Ո՞Վ Է ԱՐՏԵՄ ԱՍԱՏՐՅԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս անուն-ազգանունը կարող է շատերին անծանոթ թվալ՝ չնայած այն բանին, որ սոցիալական ապահովության նախարարին երկրում, չգրված օրենքով, գրեթե բոլորն են ճանաչում: Բայց ահա ՀՀԿ-ական այս նախարարի մասին գրեթե լռում են, որովհետեւ 1 տարի առաջ նշանակվելով նախարարի պաշտոնում՝ նա այդպես էլ որեւէ նշանակալից նախաձեռնությամբ աչքի չի ընկել:
Արտեմ Ասատրյանը երեւանցի է, 41 տարեկան: 1994-ին ավարտել է ժողինստիտուտի էկոնոմիկայի պետական կառավարման ֆակուլտետը, 1997-ին էլ՝ ՀՀ կառավարման դպրոցի «Պետական կառավարում եւ տեղական ինքնակառավարում» դասընթացը, ստացել պետական ծառայողի որակավորում: 2000թ. ավարտել է նաեւ ՀՀ կառավարման դպրոցի ասպիրանտուրան, ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան: Աշխատանքային գործունեությունը սկսել է 1998թ. որպես ՀՀ կենսաթոշակային եւ զբաղվածության հիմնադրամի կենսաթոշակային ապահովագրության վարչության նպաստների բաժնի պետ: 1998-2006թթ. եղել է սոցապ նախարարության կենսաթոշակային ապահովության վարչության պետ, 2006-2007թթ.՝ «Աշխատանքի եւ սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն: 2007-2011թթ. աշխատել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ, իսկ 2011թ. ՀՀ վարչապետի փետրվարի 9-ի որոշմամբ համատեղությամբ նշանակվել է նաեւ ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար այն բանից հետո, երբ ծառայությունում սկիզբ առան աղմկալից բացահայտումները, ու Վազգեն Խաչիկյանը հայտնվեց բոլորի ուշադրության կենտրոնում: Մինչեւ այսօր առեղծված է մնում, թե ինչպես է պատահել, որ Խաչիկյանի անմիջական գործընկերը, կենսաթոշակների գլխավոր պատասխանատուներից մեկը զերծ է մնացել այն ամենից, ինչ տեղի է ունեցել այդ համակարգում…
Ավելացնենք, որ նախարար Ասատրյանը շատ լավ է արտահայտվում Խաչիկյանի մասին, բարձր գնահատում նրա մարդկային արժանիքները, բայց ահա պաշտոնական գործունեության մեջ ի հայտ եկած ահռելի չափերի հասնող յուրացումների եւ փոշիացումների մասին լռում է կամ էլ ամեն ինչ վերագրում «հետադարձ կապի մեխանիզմի» բացակայությանը: Թե դա ինչ հետադարձ կապ է, եւ ինչու է մեխանիզմը բացակայել, հաստատ ինքը պիտի գիտենա, որովհետեւ այդ կարեւորագույն ոլորտն ինքն է կառավարել, ինքն էլ պիտի մշակեր հետադարձ կապի մեխանիզմները: Նշանակում է՝ չի մշակել…
Ինչեւէ, 2011թ. ՀՀ վարչապետի մարտի 25-ի որոշմամբ Ասատրյանը նշանակվել է ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայության պետ, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ, 2012թ. հունիսի 16-ից՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար:
Ի տարբերություն շատ պաշտոնյաների՝ Ասատրյանը 1994-1995թթ. ծառայել է ազգային բանակում: Ուշագրավ մի հանգամանք. իր պաշտոնավարման ողջ ընթացքում սովորել է, ստացել տարբեր դասընթացների հավաստագրեր՝ թվով մոտ մեկ տասնյակ.  1999թ.՝ Իսրայելում, 1999թ.՝ Ավստրիայում, 2000թ.՝ ԱՄՆ-ում, 2002թ.՝ Լեհաստանում, 2005թ.՝ Բուլղարիայում, 2005թ.՝ Շվեդիայում եւ այլն: Մասնագիտական այս եւ մյուս վերապատրաստումների համար, բնականաբար, վճարել է պետությունը, բայց մեզ մեկ այլ հարց է հետաքրքրում. եթե մարդն այսքան դասընթացների է մասնակցել, ե՞րբ է հասցրել աշխատել:
Նշենք, որ նախարարի պաշտոնում նշանակվելով՝ Ասատրյանն աշխատանքից ազատեց բժշկասոցիալական փորձաքննության գործակալության հանձնաժողովների բոլոր 6 նախագահներին: «Ազատումները կապված են աշխատողների՝ իրենց գործառույթները ոչ պատշաճ կատարելու հետ»,-պարզաբանել էր նախարարը: Նա աշխատանքից ազատել էր նաեւ ամենագլխավոր հանձնաժողովի նախագահ Միշա Վանյանին, որը համարվում էր այս նախարարության ամենահայտնի «կոռուպցիոները»: Սակայն զարմանալին այն է, որ փոխնախարար եղած ժամանակ Ասատրյանը երբեք չէր բարձրաձայնել վարչապետի ապօրինությունների մասին, որոնք հետագայում արձանագրվեցին նախագահի վերահսկողական ծառայության կողմից:
Հիշատակենք այդ արձանագրությունից միայն մի փաստ. «Բժշկասոցիալական փորձաքննության գործառույթներում առկա են կոռուպցիոն ռիսկեր, որոնք կրում են համատարած բնույթ, ընդ որում՝ ռիսկերը հավասարապես առկա են ինչպես բուժհաստատություններում, որտեղ 0-88 ձեւը տրամադրելուց պահանջում են 5.000-20.000 դրամ, այնպես էլ ԲՍՓՀ-ներում, որտեղ պահանջվող ապօրինի գումարի չափը կազմում է 15.000-35.000 դրամ, իսկ հաշմանդամության ակնհայտ բացակայության դեպքերում ԲՍՓՀ դրական որոշման համար՝ 150.000-200.000»:
Իհարկե, նախարարը չէր կարող զբաղվել մարզային եւ քաղաքային սոցիալական ծառայություններով, քանի որ դրանք հիմնականում գտնվում են ՏԻՄ կառավարման ներքո, բայց ահա նա շարունակեց «մաքրման աշխատանքները», որոնց հետեւանքով կենսաթոշակային ծառայությունների համակարգում նոր բացահայտումներ եղան, անգամ կալանավորվեց հայտնի հեռուստալրագրող Նվեր Մնացականյանի եղբայրը, որը երկար տարիներ անձեռնմխելի էր համարվում:
Ա. Ասատրյանը, ի տարբերություն իր նախորդի, խիստ «բարեկամասեր» է եւ  նախարարությունում պաշտոններ է տվել իր մի շարք հարազատներին՝ այսպես առավել ապահով դարձնելով իր պաշտոնավարումը: Ուսումնասիրելով Ա. Ասատրյանի գույքի եւ եկամուտների 2011թ. հայտարարագիրը՝ տեսնում ենք, որ նա եւ կինը եկամուտներ են ստացել բացառապես աշխատավարձից: Նշանակում է՝ Ասատրյանին կարելի է դասել աղքատ պաշտոնյաների շարքին, քանի որ նրա ստացած աշխատավարձը հազիվ պիտի բավարարեր չնչին կարիքները: Սակայն նայելով հենց միայն նախարարի փոփոխվող թանկարժեք կոստյումներին՝ դժվար է հավատալ հայտարարագրին:
Այս օրերին Ա. Ասատրյանը եւս տագնապի մեջ է. կառավարության հրաժարականից հետո նա նույնպես սպասում է, թե ինչ որոշում կկայացվի, արդյոք ինքը կշարունակի պաշտոնավարել: Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ նրան ամեն կերպ սատարում են կուսակիցները՝ ջանքեր գործադրելով, որպեսզի նա մնա իր պաշտոնում: Սակայն կան նաեւ «չուզողներ», որոնք կամենում են, որ Ասատրյանը հեռանա՝ համարելով, որ նա արդեն լիուլի ստացել է իր բաժինը իշխանական կերակրատաշտից:

ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս