Երբ ամիսներ առաջ զրուցում էինք դուդուկահար ԳԵՎՈՐԳ ԴԱԲԱՂՅԱՆԻ հետ, նա մեզ տեղեկացրեց, որ առաջիկայում պատրաստվում է դուդուկի մասնագիտացված դպրոց հիմնել իր ծննդավայրում` Գավառում: Այսօր արդեն այդ դպրոցը գործում է, առայժմ N1 երաժշտական դպրոցում, սակայն առաջիկայում այն կունենա իր սեփական շենքը, որտեղ այս պահին վերանորոգման աշխատանքներ են տարվում: Դպրոցն արդեն ունի 20 աշակերտ: Պարոն Դաբաղյանի խոսքով՝ իրենք ուզում են, որ տվյալ դպրոցն ավարտողները կարողանան ընդունվել Կոնսերվատորիա, դրա համար էլ կա որոշակի տարիքային սահմանափակում` մինչեւ 17-18 տարեկան: Կարելի է ասել` Գավառում գործող դուդուկի մասնագիտացված դպրոցն անվճար է, քանի որ ամսական վարձավճարը սիմվոլիկ` 1000 կամ 2000 դրամ է: Ժամանակի ընթացքում դա էլ դուրս գա:
-Ինչո՞ւ նաեւ Երեւանում չբացեցիք դուդուկի դպրոց, այստեղ չկա՞ դրա կարիքը:
-Մենք քայլեր ենք տանում այդ ուղղությամբ, վերջերս հանդիպեցի նաեւ մշակույթի նախարարի հետ, եւ մտածում ենք Երեւանում դպրոց հիմնելու կարեւորության մասին: Իսկ Գավառում դպրոց բացելը հենց իրենց քաղաքապետի նախաձեռնությամբ է եղել, ուղղակի ես՝ որպես գործող դուդուկահար, հայ մարդ եւ գավառցի, պարտավոր եմ օգնել մեր երեխաներին:
-Տարածված կարծիք կա, որ դուդուկը հայերի կատարմամբ ինքնատիպ է հնչում: Դուք ի՞նչ կասեք:
-Դա ապացուցված երեւույթ է, իմաստ չունի քննարկել: Հայի կատարմամբ դուդուկի ձայնը շատ ինքնատիպ է: Հայը կարողացել է իր ուրույն մտածողությամբ դպրոցը ստեղծել: Հիմա մենք անցել ենք հաջորդ քայլին. դուդուկը ներկայացնել մեծ ու լուրջ լսարաններում, որ դուդուկ դասավանդվի օտարերկրյա կոնսերվատորիաներում: Ի դեպ, իմ աշակերտներից շատերն են հիմա դասավանդում Հոլանդիայում, Ֆրանսիայում, Իտալիայում: Ես էլ եմ հաճախ տարբեր երկրներում վարպետության դասեր տալիս:
-Երբ ընտրում էիք Ձեր մասնագիտությունը, մտածո՞ւմ էիք, որ տարիներ հետո դուդուկն այսպիսի ճանաչում կունենա:
-Չէի էլ պատկերացնում, այն ինձ համար երազանք էր, որն իրականություն դարձավ հուրախություն մեզ բոլորիս ու մեր ժողովրդի: Այն, որ նախկինում դուդուկը մեծ ճանաչում չուներ, պատճառները հետեւյալն էին. Սովետական միությունն էր, սահմանափակ շփման հնարավորություններ էին: Դուդուկով կամ մեր ազգային այլ նվագարաններով երբ դուրս էինք մեկնում, մեր համերգները միայն մեր համայնքի շրջանակներում էին տեղի ունենում: Սովետմիությունից հետո լսարանը մեծացավ, շփման ձեւերը փոխվեցին:
-Օտարերկրացի պրոֆեսիոնալ երաժիշտների շրջանում կա՞ ցանկություն մեր հայկական ծիրանափողի հետ ծանոթանալու, նվագելու:
-Երբ ես դրսում վարպետության դասեր եմ անցկացնում, ինձ մոտ հիմնականում գալիս են պրոֆեսիոնալ երաժիշտներ:
-Դուք դասավանդում եք նաեւ Երեւանի պետական կոնսերվատորիայում, որքանո՞վ են մեր երիտասարդները հետաքրքրված դուդուկով:
-Դուդուկահարների բավական մեծ բանակ կա, որոնք շատ մեծ սիրով, ուրախությամբ գալիս ու սովորում են:
-Բայց Հայաստանում այդքան դուդուկահարի պահանջա՞րկ կա:
-Այսպես ասած, պետք է «զորացրել», որ մեր դուդուկահարները աշխատանք տանեն նաեւ տարբեր երկրներում: Մենք պետք է կարողանանք մեր երկրի մշակույթը ներկայացնել համայն աշխարհում, միայն Հայաստանում այդքան մեծ հնարավորություններ չկան շուկայի առումով:
Հետո էլ, հնարավոր չէ, որ բոլորը լինեն բարձր դասի դուդուկահարներ: Այն, որ դուդուկը հնչում է մեր կենցաղում` թե՛ ռեստորաններում, թե՛ սգո արարողությունների ժամանակ, նորմալ է, դա էլ է պետք: Պետք է լինեն նաեւ մարդիկ, որոնք նվագեն լուրջ օրկեստրների հետ, աշխատեն արտասահմանում, դասավանդեն, խոսքս տարբեր որակավորում ունեցող երաժիշտների մասին է:
-Դուք երբեւէ ռեստորանում աշխատե՞լ եք:
-Երբեւիցե չեմ աշխատել, բայց ռեստորանում աշխատողների մեջ կան տաղանդավոր երաժիշտներ, որոնք գործի բերումով հացի խնդիր լուծելու համար են աշխատում: Նորից եմ ասում՝ շատ հարգանքով եմ վերաբերվում տարբեր մակարդակներում հանդես եկող երաժիշտներին:
-Մի հանգամանք էլ կա, որ անընդհատ խոսվում է, իբրեւ թե դուդուկը ավելի շատ տխուր առիթների համար է:
-Դա շատ պրիմիտիվ բնորոշում է: Իրականությունը հետեւյալն է. դա մեր հոգու անկեղծ հնչյունն է: Դուդուկը ստիպում է անկեղծանալ, հուզվել, ազնվանալ: Եթե մարդիկ դա տխրություն են համարում, թող համարեն: Փիլիսոփայություն է դուդուկը, մեր հոգու ձայնն է, իսկ տխրություն է, թե ուրախություն՝ ամեն մեկը յուրովի է հասկանում: Հիմա մենք փորձում ենք դուդուկը ժամանակակից ձեւերով ներկայացնել:
ԴՈՒԴՈՒԿԸ ՍՏԻՊՈՒՄ Է ԱՆԿԵՂԾԱՆԱԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ