ԲԱՆՏԱՐԿՅԱԼԸ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ Է ԿԱԽՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել էր, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող, 11 տարվա ազատազրկման դատապարտված Մարատ Սարգսյանին հերթական մեղադրանքն է առաջադրվել, ինչի պատճառով նա հացադուլ է հայտարարել՝ վտանգելով իր առողջությունը: 32-ամյա Մարատին մեղադրում են կալանավայրում թմրանյութերի շրջանառության մեջ, սակայն նրա մայրը պնդում է, որ իր որդին առաջադրված մեղադրանքի հետ կապ չունի:
Նախ փորձենք հասկանալ, թե ինչից է սկսվել այս պատմությունը: 2009թ. ծնունդով արցախցի, երկու անչափահաս երեխաների հայր Մարատ Սարգսյանը բանկից տոկոսով գումար է վերցրել ու չի կարողացել վճարել, ինչի հետեւանքով բանկը բռնագանձել է Մարատի առանձնատունը, մեքենան: Բացի այդ, Մարատին էլ դատապարտել են 11 տարվա ազատազրկման: Նա էլ, իր պատիժը 4 տարի կրելով «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, հայտնվել է մեկ այլ սկանդալային պատմության կիզակետում:
«Ամեն ինչ նորմալ էր մինչ այն պահը, երբ որդուս խուց մտավ մի տղա՝ Հովհաննես անունով: Նրանք նույն խցում միասին էին մնում: Հովհաննեսը տղայիս հաճախ խնդրում էր օգտվել իր հեռախոսից: Տղաս էլ չէր մերժում»,-«Ժողովուրդ»-ին պատմեց Մարատի մայրը՝ Կարինե Սարգսյանը: Եվ ահա որոշ ժամանակ հետո պարզվել է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում իր պատիժը կրող Հովհաննես Գեւորգյանը թմրանյութերի գործով է դատապարտված եւ Մարատի հեռախոսից այլ նպատակով է օգտվել. «Հովհաննեսը թմրանյութերի իր սեւ գործը կալանավայրից շարունակում էր հեռախոսով կազմակերպել՝ իմ տղային տեղյակ չպահելով, թե ում հետ է խոսում, ինչի մասին: Ու հենց այստեղից էլ սկսվեց մեր դժբախտությունը»:
Այսպիսով՝ Մարատի նկատմամբ նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (թմրամիջոցներ, հոգեմետ  նյութեր ապօրինի իրացնելը կամ պատրաստելը, պատժվում է ազատազրկմամբ` յոթից տասնհինգ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա):
Տիկին Կարինեի պարզաբանմամբ՝ որոշ ժամանակ անց երկու երիտասարդներ Մեղրիի ճանապարհին թմրանյութ տեղափոխելիս բռնվում են: Երիտասարդները  խոստովանում են, որ այդ թմրանյութը իրենք տեղափոխում են Հովհաննես Գեւորգյանի հրահանգով եւ ներկայացնում են այն հեռախոսահամարը, որով Հովհաննեսը տղաների հետ կապ է պաշտպանել. «Պարզվում է՝ դա այն նույն Հովհաննեսն է, որն իմ տղայի հետ գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: Ու քանի որ Հովհաննեսն իմ տղայի հեռախոսով է զրուցել, այս ամենը բարդվում է տղայիս գլխին: Թմրանյութերի գործով բռնված երկու տղաները Մարատին կալանավայրում նամակ են ուղարկել. «Մարա՛տ ջան, քեզ չենք ցանկանում սուտը ասել, մեզ ստիպում են, որ ասենք, թե դու ես այս գործի գլխում կանգնած: Մեզ ասել են, թե Հովոն մեր մարդն է, նրա անունը մի՛ տվեք, Մարատի՛ անունը տվեք: Մենք ասում ենք՝ ախր Մարատին չենք ճանաչում, ո՞նց նրա անունը տանք: Քննիչն ասում է, թե եթե Հովոյի անունը տվեցիք, ապա 7-15 տարով դատվելու եք»:
Ըստ մեր զրուցակցի` այս գործն իր տղայի գլխին սարքել են ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վարդան Մուրադյանը եւ ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչության ավագ քննիչ Ա. Շախկյանը. «Հովհաննեսը նաեւ Մեղրիի քաղաքապետի հարազատն է, եւ ինձ համար պարզ է, թե ինչ է կատարվում, եւ ովքեր են օգնում նրան՝ անարդար կերպով մեղադրելով իմ տղային»:
Մոր խոսքով՝ իր տղան բազմիցս դատարանում պահանջել է դատավորին, որ տանեն, ստուգեն իրեն, նաեւ ստուգեն այն նամակները, որ ինքը ստացել է կալանավայրում: Սակայն դատարանը ոչ մի կերպ հիմք չի ընդունել նրանց փաստարկները:
«Իմ տղան թմրանյութերի հետ կապ չունի, նա կյանքում չի օգտագործել, թող վերաքննություն սկսեն եւ տեսնեն, որ իմ տղան կապ չունի: Նա երկու երեխա ունի: Վարկ վերցնելու համար 4 տարի անց էր կացրել բանտում, 4 տարիներն էլ հաշվի չեն առել ու միանգամից 15 տարի են դատել: Այսինքն՝ տղաս պետք է 19 տարի ազատազրկվի, ցմահի հավասար բան է դա, իսկ երբ դատարանում նա քննիչ Շախկյանին ասել է, թե ինչու եք այսպիսի բան անում, նա ասել է, թե «լավ եմ անում, բա ձեր ղարաբաղցին ո՞նց է սենց բաներ անում»: Բոլորը նրա ձեռքի գործն է»,-ասաց տիկին Կարինեն:
Ըստ նրա` այսպիսի անելանելի վիճակում հայտնվելով՝ Մարատը հացադուլ է հայտարարել, սակայն 8 օր անց սիրտը վատացել է, ու ժամանակավոր դադարեցրել է հացադուլը. «Տղաս ասում  է՝ ավելի լավ է մի պարան գտնեմ կախվեմ, քան 19 տարի մնամ էստեղ: Խնդրում եմ՝ օգնե՛ք մեզ՝ այս շառը տղայիս վրայից հանենք»: Ընտանիքի անդամները դիմել են ՀՀ վճռաբեկ դատարան եւ սպասում են սույն գործով դատարանի որոշմանը: Նրանք մտադիր են պայքարել մինչեւ վերջ:
Ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեցինք նաեւ Մեղրիի քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանի հետ, սակայն վերջինս երկար մտածեց ու ասաց. «Գուցե թյուրիմացություն է: Ես նման անուն-ազգանունով հարազատ չունեմ»:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս