ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Փարիզում ընթացող կլիմայի փոփոխության հարցով համաժողովի շրջանակներում մի քանի թեմա են քննարկել: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Քննարկվել է Սիրիայի, Ուկրաինայի իրավիճակը, ինչպես նաև ռուսական Սու-24 ռազմական ինքնաթիռի կործանման դեպքը:
«Օբաման ցավակցություն է հայտնել՝ կապված Սու-24-ի կործանման հետ, որը խոցվել է Սիրիայում թուրքական ռազմաօդային ուժերի կողմից»,-Պեսկովի խոսքն է մեջբերում «Ինտերֆաքս»-ը:
Հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պետք է հրաժարական տա՝ Սիրիայում քաղաքական կարգավորման շրջանակներում:
Պեսկովը նաև հայտնել է, որ հանդիպման ընթացքում Պուտինը և Օբաման նշել են սիրիական ճգնաժամի քաղաքական կարգավորման, ինչպես նաև Ուկրաինայի հարցով Մինսկի համաձայնագրի իրականացման անհրաժեշտությունը:
Ինչպես արդեն հայտնել ենք, կես ժամից ավել տևած Պուտին-Օբամա հանդիպումն ավարտվել է:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան