ԲԱՆԱՎԵՃԻ ՀՐԱՎԵՐ
ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանը Տարոն Մարգարյանին հրավիրել է Արմեն Ռուստամյանի հետ հրապարակային բանավեճի՝ նկատելով, որ ՀՀԿ-ն միշտ խուսափում է հրապարակային բանավեճերից: Նա Մարգարյանին նաեւ առաջարկել է հեռուստաելույթներով հանդես գալ:
ՖԼԵՇԻ ԵՐԵՎԱՆԸ
«Լրագիր»-ը հայտնում է, որ վերջին երկու շաբաթներին Ամիրյան 24, 18, 18ա, 20 եւ Մաշտոցի 15 շենքերի բակում շինտեխնիկա է աշխատում, բակում 14-հարկանի շենք է կառուցվում: Սա հարուցել է վերոնշյալ շենքերի բնակիչների դժգոհությունը: Այս շենքերի տարածքում բարձրահարկ այլ նորակառույցներ էլ կան, իսկ նոր կառուցվող այս շենքն այնքան մոտ է մյուս շենքերին, որ դրա պատճառով ամբողջովին փակվում է բնակիչների տեսադաշտը: Շենքի կապալառուն Սերժ Սարգսյանի սանիկ Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ» ՍՊԸ-ն է, իսկ պատվիրատուն՝ անհատ ձեռներեց Հայկ Բեգլարյանը: Բնակիչները շինարարության դեմ ստորագրահավաք են սկսել եւ հուսով են, որ պատկան մարմինները կընդառաջեն իրենց: Ի դեպ, շինհրապարակի հարեւանությամբ Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբն է:
ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԵՐԱԶԱԽԱԲԿԱՆՔՆԵՐԸ
«2008թ. մարտի 1-ին զոհված 10 քաղաքացիները դժվար թե մանկուց երազում էին զոհվել Լեւոն Տեր-Պետրոսյանի կոչով, ով պատասխանատու պահին լքեց իր կողմնակիցներին՝ հայտարարելով, որ իրավապահ մարմիններն ի վիճակի չեն ապահովել իր անվտանգությունը, թեեւ մինչ այդ հայտարարել էր, թե «թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի»»,-Տեր-Պետրոսյանի՝ ՀԱԿ կուսակցության համագումարում ունեցած ելույթին երեկ այսպես է արձագանքել «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Նրա գնահատմամբ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը չկարողացավ ներել Րաֆֆի Հովհաննիսյանին ապրիլի 9-ի բողոքի ակցիաների համար, որոնք անցան առանց զոհերի եւ արյունահեղության: «Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը ցինիզմի բացարձակ դրսեւորում էր: Լեւոն Տեր-Պետրոսյանը ներկայումս առաջին պառակտիչն է ընդդիմության շարքերում»,-նշել է Հակոբյանը:
ԿԿԱՐՈՏԻ ՊԱՇՏՈՆԻՆ
Նախօրեին աշխատանքից ազատված Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը news.am-ին ասել է, թե չի տխրել իրեն աշխատանքից ազատելու մասին որոշումից, ոչ էլ ուրախացել է, նորմալ է վերաբերում այդ ամենին: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ կկարոտի իր աշխատանքը, ի վերջո 10 տարի այդ պաշտոնում է եղել: «Երկար ժամանակ շփվում ես, աշխատում ես նույն կոլեկտիվի հետ, դժվար է, իհարկե, բայց նման շարժային փոփոխությունները պետք են, որպեսզի ավելի թարմ ուժով գան, աշխատեն, նոր ոճով, ավելի երիտասարդ կադրեր,-ինքն իրեն հրապարակային սփոփել է Նազարյանը` հավելելով, որ պատրաստվում է հանգստանալ եւ զբոսնել քաղաքում,-ոստիկան եմ կադրերի ռեզերվում մինչեւ նոր նշանակումը»: