Հայ անվանի կոմպոզիտոր, դիրիժոր Արամ Խաչատրյանի եւ 20-րդ դարի երկրորդ կեսի լատվիական քանդակագործության ամենավառ ներկայացուցիչներից մեկի` Իգոր Վասիլևի ուղիները նոյեմբերի 30-ին «հատվեցին» մաեստրոյի տուն-թանգարանում: Հայտնի է, որ Վասիլեւը շատ էր սիրում կերտել վառ անհատականությունների, հատկապես` երաժիշտների: Պարզվում է` նրանց թվում եղել է նաեւ Խաչատրյանը: Լատվիացի լրագրող Իլոնա Յախիմովիչը, ով «Քանդակագործ Իգոր Վասիլև: Մեծ սիրտը» գրքի հեղինակներից մեկն է, թանգարանում տեղի ունեցած շնորհանդես-երեկոյի ընթացքում նշեց, որ ամենայն հավանականությամբ, Վասիլեւն անձամ ծանոթ չի եղել կոմպոզիտորի հետ, սակայն առիթ է ունեցել տեսնելու եւ հիանալու նրանով.
«Արամ Խաչատրյանն ինչ-որ ժամանակահատվածում եկել, աշխատել է Լատվիայում` Ռիգայում, զբաղվել է դիրիժորությամբ: Վասիլեւը նրան տեսել է թատրոնում եւ այդ տպավորությունների ներքո հետագայում երկու դիմաքանդակ է ստեղծել»,-ասաց նա:
Թե այժմ որտեղ են գտնվում այդ քանդակները, ցավոք, հայտնի չէ: Իլոնա Յախիմովիչը Վասիլեւի հետ նրա կենդանության օրոք ծանոթ չի եղել,սակայն քանդակագործի մահվանից հետո ծանոթացել է նրա գործունեությանը, եղել նրա արվեստանոցում: Յախիմովիչը նշեց, որ Խաչատրյանից որեւէ դիմաքանդակ ինքն այնտեղ չի տեսել, սակայն հետազոտելով արխիվները, հին սովետական կատալոգում գտել է այդ դիմաքանդակներից մեկը (1978թ.), սքանավորել է եւ իր հետ բերել Հայաստան` այստեղ ցուցադրելու համար:
«Քանդակագործ Իգոր Վասիլև: Մեծ սիրտը» գրքի շնորհանդեսն, առհասարակ, լավ առիթ էր ծանոթանալու արվեստագետի կյանքին եւ գործունեությանը: Ի դեպ, Վասիլեւն այս տարի կդառնար 75 տարեկան: Գրքում ներկայացված է ոչ միայն քանդակագործի կյանքը, այլեւ` ընտանեկան արխիվի եզակի լուսանկարներ, ինչպես նաև՝ այն ստեղծագործությունների լուսանկարները, որոնք պահպանվում են նրա՝ Ռիգայում գտնվող արվեստանոցում:
Նշենք, որ Իգոր Վասիլեւի քանդակները հայտնի են ամբողջ աշխարհում, նրա աշխատանքները գտնվում են Տրետյակովյան պատկերասրահի հավաքածուներում, Լատվիայի գեղարվեստի ազգային թանգարանում, Ռիգայի բշկության պատմության թանգարանում, ինչպես նաև՝ մասնավոր հավաքածուներում: Վասիլևի քանդակները զարդարում են Ռիգայի բազմաթիվ հասարակական վայրեր:
Ի դեպ, երեկոյի ընթացքում ցուցադրվեց նաեւ ռեժիսոր Գերց Ֆրանկի «Զարթոնք» վավերագրական ֆիլմը, որն արտացոլում էր արվեստագետի արարման ընթացքը:
Հանդիսատեսին մատուցվեց նաեւ փոքրիկ համերգային ծրագիր, որի շրջանակում ելույթ ունեցան երիտասարդ երաժիշտներ: