ԿԴԱՌՆԱՐ 81 ՏԱՐԵԿԱՆ
Ապրիլի 17-ին կլրանար 1999թ. հոկտեմբերի 27-ին սպանված ԱԺ նախկին նախագահ, պետական գործիչ, Հայաստանի ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի 81-ամյակը: Պետական գործչի մերձավորները եւ համախոհներն իրենց հարգանքի տուրքը կմատուցեն Կոմիտասի անվան պանթեոնում ապրիլի 17-ին՝ ժամը 13:00-ին:
ՆԱՂԴԱԼՅԱՆՆ ՈՒ ԹԵՏՉԵՐԸ
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թետչերի հուղարկավորության արարողությանը Հայաստանը կներկայացնի ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Թետչերի հուղարկավորությունը տեղի կունենա ապրիլի 17-ին Սբ. Պողոսի տաճարում:
ՆՈՐԻՑ Է ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ
Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործով կալանավորված նույն գյուղի բնակիչ Արայիկ Պետրոսյանի եղբայրը` Արտակ Պետրոսյանը, երեկ՝ երեկոյան, ձերբակալվել է խուլիգանության կասկածանքով: «Այս ձերբակալությունն առնչություն չունի գյուղապետի սպանության գործի հետ»,-երեկ «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է Արայիկ Պետրոսյանի փաստաբան Գիվի Հովհաննիսյանը:
ԱՀԱ ԱՅՍՊԻՍԻ ՊԱՅՄԱՆՆԵՐ
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն կանանց բաժանմունք չունի: «Աբովյան» ՔԿՀ-ում, որտեղ իրենց պատիժն են կրում կանայք եւ անչափահասներ, առողջական խնդիրներ ունենալու դեպքում կալանավորներին տեղափոխում են քաղաքացիական հիվանդանոց: Իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքով՝ «Աբովյան» ՔԿՀ-ն անգամ գինեկոլոգիական բաժանմունք չունի, իսկ սա նորմալ չէ, քանի որ այդ հիմնարկում կանայք են պահվում։
ԾԱՌԱՏՈՒՆԿ
ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը երեկ մասնակցել է ՀՀ ԱԳՆ-ի, Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի, «Արմենիա թրի փրոջեքթ» բարեգործական հիմնադրամի կողմից Երեւանի Ավան համայնքում կազմակերպված ծառատունկին: Հայաստանում հավատարմագրված դեսպանները, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները եւ ԱԳՆ աշխատակիցները շուրջ 350 ծառ են տնկել:
ՀՈՎՈՆ ՆՈՐԻՑ ՀԱՅՐԱՑԱՎ
Դերասան եւ շոումեն Հովհաննես Ազոյանը կրկին հայր է դարձել: Ինչպես տեղեկացանք նրա ֆեյսբուքյան էջից՝ դերասանի կինը` Մերի Ազոյանը, նրան երկրորդ դուստրն է պարգեւել՝ անունը Վիկտորյա: Հիշեցնենք, որ զույգի առաջին աղջիկը ծնվել է հինգ տարի առաջ: