Երեւանի քաղաքապետարանում տիրող կոռուպցիան ու կատարված չարաշահումներն իրենց ծավալներով ու հնարամիտ մեխանիզմների գործադրմամբ իրոք ապշեցնող են: Այս հարցում Տարոն Մարգարյանին կնախանձեր անգամ Օստապ Բենդերը, որը հպարտանում էր, թե ինքը փող վճարելու 400 համեմատաբար ազնիվ միջոցներ ունի:
Երեւանի քաղաքապետարանում գումարների լվացումն ու «ատկատներն» իրականացվում են բավական բարդ մեխանիզմով, լուրջ թղթաբանությամբ: Առանցքային դերն այստեղ «Երեւան» հիմնադրամինն է: Այս բարեգործական հասարակական կազմակերպությունն առաջին հայացքից մեկն է այն հարյուրավոր հ/կ-ներից, որ գործում են Հայաստանում: Բայց սա` միայն առաջին հայացքից: «Երեւան» հիմնադրամի մասին տեղեկատվությունը գրեթե բացակայում է. քաղաքապետարանի կայքում այս մասին չես գտնի որեւէ բառ: Իսկ «Սփյուռ» տեղեկատու կենտրոնի կայքում ընդամենը նշված է, որ «Երեւան» հիմնադրամի նախագահը Տարոն Մարգարյանն է, տնօրենը` Աշոտ Ղազարյանը, իսկ գործավարի անունն է Մարինե. ազգանվան մասին ոչ մի տառ: Նշված է նաեւ հիմնադրամի հասցեն` Արգիշտիի 1, այսինքն` քաղաքապետարանի շենքում: Եվ վերջ:
Փոխարենը այս հիմնադրամի գործունեության վերաբերյալ որոշակի տեղեկություններ կան «Ազդարար» կայքում. այստեղ հրապարակված է հիմնադրամի հաշվետվությունը: Ըստ այդմ, հիմնադրամը ստեղծվել է դեռ 2007թ. եւ իրականացնում է հետեւյալ ծրագրերը` «Երեւանի բարեկարգման, կանաչապատման, կառուցապատման, հովանավորության կարիք զգացող կրթական, մշակութային, մարզական եւ գիտական կազմակերպություններին, տոնական, մշակութային, մարզական միջոցառումների, միջազգային կապերի ինտենսիվ զարգացման օժանդակություն»: Այսինքն` այս հիմնադրամը օժանդակում է, որ Երեւանը բարեկարգվի, կանաչապատվի ու կառուցապատվի: Միայն թե մայրաքաղաքային ծրագրերին այդ օժանդակությունն իրականացվում է նույն մայրաքաղաքի բյուջեից: Այլ կերպ ասած՝ փակ շղթա է ստացվել. Երեւանի ավագանու որոշմամբ քաղաքապետարանը համայնքային բյուջեից գումարներ է հատկացնում այն կազմակերպությանը, որի նախագահն անձամբ քաղաքապետ Տ.Մարգարյանն է, եւ ահա այդ հիմնադրամն էլ այդ միջոցներից օժանդակում է քաղաքապետարանին տարբեր ծրագրեր իրականացնելիս: Նշենք, որ միայն 2012թ. քաղաքի բյուջեից հիմնադրամին փոխանցված գումարի չափը կազմել է մոտ 2,5 մլրդ դրամ: Թե հիմնադրամը կոնկրետ ինչ ծրագրեր է ֆինանսավորել ու ինչ գումարի սահմաններում, իշխանությունները խնամքով թաքցնում են:
Երեւանի քաղաքապետարան-«Երեւան» հիմնադրամ փակ շղթայի գործունեությունը, սակայն, միայն այսքանով չի սահմանափակվում: Պարզվում է` այս կազմակերպություններն իրար ոչ միայն գումարներ, այլեւ գույք են նվիրաբերում: Եվ այսպես, 2011թ. դեկտեմբերի 23-ին տեղի ունեցած ավագանու նիստում որոշում է կայացվել ընդունել «Երեւան» հիմնադրամի` քաղաքապետարանին մոտ 71.5 մլն դրամ արժողությամբ նվիրաբերած գույքը:
Երեկ «Ժողովուրդ»-ն այս հիմնադրամի փոխտնօրեն Մ.Սայադյանից փորձեց մանրամասներ ճշտել, սակայն նա ընդամենն ասաց, թե համապատասխան հաշվետվությունը տեղադրված է ինտերնետում, եւ ինքը դրան ավելացնելու ոչինչ չունի: Իսկ հաշվետվությունն էլ ընդամենը ներկայացնում է, թե որքան գումար է մուտք եղել հիմնադրամ, եւ դրանից որքանն է ծախսվել: Անպատասխան մնաց նաեւ Երեւանի քաղաքապետարան ուղարկած մեր հարցումը:
Ի դեպ, բոլորովին վերջերս հրապարակվեցին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ունեցվածքի հայտարարագրերը, համաձայն որոնց նա ունի 7 շենք-շինություն, 3 ավտոտնակ, 1 հողամաս: Բացի դրանից, Տարոն Մարգարյանի բանկային հաշվին կա 115 մլն դրամ, 50 հազար ԱՄՆ դոլար եւ 50 հազար եվրո: Իսկ այս ունեցվածքի տերը ամսական ստանում է ընդամենը 394 հազար դրամ: Բնականաբար կզարմանաք, թե ինչպես է Տ.Մարգարյանն իր աշխատավարձով նման հսկայական ունեցվածք կուտակել: Եվ ճիշտ կանեք, որովհետեւ Հայաստանում հազիվ թե 394 հազար դրամ աշխատավարձ ստացող մարդը միանգամից այդքան ունեցվածքի տեր դառնա, եթե չունենա հավելյալ եկամուտներ:
Եւս մեկ կարեւոր հանգամանք. 2005թ., երբ Տ. Մարգարյանը դարձավ Ավանի թաղապետ, ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի՝ նրա ընտանիքի անդամների վերջին մեկ տարվա եկամուտը կազմել էր ընդամենը 7 միլիոն 392 հազար 841 դրամ, իսկ արդեն 2007 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ, ըստ ԿԸՀ ներկայացրած` սեփականության եւ եկամուտների մասին հայտարարագրի, վերջին մեկ տարում Տ. Մարգարյանի եկամուտները կազմել էին 64 միլիոն դրամ եւ 50 հազար դոլար:
ԻՍԿԱՊԵՍ ՈՐ ՍԻՐՈՒՆ ՉԷ, ՏԱՐՈ՛Ն ՋԱՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ