ՆԱԶԻԿԸ 105 ԿԳ ԿՔԱՆԻՍՏ Է ԿԱՏԱՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում մեր երկիրը ներկայացրին 77 կգ քաշային էջմիածինցի Անդրանիկ Կարապետյանը եւ գերծանրքաշային գյումրեցիներ Գոռ Մինասյանը եւ Հայկ Հակոբյանը:
Ա. Կարապետյանը երկամարտում գրանցեց 346 կգ (160+186) արդյունք եւ զբաղեցրեց չորրորդ տեղը` պոկում վարժությունում նվաճելով արծաթե մեդալ:
Առաջնության վերջին օրը պոկում վարժությունում ե՛ւ Գոռ Մինասյանը, ե՛ւ Հայկ Հակոբյանը գրանցեցին 185 կգ արդյունք: Հրում վարժությունում Հայկը չկարողացավ հաղթահարել 210 կգ-ի արգելքը՝ ստանալով զրո, իսկ Գոռը հրեց 215 կգ եւ երկամարտի 400 կգ արդյունքով զբաղեցրեց 7-րդ տեղը: Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճեց ռուս Ռուսլան Ալբեգովը, որը երկամարտում գրանցեց 442 կգ (195+247) արդյունք: Ի դեպ, Ռուսաստանը ներկայացնող Դավիթ Բեջանյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն մինչեւ 105 կգ քաշային կարգում:
Իսկ ահա աշխարհի ծանրամարտի պատանիների եւ աղջիկների առաջնությունում +94 քաշային կարգում հանդես եկող Սիմոն Մարտիրոսյանը, երկամարտում արձանագրելով 365 կգ արդյունք, գրավեց առաջին տեղը: Նա պոկում վարժությունում բարձրացրեց 165 կգ՝ նվաճելով փոքր արծաթ, իսկ հրում վարժությունում 200 կգ-ով արժանացավ փոքր ոսկու:
Մեր ծանրամարտիկների ելույթների մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը:
-Այնպես չէ, որ միայն երկրպագուներն են ուզում, որպեսզի մարզիկները լավ հանդես գան, իսկ նրանց ձախողման դեպքում հիասթափվում են, սկսում քննադատել: Առաջին հերթին հենց մարզիկներն են ցանկանում լավ հանդես գալ: Եվ մեր Անդրանիկ Կարապետյանը հրաշալի ելույթ ունեցավ, նա դեռ պատանի է, ու Եվրոպայի մեծահասակների առաջնությունում նման արդյունք ցույց տալը շատ հուսադրող է: Կարծում եմ` ինքը դեռ շատ հաջողություններ կունենա. ուժեղ մարզիկ է:
-Մանավանդ, եթե նկատի ունենանք, որ 77 կգ քաշային կարգում ուժեղ ծանրամարտիկներ ունենք, եւ նրանց մրցակցությունում ուժեղագույնը կարող է մեդալի ակնկալիք ունենալ աշխարհի առաջնությունում, ինչու չէ, օլիմպիական խաղերում:
-Իհարկե: Մենք սովոր ենք Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում մեդալներ նվաճելուն, բայց կամաց-կամաց սերնդափոխություն է տեղի ունենում, եւ պատանիները միանգամից չեն կարող լավ արդյունքներ ցույց տալ նման կարգի ստուգատեսներում. դրա համար ժամանակ, փորձ է պետք: Եվ նրանց արդյունքները գնալով կբարելավվեն: Այնպես որ, թող Գոռն ու Հայկը չհիասթափվեն. ամեն ինչ դեռ առջեւում է: Ինչ վերաբերվում է Սիմոն Մարտիրոսյանին, ապա շնորհավորում եմ նրան հաղթանակի առթիվ ու համոզված եմ, որ նա հաջողություններ կարող է ունենալ նաեւ մեծահասակների մրցաշարերում:
Նազիկ Ավդալյանից տեղեկացանք նաեւ, որ կարոտել է ծանրաձողին, վերջերս չի դիմացել, մարզադահլիճում 105 կգ կքանիստ է կատարել, ու սարսափելի ոչինչ չի պատահել: Բայց բժիշկները, որոնց հսկողության տակ է գտնվում մարզուհին, մեղմ ասած, չեն ողջունել նրա այդ քայլը, քանի որ վնասվածք ունի: Շատ այլ ծրագրեր էլ ունի, սակայն այս պահին չցանկացավ խոսել դրանց մասին:

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս