Ի՞նչ «խաղ է խաղում» Վլադիմիր Պուտինը. Հայաստանը պատերազմի թատերաբե՞մ. «168 ժամ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ ողջ օրվա ընթացքում ռուսական էլեկտրոնային տեղեկատվական տիրույթում շրջանառվում էր մի տեղեկություն, ըստ որի` Կրեմլ ներկայացված ՌԴ պաշտպանության նախարարության զեկույցի համաձայն` Վլադիմիր Պուտինը հրաման է արձակել՝ հայ-թուրքական սահմանի երկայնքով մարտական պատրաստականության բերել Հյուսիս-Կովկասյան տարածաշրջանի «էլիտար» գնդերն ու բրիգադները, զենիթային եւ ռեակտիվ գործողության համակարգերը, հակահրետանային համալիրներն եւ մոտոհրաձգային ու հետեւակային զորքերը, որոնց ընդհանուր թվաքանակը կազմում է 7000 զինվոր:

Այս տեղեկատվությունը երեկ պաշտոնական հաստատում չստացավ, չնայած, կրկնում ենք, ակտիվորեն շրջանառվում ու տարածվում էր ռուսական բազմաթիվ լրատվամիջոցների կողմից:

168.am-ի աղբյուրների համաձայն՝ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն էլ նախօրեին կարճատեւ՝ մի քանի ժամյա այցով գտնվել է Հայաստանում, ենթադրաբար՝ Գյումրիի ռուսական ռազմակայանում: Թե ինչ նպատակով, հայտնի չէ: Ակնհայտ է, սակայն, որ այս երկու տեղեկությունները կապված են իրար հետ, եւ մեկը լրացնում է մյուսին:

Եթե իսկապես Պուտինը նման հրահանգ է իջեցրել, ապա ակնհայտ է, որ ՌԴ պաշտպանության նախարարը պետք է այցելեր Գյումրի՝ տեղում այդ հրահանգն «իրացնելու համար»: Կամ, եթե Շոյգուն ժամանել է Հայաստան, ապա, վստահաբար՝ ինչ-որ հույժ կարեւոր առաքելությամբ: Եվ ուրեմն, եթե այս տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, ապա դա նշանակում է, որ այս օրերին Ռուսաստանը զբաղված է Հայաստանը պատերազմի «պլացդարմի» վերածելու նախապատրաստական աշխատանքներով:

Դրա համար Ռուսաստանը, իհարկե, իրավական հիմնավորումներ ունի, նման «զորաշարժերը» կարգավորվում են համապատասխան պայմանագրերով, եւ Հայաստանն, ըստ էության, ոչինչ անել չի կարող դրա դեմ: Սա այն է, ինչի մասին տարիներ շարունակ ահազանգում էին «մի քանի տասնյակ մարգինալները», սա սեփական երկրում օտարերկրյա զինված ուժեր ունենալու գինն է, որը նշանակում է, որ ցանկացած ժամանակ Հայաստանն ակամա կարող է դառնալ պատերազմի թատերաբեմ:

Ընդ որում, իրավիճակի նրբությունն այն է, որ ռուսական այդ գործողությունները նախապատրաստվում են Թուրքիայի հետ հնարավոր առճակատման համար, իսկ Թուրքիան մեր «դարավոր թշնամին» է: Այսինքն՝ Աստված մի արասցե, ռուս-թուրքական ռազմական առճակատման դեպքում ռուսական զինուժի գործողությունները հանրային աջակցություն կստանան Հայաստանում, քանի որ դրանք ուղղված են լինելու մեր դարավոր թշնամու դեմ:

Այլ հարց է, որ կախված այդ հնարավոր ռազմական գործողությունների մասշտաբներից՝ Հայաստանում, ինչպես ասում են, կարող է «քարը քարին չմնալ»: Դեռեւս 2000-ականների սկզբին ՌԴ Պետդումայի խոսնակ Գրիզլովը հայտարարել էր, որ Հայաստանը Ռուսաստանի ֆորպոստն է տարածաշրջանում:

Համաշխարհային ու տարածաշրջանային զարգացումները հասցրել են նրան, որ Ռուսաստանն այսօր կարող է «ֆորպոստն» օգտագործել՝ ըստ նշանակության: Թե ինչ կմնա դրանից հետո Հայաստանում, Ռուսաստանին, բնականաբար, քիչ է հետաքրքրում կամ չի հետաքրքրում ընդհանրապես: Որովհետեւ ֆորպոստը ոչ թե պետություն է, այլ տարածք, որտեղից հարվածներ են հասցնում թշնամուն եւ որտեղից նահանջում են, եթե հնարավոր չի լինում դիմակայել թշնամու հարձակումներին: Հայաստանը ժամ առ ժամ հայտնվում է այդպիսի տարածք դառնալու տխուր հեռանկարի առջեւ: Աստված մեզ օգնական»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս