13-ԱՄՅԱ ԱՂՋՆԱԿԻ ԲՌՆԱԲԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Իջեւանի նստավայրում ընթանում է Նոյեմբերյան քաղաքից սերված, Կողբ գյուղում ժամանակավորապես բնակվող, 1988թ. ծնված Անուշավան Մաճկալյանի դատավարությունը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. օգոստոսի 30-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, Տավուշի մարզի Բերդավան գյուղի «Միստրեստ» հանդամասում, օգտագործելով Բերդավանի բնակչուհի, 1999թ. ծնված աղջկա անօգնական վիճակը, նրա կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել վերջինիս հետ: Մաճկալյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 3-րդ մասով (անչափահասի նկատմամբ բռնաբարությունը): Նրան այդ հոդվածով սպառնում է 8-15 տարվա ազատազրկում: Մաճկալյանը նախկինում դատվել է ՀՀ քր. օր.-ի 359-րդ հոդվածի 1-ին մասով (զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում), նրա դատվածությունը մարված չէ: Մաճկալյանն ամուսնացած է, ունի անչափահաս երկու երեխա՝ երկու եւ մեկ տարեկան: Սույն դատավարությունն ընթանում է դռնփակ ռեժիմով:  Ապրիլի 12-ին այս գործով դատական հերթական նիստը չի կայացել ամբաստանյալի պաշտպան Անահիտ Ալոյանի՝ դատարան չներկայանալու պատճառով: Հաջորդ դատական նիստին՝ ապրիլի 22-ին, դատարանում կհարցաքննվի այս գործով դատաբժշկական փորձաքննության եզրակացություն տված դատաբժիշկը: Նշենք, որ ամբաստանյալն  անչափահասի բռնաբարության համար իրեն մեղավոր չի համարում:




Լրահոս