Հովիկ Աբրահամյանը  և Հասմիկ Պողոսյանը նախագահական և կառավարական պարգևներ հանձնեցին աճեմյանցիներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 29-ին Գյումրին հայացքով, մտքով ու սրտով իր թատրոնի հետ էր. ողջ Հայաստանը շնորհավորում էր մեր եւ ձեր թատրոնի հիմնադրման 150-ամյակը: Տոնական հանդսիությունը մեկնարկեց Մհեր Մկրտչյանի անվան փոքր բեմի բացումով. կարմիր ժապավենը կտրեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Գյումրուն եւ գյումրեցուն շնորհավորելու էին եկել նաեւ ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, բարձրաստիճան հյուրեր, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, թատերական աշխարհի մարդիկ, արվեստագետներ, արվեստասերներ:

Ճեմասրահում թատրոնն էր՝ ժամանակի ափի մեջ. համանուն  խորագրով լուսանկարների եւ ներկայացումների մանրակերտերի ցուցահանդեսը պատմում էր  150-ամյա թատրոնի դիտարժան ներկայացումների  ու մեծանուն արտիստների մասին:

Իսկ դահլիճում արդեն հոբելյանական «Դատավարություն» էր. քննվում էր «Անհայտներն ընդդեմ թատրոնի» քաղաքացիական հայցը, վկաների դերում՝ հայ բեմի մեծանուն արտիստներն էին ու  բոլոր նրանք, ովքեր իրենց մասնագիտական կենսագրությամբ ու ստեղծագործական աշխատանքով կապված են Գյումրու դրամատիկականին: Հոբելյանական երեկոյի ընթացքում Աճեմյանի անվան թատրոնի արտիստների հետ մեկ բեմում էին Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախումբը, Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումը, «Բամբիռ» ֆոլկ- ռոք խումբն ու Վանաձորի «Հորովել»  երգի-պարի անսամբլը:  Որպես «գործին կցված ծավալուն վկայություն» ներկաները դիտեցին նաեւ  «Դար ու կես եւ 60 րոպե» փաստավավերագրական ֆիլմից մեկ հատված: Թատերական դատարանը վճիռ կայացրեց հօգուտ թատրոնի՝ պարտադրելով նրան շարունակել իր ընթացքը դեպի գալիք դարեր:

Դեպի գալիք դարեր աճեմյանցիներն այսուհետ կքայլեն նոր կոչումնեով ու պարգեւներով. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի հիմնադրման 150-ամյակի կապակցությամբ եւ թատերական բնագավառում ունեցած մեծ վաստակի համար թատրոնի դերասան Խաչիկ Բադալյանին եւ դերասանուհի Անահիտ Քոչարյանին շնորհվեց ՀՀ ժողովրդական արտիստի կոչում, ռեժիսոր, դերասան Ռաֆայել Գրիգորյանին շնորհվեց ՀՀ  արվեստի վաստակավոր գործչի, դերասաններ Ռաֆիկ Խառատյանին ու Տիգրան Գաբոյանին՝ ՀՀ վաստակավոր արտիստի կոչում:

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ վարչապետի հուշամեդալով պարգեւատրվեցին թատրոնի դերասան Սամվել Առաքելյանն ու տնօրեն Գեւորգ Խաչատրյանը:

-Մեկուկեսդարյա հոբելյանը թատրոնի ե՛ւ հպարտությունն է, ե՛ւ ուրախությունը, ե՛ւ նրա հասունության ապացույցը: Կարիք չկա հաստատելու, որ գյումրեցին ծնվում է կամ գիրքը ձեռքին, կամ վրձինը, կամ գրիչը, կամ կտավը: Տերը ճակատագրով ձեզ վրա է դրել այդ պարտականությունը: Թատրոնի հիմանդրումը ուրիշ իմաստ եւ նշանակություն է տվել քաղաքին: Եւ լինենք համարձակ ասելու, որ նույնիսկ Երեւանի առաջին պետական թատրոնը՝ մայր թատրոնը, հիմնադրվել է նաեւ ձեր թատրոնի հենքի վրա: Գյումրեցի արվեստագետը մեծ է, ինչպես իրեն ծնող հողը՝ անզուգական Գյումրին,- իր խոսքում նշեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Պարգեւներ ու պատվոգրեր հանձնեց նաեւ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Մշակույթի նախարարության ոսկե մեդալով պարգեւատրվեցին թատրոնի դերասաններ Սուսաննա Բաղդասարյանն, Վարագ Գեւորգյանն ու Հասմիկ Վիրաբյանը: Գրիգոր Նարեկացի հուշամեդալով պարգեւատրվեցին դերասան Հովհաննես Հովհաննիսյանն ու թատերախմբի ղեկավար Ալիկ Բալոյանը: Մշակույթի նախարարի պատվոգրեր ստացան թատրոնի մի խումբ աշխատակիցներ, շնորհավորանքներ, պարգեւներ ու պատվոգրեր հանձնեցին նաեւ Շիրակի մարզպետն ու Գյումրու քաղաքապետը:

Աճեմյանական թատրոնին ողջունեցին նաեւ հանրապետության մյուս թատրոնները, դահլիճը մայրական ջերմությամբ, հոտնկայս ու չընդհատվող ծափահարություններով ճանապարհեց դրամատիկականի արտիստական կազմին՝ եւս մեկ անգամ ապացուցելով՝ դահլիճի ու բեմի առավել ամուր կապ, քան այս թատրոնում՝ դժվար է գտնել:




Լրահոս