«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ ՀԱՆԳԻ՛ՍՏ ԹՈՂԵՔ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փիառի զարգացման հայկական կենտրոն»-ը մի նախագծով է հանդես եկել, որով առաջարկում է Հանրապետության  հրապարակում տեղադրել ազգերի «տոհմածառ», որի համաձայն` աշխարհի  բոլոր ազգերը  սերում են Հայաստանից եւ հայերից: Դեռեւս 2004թ. հայտարարվել էր մրցույթ, որի նպատակն էր լուծումներ գտնել Լենինի արձանի տեղում առաջացած բաց տարածության համար: Սակայն որեւէ նախագիծ չհաղթեց: Կենտրոնը հանդես էր եկել այս մասին հայտարարությամբ:

ՀԱՐՑ. Ձեր կարծիքով՝ ի՞նչ կարելի է տեղադրել Լենինի արձանի տեղում:

ՊԱՏԱՍԽԱՆ.
Չգիտեմ՝ ինչ տոհմածառերի մասին է խոսքը, բայց ինչ վերաբերում է Երեւան քաղաքին, ապա դա շատ կարեւորագույն հարց է, եւ այն, ինչ պետք է տեղադրվի, այնքան մեծ գեղագիտական ճաշակ ու ճարտարապետական տրամաբանություն պետք է ունենա, որ որոշվի մայրաքաղաքի կենտրոնում տեղադրել: Իսկ թե ինչ կարելի է տեղադրել այնտեղ,  մեկ րոպեում որոշելու բան չէ, երեւի թե հայեցի, հային վայել բան պետք է լինի, իսկ թե ինչ, այս պահին չեմ կարող ասել: Իսկ այս նախաձեռնության հետ կապված էլ կարող եմ ասել, որ երեւի թե մենք էլ քննարկենք այդ հարցը:

ԿԱՐԻՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
ԱԺ գիտության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

 
ՊԱՏԱՍԽԱՆ. Իմ առաջին պատասխանը սա է. ա՛յ մարդ, այդ Հանրապետության հրապարակը հանգի՛ստ թողեք, էլի՛, քանի որ սա Երեւանում այն ակտուալ հարցը չէ, որ ճակատագրական է: Երեւանը՝ որպես միջավայր, շատ դարդ ու ցավ ունի, որովհետեւ առաջինը մենք պետք է միջավայրը առողջացնենք, հետո նոր հերթը կհասնի այս հուշարձանին: Քաղաքը նախ պետք է հարմոնիկ զարգացում ունենա, ինչը մենք չունենք ու դրել տոհմածառի մասին ենք խոսում: Նուբարաշենից եմ գալիս, ահավոր վիճակ է այնտեղ, ու կրկնում եմ՝ դրել հրապարակի մասին ենք խոսում, մեր ժողովրդին այդ ամենից ի՞նչ օգուտ:

ԼԵՎՈՆ ԻԳԻԹՅԱՆ
ճարտարապետ
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ




Լրահոս