը արդեն «Օսկարի» մրցանակակիր է՝ «Իմ ընկերը խելագար է» ֆիլմում դերի համար:

 

ԱՌԱՆՑ ԹՈՒՐՔԻԱՅԻ
Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում կայանալիք «Եվրատեսիլ 2016» երգի մրցույթին կմասնակցի 43 երկրի պատվիրակ: Ինչպես տեղեկացնում է մրցույթի պաշտոնական` eurovision.tv կայքը՝ այս անգամ մրցույթ են վերադարձել մի շարք երկրներ: Դրանց թվում են Ուկրաինան, որը մեկ տարի չի մասնակցել «Եվրատեսիլ»-ին, Բոսնիա եւ Հերցեգովինան, որը վերջին անգամ մրցել է 2012¬ին, Բուլղարիան եւ Խորվաթիան (վերջին ելույթը` 2013¬ին), ինչպես նաեւ 2014¬ին առաջին անգամ մրցույթին մասնակցած Ավստրալիան: «Եվրատեսիլ 2016»¬ին մասնակցելու են Ալբանիան, Հայաստանը, Ավստրալիան, Ավստրիան, Ադրբեջանը, Բելառուսը, Բելգիան, Բոսնիա եւ Հերցեգովինան, Բուլղարիան, Խորվաթիան, Կիպրոսը, Չեխիան, Դանիան, Էստոնիան, Շվեդիան, Ֆրանսիան, Մակեդոնիան, Վրաստանը, Գերմանիան, Հունաստանը, Հունգարիան, Իսլանդիան, Իռլանդիան, Իսրայելը, Իտալիան, Լատվիան, Լիտվան, Մալթան, Մոլդովան, Մոնտենեգրոն, Նիդեռլանդները, Նորվեգիան, Լեհաստանը, Ռումինիան, Ռուսաստանը, Սան Մարինոն, Սերբիան, Սլովենիան, Իսպանիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ուկրաինան եւ Մեծ Բրիտանիան: Թուրքական TRT հեռուստաընկերությունը հայտարարել է, որ Թուրքիան կրկին չի մասնակցի «Եվրատեսիլ»¬ին:
«Եվրատեսիլ¬2015» երգի միջազգային մրցույթում հաղթել է Շվեդիայի ներկայացուցիչ Մանս Զելմերլոուն, ում շնորհիվ էլ այն այս տարի կանցկացվի Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում: «Եվրատեսիլ¬2016»¬ի կիսաեզրափակիչ փուլերը կկայանան մայիսի 10¬ին եւ 12-ին, իսկ եզրափակիչ փուլը՝ մայիսի 14-ին: «Եվրատեսիլ 2016»¬ին Հայաստանը ներկայացնելու է Իվետա Մուկուչյանը:




Լրահոս